«Չմիավորման շարժումը»՝ նոր տեղաշարժերի հեռանկարով. «Ալիք» (Թեհրան)
Օօգոստոսի 30-31-ը Թեհրանում կայանալու է «Չմիավորված (Ոչ-հանձնառու) երկրների գագաթնաժողովը` ավելի քան 100 անդամ-պատվիրակությունների մասնակցությամբ: Մինչ այդ, ահա, երեկ ու այսօր կայացել են այսպես ասած` նախապատրաստական-փորձագիտական նիստերը, իսկ վաղն ու հաջորդող օրը կայանալու է կրկին երկօրյայ, անդամ երկրների արտգործնախարարների կամ համապատասխան գերատեսչությունների ժողովը:
Այս նախնական նիստերը քննարկելու, նախանշելու են գագաթնաժողովի հիմնական օրակարգերը` որոնք հստակ տեսքի գալով սույն ժողովում, ամրագրվելու են կազմակերպության 16-րդ համաժողովի բուն փաստաթուղթ-հռչակագրում:
Այսպիսով` առաջին հերթին հյուրընկալ կազմակերպիչ երկրի` Իրանի հաշվին քաղաքական, ինչու ոչ նաև քարոզչական վարկ ու հեղինակություն է գրանցվելու` պատկառելի համաժողովի թե՛ քանակական, թե՛ որակական-բովանդակային ակնկալվող ձեռքբերումներին ի տես:
ՄԱԿ-ից հետո` քանակով ու աշխարհագրա-քաղաքական ծավալով համաշխարհային երկրորդ կազմակերպություն համարվող «շարժումը» (այդպես է կոչվում «Չմիավորված» երկրների կազմակերպությունը, որը 2-րդ համաշխարհայինի արդյունքում ձևավորված աշխարհի երկբևեռ համակարգին (ԱՄՆ- Խորհրդային Միություն) իրեն հաշվետու և հանձնառու չհամարելով ու դեռ 1950-ականներին տեսականորեն ձևավորվելով` հիմնադրվեց 1961 թվականին ի դեմս Ներուի (Հնդկաստան), Տիտոյի (Հարավսլավիա) և Աբդուլ Նասերի (Եգիպտոս), որոնք ձգտում էին անկախ ու ինքնիշխան երկրների համախմբման: և թեպետ այսօր այլևս գոյություն չունի երկբևեռ համակարգը, բայցևայնպես` «շարժումը» հիմնադրման օրից իսկ որդեգրել է բազմաբևեռ աշխարհի ձևավորման-կայացմանը միտող քաղաքականություն, որն էլ դեռևս կիրառելի է համարվում այսպես ասած միաբևեռ ներկայիս աշխարհում:
Ինչպես վերում նշվեց, համաժողովը, հյուրընկալ երկրի` Իրանի համար քաղաքական ու քարոզչական մեծ նշանակություն է ունենալու, իսկ պարզ է` դա նույնինքն Իրանին քաղաքա-տնտեսական շրջափակման-պատժամիջոցների ենթարկած բլոկին` Ամն-ի գլխավորությամբ Արևմուտքին, ձեռք չի տալիս, ուստիև հակաքարոզչությունները դառնում են անխուսափելի…: Զորօրինակ` արևմտյան և առանձնապես իսրայելական հակաիրան քարոզչամեքենան «հիմնավորելով» թե` «բնավ հարմար վայր չէ Իրանը` նման գագաթնաժողովների համար», «հորդորում էր» համաժողովին ի պաշտոնե հրավիրված ՄԱԿ-ի գլխ. քարտուղար Բան Կի Մունին, որպեսզի նա հրաժարվի Թեհրանյան համաժողովին մասնակցելուց. կամ նույն լրատվացանցերը կանխատեսում էին, որ Եգիպտոսի նորընտիր նախագահ Մուրսին չի մասնակցելու ժողովին, մինչդեռ պարզվում է, որ Բան Կի Մունը Թեհրան չայցելելու ոչ մի հայտարարություն չի արել, իսկ Մուրսին էլ հանդիսանալու է առաջին նախագահը, որն 33 տարի անց (Իրանի Իսլ. հեղափոխությունից հետո) «բարեկամական Իրան» է այցելելու:
Շուրջ 120 երկրների ներկայացուցիչ-պատվիրակներից բացի (նրանցից մոտ 30-ը նախագահի մակարդակով)` լինելու են նաև «հատուկ հրավիրյալներ», որոնք թեպետ «շարժման» անդամ չեն, բայց որպես շրջանային դերակատար կամ անդրշրջանային ազդեցիկ երկրներ (Թուրքիա, Ռուսաստան), հրավիրվել են համաժողովին` դիտորդի կարգավիճակով: Ի դեպ, միևնույն կարգավիճակով, բայց նախագահի մակարդակով համաժողովին իր մասնակցությունն է բերելու Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը` ՀՀ նախագահի գլխավորությամբ:
Միմիայն այն հանգամանքը, որ Հնդկաստանի վարչապետը Թեհրան է այցելելու իր գլխավորությամբ 250-հոգանոց տնտեսական պատվիրակությամբ, խոսում է այն մասին, որ համաժողովին կից ձևակերպվելու են Իրանում առևտրա-տնտեսական ներդրումների լայն աշխատանքներ, որոնք ինչ խոսք` անուղղակիորեն շրջանցելու են արևմտա-ամն-ական «համաշխարհային» պատժամիջոցները, որոնք խորքում միտված են Իրանին աշխարհի աչքում մեկուսացված-շրջափակված ներկայացնել…:
Հատկանշական մի այլ իրողություն է նաև այն, որ «շարժման» անդամ ստվարաթիվ երկրների հետ Իրանն ունի ավելի քան 40 միլիարդ դոլարին համարժեք ոչ-նավթային առևտրա-տնտեսական ներդրումային շրջանառություն, իսկ առևտրային տվյալ ծավալը բազմապատկվում է, հատկապես այն պարագայում, երբ նկատենք, որ «շարժման» դիտորդի կարգավիճակ ունեցող երկրների հետ (Չինաստան, Ռուսաստան, Բրազիլիա, Ղազախստան, Արգենտինա, Մեքսիկա, Հոլանդիա, Սերբիա, Ուկրայինա…) ևս Իրանը լայն առևտրական գործարքներ է մշակում-կնքում: Իսկ այս խորհրդաժողովի ընթացքում պատեհ առիթներ են ստեղծվելու, որպեսզի արդյունաբերական-տնտեսական փոխհարաբերությունների ծավալն առավել բարձր ցուցանիշերով օժտվի:
Մյուս կողմից նկատի ունենալով միջազգային ու մասնավորապես տարածաշրջանային տնտեսական ու աշխարհագրա-քաղաքական ճգնաժամ-մարտահրավերների առկայությունը և այդ գործընթացների օրավուր վտանգավոր մասշտաբներ թևակոխվելը, ուստի` «շարժմանե առջև ինքնըստինքյան նորովի ու համարժեք դերակատարման հեռանկարներ ուրվագծելու լայն հորիզոն է բացվում:
Այս ուղղությամբ, ահավասիկ, Իրանը սույն համաժողովում, որը որպես այդպիսին` խոշորագույնն է իր քաղաքական պատմության մեջ, մտադիր է բարձրաձայնել տվյալ դերակատարման կարևորության ու անհրաժեշտության մասին, որով, ինչպես հենց երեկ մեկնարկային ելույթում հայտարարեց ԱԳ նախարարը` «շարժումը պետք է լրացնի այն անարդարանալի բացը, որը ցավոք, այսօր արևմտյան մեծապետական ուժերի քմահաճույքի պատճառով` առկա է ՄԱԿ-ում և Անվտանգության խորհրդում»:
Իսկ այդ դերակատարումը, ըստ ԱԳ նախարարի, անհրաժեշտություն է` միջազգային ներկայիս բարդ հարաբերություններում ներգործունությամբ հանդես գալու համար:
Համաժողովը հյուրընկալող և «շարժմանե գալիք եռամյան նախագահող Իրանը, սակայն, նոր ու հիմնավոր առաջարկներ է ներկայացնելու գագաթաժողովին, զորօրինակ`
1- Անդամ երկրների միջև միջազգային բանկային, դրամական ու ֆինանսական համակարգի ստեղծում,
2- Միջազգային խաղաղարար ուժի ստեղծում` «շարժման. անդամ երկրների մասնակցությամբ,
և
3- Համաժողովի հռչակագրում հաստատված նպատակների իրագործման համար համապատասխան գործադիր ինստիտուտների ստեղծում…:
Ինչևէ, չմիավորված, ոչ-հանձնառուների «շարժման» 16-րդ համաժողովը, գեթ խոսքերի ու հայտարարությունների և որ կարևոր է` միջազգային քաղաքական նոր վերիվայրումների առումներով, կարծես թե մտադիր է ի համեմատ իր նախորդ համաժողովների, ավելի ներգործոն ու հաշվառելի միավորի վերածվել` աշխարհագրա-քաղաքական ու տնտեսական օրըստօրե բարդացող պայմաններում, որոնք ինչ խոսք` շարունակվելու դեպքում ավելի առեղծվածային ու անկանխատեսելի իրավիճակների առջև են կանգնեցնելու միջազգային և ինչու ոչ` համաշխարհային ընտանիքին:
Դերենիկ Մելիքյան
Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր