Հայաստանի քաղաքագետների միությունը հակադարձում է ԲՀԿ-ին
Հմայակ Հովհաննիսյանի ազատության սահմանափակմանը զուգահեռ` նրա համար որպես խափանման միջոց քաղաքից չբացակայելը ընտրելով, իշխող համակարգն այսօր ՀՔՄ նախագահին քաղաքական մեղադրանքներներ կայացնելու ճիգեր է գործադրում: Այդ ճիգերի մտավոր և բարոյական սնանկության խոսունապացույցն է իշխող համակարգի օլիգարխիկ հենասյունի մամլո խոսնակի կողմից օր առաջ տարածած հայտարարությունը:
Զարմանալի և ցավալի է, որ հայոց խորհրդարանում իր թվաքանակային կշիռով երկրորդ կուսակցության ներկայացուցիչները կարող են այդպիսի անհեթեթ մեղադրանքներ հնչեցնել անկուսակցական, միմիայն իր մասնագիտական գործունեության չափանիշներով առաջնորդվող քաղաքագետի հասցեին: Ի՞նչ է ասել, թե «ինչպես իր քաղաքական կարիերայի ողջ ընթացքում, Հմայակ Հովհաննիսյանը բացահայտեց քաղաքական լարախաղացի իր հմտությունները, փորձելով մանևրել քաղաքական տարբեր ուժերիմիջև»:
Այսապշեցուցիչ ՙմեղադրանքը՚ ներկայացվում է իրեն ՙքաղաքական՚ հորջորջող ուժի անունից, որը ակտիվորեն մասնակցեց և իր համար առավելագույն օգուտներ կորզեց Հմայակ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ ձևավորված Միասնական շտաբի գործունեությունից: Խոսքը գնում է համամասնական ընտրակարգով 30 տոկոսանոց արդյունքի մասին, որը կրկնակի գերազանցեց նախորդ խորհրդարանական ընտրություններին, երբ ԲՀԿ-ին բացահայտորեն հովանավորում էր այն ժամանակ գործող նախագահ Ռ. Քոչարյանը, 15 տոկոսանոց արդյունքը: Չէ որ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն նույնքան մեծ նյութական ռեսուրսներ ուներ, որոնց գումարվում էր նաև նախագահական վարչական ռեսուրսի լիարժեք օգտագործման հնարավորությունը:
Ինչո՞ւ չէին ԲՀԿ պարագլուխները միասնական շտաբի գործունեության ընթացքում հրաժարվում քաղաքական ուժերի միչև մանևրելու ՚Հմայակ Հովհաննիսյանի ունակություններից: Որովհետև քաջ գիտակցում էին, որ այդ դեպքում 15 տոկոսից ավել չեն հավաքելու: Եվ չէին հավաքի, եթե բացի տրակտորներից, բաժանեին նաև լեքսիուսներ, բենթլիներ կամ նույնիսկ ինքնաթիռներ: Այս ճշմարտությունը հաշվի առնելով ԲՀԿ առաջնորդն ընտրությունների օրը` մայիսի 6-ին հեռուստախցիկների ուղեկցությամբ շտապեց այցելել ՀՔՄ գրասենյակ, հրապարակայնորեն իր աջակցությունը հայտնեց Հմայակ Հովհաննիսյանին:
Ճիշտ արեց, որովհետև ՙքաղաքական ուժերի միջև մանևրելու՚ մեր ձիրքի շնորհիվ էր,որ հնարավոր դարձավ Միասնական շտաբի ստեղծումը, որովհետև ՙլարախաղացի՚ հմտություններին նմանվող քաղաքագիտական կշռադատության գործադրմամբ էր միայն հնարավոր այդքան տարբեր, նույնիսկ հակադիր ուժերին փոխհամաձայնությունների, կոնսենսուսային լուծումների դաշտ բերելը»:
Հիշեցնենք, որ օրերս ԲՀԿ նախագահի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը Հմայակ Հովհաննիսյանի մասին հայտարարել էր.
«Այն, որ Հմայակ Հովհաննիսյանը ներկայացված է եղել ԲՀԿ համամասնական ցուցակում, բնականաբար, դա եղել է Գագիկ Ծառուկյանի առաջարկով, եւ այլ կերպ չէր էլ կարող լինել: Այս մասով Հմայակ Հովհաննիսյանն, իհարկե, չի ստում: Ինչ վերաբերում է մնացյալին, ապա սույն գործիչը կարող էր մինչեւ վերջ անկեղծ լինել եւ խոստովանել, թե որո՞նք էին իրական պատճառները, որ վերջինս ինքնաբացարկի դիմում գրեց: Իսկ պատճառն այն էր, որ հերթական անգամ, ինչպես իր քաղաքական կարիերայի ողջ ընթացքում, Հմայակ Հովհաննիսյանը բացահայտեց քաղաքական լարախաղացի իր հմտությունները, փորձելով մանեւրել քաղաքական տարբեր ուժերի միջեւ: Բնականաբար, կան այս ամենի փաստական ապացույցները, որոնք ներկայացվել են հենց իրեն եւ Հմայակ Հովհաննիսյանը, իր քաղաքական անպարկեշտությունն ապացուցող լրջագույն փաստերի ներքո, լուռ եւ ինքնակամ ներկայացրել է ինքնաբացարկի իր դիմումը:
Իհարկե, Հմայակ Հովհաննիսյանի դեպքում քաղաքական պարկեշտությունից խոսելը երեւի թե ավելորդ է, սակայն մարդ առնվազն տարրական երախտագիտության զգացում պիտի ունենա իրեն մշտապես եւ տեւականորեն անշահախնդիր ֆինանսական եւ նյութական աջակցություն ցուցաբերած, իրեն քաղաքական դիակ դառնալուց փրկելու փորձեր արած գործչի հանդեպ: Սակայն, երեւի թե ճիշտ է հայտնի այն իմաստնությունը, որ քաղաքական անբարոյականությունը քրոնիկ ախտորոշում է, եւ ինչպես պարզվեց Հմայակ Հովհաննիսյանի դեպքում՝ անբուժելի», ասել էր ԲՀԿ մամլո խոսնակը: