Ո՞ւմ պատճառով վնասվեց կարտոֆիլի բերքը
Արարատյան դաշտավայրում վաղահաս կարտոֆիլի բերքի 90 %-ի «իրացում» է գրանցվել: Իրացնողը ոչ թե պետությունն էր, այլ վնասատուները: Այսպես են մեկնաբանում Արարատի մարզի գյուղացիներն իրենց բերքի սակավությունն ու անորակությունը: Սեզոնի սկզբին, երբ դեռ նոր-նոր էր վարակիչ հիվանդությունը տարածվում հողամասերում, բնակչությունն ահազանգել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, որտեղից եկել և ստուգումներ էին իրականացրել: Սակայն, ստուգումներից բացի, ոչինչ չէր կատարվել: Այս մասին վստահեցնում են Արարատի մարզի գյուղացիները: 168 am-ը կապվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամլո քարտուղար Անի Սմբատյանի հետ՝ պարզելու, թե ինչո՞ւ է գյուղացիների բերքն այդ աստիճանի վնասվել, և արդյո՞ք ժամանակին համապատասխան միջոցառումներ ձեռնարկվել են վարակը կանխարգելելու համար: ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամլո խոսնակը, սակայն, ասաց, որ հարցերին չի կարող պատասխանել: Պատճառաբանեց, որ գյուղացիների խնդիրներին լուծում տալու նպատակով նիստ է ընթանում: Որոշ ժամանակ անց մամլո խոսնակը մեզ հետ կապվելով` տեղեկացրեց, որ այդ հարցով զբաղվում է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը: Մամլո խոսնակը նշեց նաև, որ ՀՀ գյուղնախարարությունը համաճարակի մասին որոշ ժամանակ առաջ տեղեկացրել է Սննդի վարչությանը: 168.am-ը զրուցեց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանի հետ:
– Պարոն Նիկոյան, Արարատի շրջանի բնակիչները պնդում են, որ կարտոֆիլի բերքի 90%-ի կորուստ ունեն, դա այդպե՞ս է:
– Իրականությանը չի համապատասխանում կարտոֆիլի բերքի 90%-ի կորստի փաստը: Մեր կորուստները եղել են ջերմատներում, որտեղ պոմիդոր է տնկված եղել: Այն էլ, բերքն արդեն մի քանի անգամ հավաքված է եղել, վերջին բերքահավաքի ընթացքում է գրանցվել միայն բերքի կորուստ: Դա չի կարող կազմել 90%: Մենք կատարել ենք ուսումնասիրություններ Մասիսի շրջանում: Այս մի քանի օրվա ընթացքում պետք է ավարտին հասցնենք մոնիտորինգը: Մենք հիմա ճշտում ենք մորմազգի բույսերի արեալների տարածվածությունը: Երբ որ կարանտին հայտարարենք` համապատասխան հանձնաժողով կկազմվի, որը կզբաղվի այդ խնդրով: Բայց, մինչ այդ, մենք պետք է իմանանք, թե ո՞ր գյուղերն են վնասված, որպեսզի այնպես չլինի, որ բաց թողնենք որևէ գյուղ:
– Չե՞ք կարծում, որ իրականացվող գործողություններն ուշացած են: Արդեն միջահաս բերքի իրացումն է կատարվում:
– Ես խոսում եմ ավելի գլոբալ աշխատանքների մասին, որի արդյունքն առավել շատ հաջորդ տարի կերևա: Իսկ այս կարտոֆիլի ցեցի դեմ քիմիական պայքարն անարդյունավետ է, քանի որ առաջին անգամ է մեզ մոտ հայտնաբերվում այդ ցեցը, մանրամասն ուսումնասիրության ենք ենթարկել և պարզել, որ դրա դեմ հիմնական պայքարը ագրոտեխնիկական միջոցառումներն են:
– Դուք ե՞րբ եք տեղեկացել համաճարակի մասին:
– Երբ որ կարտոֆիլը նոր էր աճում, մենք հետազոտություն կատարեցինք և պարզեցինք, որ կոնկրետ բաց դաշտում ցեց չի հայտնաբերվել: Վնասատուները հայտնաբերվել են 2-3 ամիս առաջ՝ միայն ջերմատներում, և այն էլ` պոմիդորի վրա:
– Այդ ժամանակահատվածում հնարավոր չէ՞ր իրականացնել համապատասխան բուժիչ գործողություններ:
– Այդ փուլում մենք պետք է միայն քիմիական պայքար օգտագործեինք, մենք նույնիսկ փորձել ենք ջերմատներում, որտեղ քիմիական պայքարն առավել մեծ ազդեցություն ունի` կրկնակի դոզայով, 4-5 անգամ բուժում իրականացնել: Չի օգնել: Նույն համաշխարհային գրականությունն էլ ասում է, որ այդ պայքարն անարդյունավետ է:
– Հիվանդությունը կանխարգելելու համար այլ միջոցառումներ ձեռնարկվե՞լ են:
– Այս տարվա համար խորհրդակցություն է տրամադրվել բոլոր ֆերմերներին, թե իրենք ինչպես պետք է բերքահավաքը կազմակերպեն: Մեր տեսուչները Մասիսի շրջանում են և ամեն օր ասում են, թե ինչպես է պետք բերքը հավաքել: Եթե բերքահավաքը գյուղացին սխալ կատարի, հնարավոր են առավել մեծ չափերի վնասներ: Ցեցը վնասում է հիմնականում տերևներն ու ցողունները, իսկ եթե բերքահավաքը սխալ է կատարվում, ցողուններն ու պալարները հավաքից հետո թողնվում են դաշտում, կամ դրանցով ծածկում են արդեն հավաքված բերքը, ապա հիվանդությունը տարածվում է: Հիմա բերքը փրկելու համար հարկավոր է նախ՝ ճիշտ բերքահավաք կատարել, հետո՝ բերքն անմիջապես դաշտից տեղափոխել և իրացնել: Արդեն հավաքված բերքի ցողունները պետք է դաշտերից դուրս տանել և այրել: Այս տարվա մեր խորհուրդը դա է, դրանից ավելի ոչինչ չեմ կարող անել: Իսկ մյուս տարվա համար այդ տարածքներում նույն մշակաբույսը չպետք է ցանել:
– Հնարավո՞ր է ամբողջությամբ վերացնել կարանտինը:
– Այդ կարանտինը կվերանա այն դեպքում, երբ իրենց սնման միջոցները վերանան: Այսինքն` մորմազգի մշակաբույսերը վերանան: Եթե տվյալ տարածաշրջանում մորմազգի մշակաբույս մի քանի տարի չցանվի, հնարավոր է, որ հիվանդությունը վերանա: Հնարավոր է տվյալ հիվանդությանը ճնշել այնքան, որ այն չկարողանա տեսանելի վնաս պատճառել: Մեր ֆերմերները պետք է բարեխիղճ գտնվեն և կատարեն մեր ցուցումները:
– Պարոն Նիկոյան, ի՞նչ է հարկավոր անել, որպեսզի գյուղացին գոնե հաջորդ տարի բերք ունենա:
– Հարկավոր է գոնե մեկ տարի նույն մշակաբույսը նույն վայրում չցանել: Հիվանդությունը Արարատի մարզում է տարածված, իսկ այդտեղի բերքի սակավությունը առաջարկի և պահանջարկի խնդիր չի առաջացնի:
– Արարատի մարզի կարտոֆիլի բերքի եթե ոչ՝ 90%-ը, ապա որքա՞նն է վնասված:
– Մինչև լրիվ բերքահավաքը չկատարվի` ստույգ տվյալներ չեմ կարող ասել, քանի որ լինում են դեպքեր, երբ բերքի ցողունն ու տերևներն են վարակված լինում: Եթե կատարվի բերքի ճիշտ հավաքում, ապա պալարներին հիվանդությունը չի հասնի, իսկ մենք ուտում ենք պալարները:
– Հնարավո՞ր է, որ վարակի տարածում տեղի ունենա բերքի մի շրջանից մյուս շրջան տեղափոխման միջոցով:
– Եթե բերքը չօգտագործվի որպես սերմացու, ապա այդ ռիսկը շատ ցածր է: Իսկ եթե բերքն օգտագործվի որպես սերմացու, ապա ռիսկը շատ բարձր է, կվարակվի: