Հայաստանի վերադարձը դեպի Եվրոպա անխուսափելի է

Հարցազրույց «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության ավագ գիտաշխատող, դոկտոր Սարգիս Ղազարյանի հետ

– Ի՞նչ կարծիք ունեք Ռուսաստանի նախագիծը հանդիսացող Եվրասիական միության և այդ միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության մասին:

– Նախևառաջ հարկավոր է նշել, որ «Եվրասիական միության» գաղափարը, որը մի աղմկահարույց երևույթ դարձավ հետխորհրդային և արևմտյան մամուլում, դեռևս իրենից ավելին չի ներկայացնում, քան հռչակագրային բնույթ կրող մի գաղափար` արծարծված անցյալ տարվա հոկտեմբերին այն ժամանակվա ՌԴ վարչապետ Պուտինի կողմից հեղինակած մի հոդվածում:

Իհարկե, այս տարվա ընթացքում տարբեր ձևաչափերով քննարկումներ են անցկացվել «Եվրասիական միության» թեմայով, սակայն մինչ օրս գոյություն չունի որևէ համպարփակ ծրագիր, որը կարող է ներկայացնել տվյալ միության նպատակները, անդամակցության պայմանները, թեմատիկ հարթակները և գործառութային ընթացակարգը: Իհարկե, մինչ օրս կարդացել ենք ԵվրԱզԵս-ը Եվրասիական միության փոխակերպելու միտումների, Մաքսային միության, Ազատ տեղաշարժման գոտու և նմանատիպ ինտեգրացիոն ծրագրերի մասին:

Այս թեմայով գրեթե բոլոր հրապարակումները հիմնվում են այն վարկածի վրա, որ Ռուսաստանը փորձում է ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերակազմակերպել նախկին Խորհրդային Միությունն իր նոր «կայսերական» հավակնությունների հիման վրա, սակայն շատերն են անտեսում այն փաստը, որ նման ծրագիրը կենսունակ չէ առնվազն երեք հիմնական պատճառներով.

1) Ռուսաստանի, այսպես կոչված, «կայսերական» հավակնությունները սոսկ հավակնություններ են, քանի որ բացակայում է թե’ նոր և առաջադեմ արժեհամակարգային ձևաչափը և թե գրավիչ տեսլականը

2) Բացակայում են նման ծրագրի իրագործման համար հարկավոր ֆինանսական միջոցները, քանի դեռ Ռուսաստանը հենց ինքն է տակավին գտնվում արմատական վերափոխումների շրջանում և վստահորեն պատրաստ չէ վճարել հնարավոր ապագա անդամների կուտակած պարտքերը

3) Նախկին խորհրդային հանրապետությունները, բացառությամբ միջինասիական պետությունների և Բելառուսի, թերևս, մեղմ ասած, պատրաստ չեն վերամիավորվելու մի ռուսակենտրոն առանցքի շուրջ` այդպիսով զիջելով իրենց ինքնիշխանության զգալի մասը: Մի առանցք, որտեղ ծախքերը կգերազանցեն օգուտները:

Իսկ աշխարհաքաղաքական տեսանկյունից` իննսունականների խառնաշփոթ և իրար հակասող տեսությունները հաղթահարելով, Ռուսաստանը Եվրասիայում կարծես այլևս մտադրություն չունի ընտրելու Բրյուսելի և Պեկինի միջև, այլ փոխարենը ուզում է ստեղծել իր հետխորհրդային համայնքը:

Ինչ վերաբերում է Հայաստանին, մինչ օրս Հայաստանի դիրքորոշումն առաջնորդվում է փոխլրացման գաղափարով, որի հիմքում է ազգային շահը, ասել է թե Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահը: Սա գործող «բաղադրատոմս» է, որը քաղաքական, ռազմական, տնտեսական, մշակութային, այսինքն` քաղաքակրթական ոլորտում ապահովում է համեմատական դրական եզր: Այլ կերպ ասած` ինչպես անցյալում, այսօր ևս հարկավոր է, որ Հայաստանը կիրառի «փոփոխական երկրաչափությամբ» ոգեշնչված մոտեցումներ, որոնք հնարավոր կդարձնեն հակադրելու փոխարեն համադել Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-Ռուսաստան, ինչպես նաև մյուս աշխարհաքաղաքական հարթություններում Հ այաստանի կեցվածքը: Իսկ առհասարակ արժեհամակարգային տեսանկյունից` ասել է թե քաղաքական, տնտեսական և սոցիալական մոդելի և բազմակարծիք և ժողովրդավարական հասարակարգի կայացմանը միտված բարեփոխումների առումով, Հայաստանն արդեն ընտրել է իր ուղին, որն անդառնալիորեն կապված է Եվրոպայի և եվրոպական քաղաքակրթության հետ, որի անբաժան մասն է հանդիսանում:

– Իսկ Եվրասիական միությունը չի՞ հակադրվում Եվրոպական միության ինտեգրմանը:

– Անշուշտ, հնարավոր է, որ Եվրասիական միության գաղափարը հակադրվի Հայաստանի` Եվրամիության հետ քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման արդեն բավական խորը և համպարփակ գործընթացներին, սակայն ամեն ինչ մնում է տեսական դաշտում, քանի դեռ ծանոթ չենք Եվրասիական միության ծրագրերին և նպատակներին:

Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին` հարկավոր է նշել, որ դրանք գրանցեցին աննախադեպ առաջընթաց վերջին մի քանի տարիների ընթացքում, հատկապես Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակներում` Ասոցացման համաձայնագրի շուրջ դեռ ընթացող բանակցությունների շնորհիվ: Սույն բանակցությունների առանձնահատկությունը կայանում է այնդ րույթի մեջ, որի համաձայն բանակցությունների բուն ընթացքը պայմանավորված է երկրում իրականացվող բարեփոխումների քանակական և որակական չափանիշներով: Հայաստանն արդեն իսկ հաջողությամբ ավարտին է հասցրել Ասոցացման համաձայնագրի 29 գլխից 28-ը և առաջադիմում է Եվրամիության հետ Խորը և համպարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման ուղու վրա: Դա ոչ միայն Հայաստանի առջև կբացի Եվրոպական միասնական շուկայի դռները` վերացնելով ի թիվս այլնի մաքսային խոչընդոտները, այլև արմատականորեն կբարեփոխի հայկական տնտեսությունը, կազատականացնի և կընդլայնի երկրում գործող շուկայական հարաբերությունները: Այլ կերպ ասած` Հայաստանը` որպես պետություն և հասարակություն, այժմ մի աննախադեպ արդիականացման շեմին է կանգնած` շնորհիվ Հ այաստան-Եվրամիություն փոխհամագործակցության առանցքի: Անշուշտ, հարկավոր է իրատեսական սպասումներ ունենալ Եվրամիությունից, առնվազն քանի դեռ եվրագոտու ճգնաժամը չի հաղթահարվել:

Այս առումով երկրորդական չէ այն փաստը, որ Հայաստանում առկա է ռուսական կապիտալի նշանակալի կուտակում: Լինի Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, Խորը և համպարփակ ազատ առևտրի գոտին, թե հայաստանյան տնտեսության որակական աճը, այս ամենը շահավետ է նաև Հայաստանում կապիտալ ներդրած ռուսական բաժնետերերի համար, հետևաբար` ՌԴ շահերի համար:

–  «Միջազգային եվրոպական շարժման հայաստանյան խորհուրդը» տարածել է հայտարարություն, որում ասվում է, թե Եվրոպական ինտեգրման ուղին Հայաստանի համար այլընտրանք չունի, բայց մյուս կողմից կարևորվում է ՀՀ դաշնակից հետխորհրդային մյուս պետությունների, այդ թվում Ռուսաստանի Դաշնության ինտեգրումը նույն արժեհամակարգին: Դուք համաձա՞յն եք այս տեսակետի հետ:

– Վերոնշյալ հայտարարության հետ ոչ միայն համաձայն եմ, այլև կասեի ավելին, այն համընկնում է իրականության հետ: Ոչ միայն Հ այաստանը, այլև հետխորհրդային տարածքի ևս հինգ պետություններ` Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Ադրբեջանը և տեսականորեն Բելառուսը, ընդգրկված են Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակներում, լինի պետական մակարդակով, թե քաղաքացիական հասարակության: Այստեղ հարկ է նշել, որ Բրյուսելում գործող բազմաթիվ փորձագետների և Եվրամիության պաշտոնյաների ընդհանրական կարծիքն է, որ Հայաստանը լուրջ առաջընթաց է գրանցում ԵՄ-ի հետ քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման գործընթացում` հատկապես շնորհիվ երկրում ընթացող բարեփոխումների:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա անհերքելի է այն փաստը, որ ԵՄ-ի փորձը ոգեշնչում է այդ երկրում իրականացվող բարեփոխումների զգալի մասը:Այն պարագաներում, երբ ԵՄ-ի փորձառությունն ուղղակիորեն չի կիրառվում ռուսաստանյան պետական որոշումների կայացման գործընթացում, այն անուղղակիորեն թափանցում է ոչ պաշտոնական ցանցերի, ձեռնարկատիրությունների, մասնագիտական ցանցերի և խորհրդատվական կենտրոնների միջոցով:

Վերջապես, անդրադառնալով ԱՊՀ գոտում Հայաստանի ինտեգրման գործընթացին` հարկ է կրկնել, որ Հայաստանի որոշումը` անդամակցելու ԱՊՀ ազատ առևտրի գոտուն, ոչ միայն շահավետ է Հայաստանի համար, այլև չի հակասում ԵՄ-ի հետ ընթացող բանակցություններին: Իսկ այսօր Մոսկվայում ձեռքբերված համաձայնությունը մինչև 2020թ. Հայաստան-Ռուսաստան տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի վերաբերյալ միայն վերահաստատում է այն փաստը, որ Հայաստանի շահերից է բխում մասնակցել ինտեգրացման այն բոլոր գործընթացներին, որոնք հիմնված են փոխլրացման գաղափարի վրա, և որոնց իրականացման համար կիրառվում է վերը նշված փոփոխական երկրաչափության սկզբունքը:

Հայաստանի վերադարձը դեպի Եվրոպա անխուսափելի է, իսկ Հայաստանի կշիռը Եվրոպայի համար միայն կաճի ԱՊՀ տարածաշրջանում Հայաստանի դերակատարության աճին զուգընթաց:


Տեսանյութեր

Լրահոս