Վարդան Հարությունյան. «Արվում է հնարավորը՝ սակագինը չբարձրացնելու համար»

Հարցազրույց «Գազպրոմ Արմենիա» ընկերության վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանի հետ

– Գազային թեմաներն անընդհատ միջազգային լրահոսի առաջին շարքերում են: Բնականաբար, մեզ մոտ էլ ժամանակ առ ժամանակ թեմայի քննարկման պակաս չի զգացվում, քանի որ տնտեսության մեջ ունեցած նշանակությամբ գազի ոլորտը եղել և մնում է առանցքային: Ինչո՞վ է պայմանավորված նման հետաքրքրությունը։

– Այսօրվա արագ փոփոխվող աշխարհում էներգակիրների շուկայի կոնյունկտուրան հետաքրքիր, շատ հաճախ` անկանխատեսելի զարգացումներ է արձանագրում, սակայն այդ զարգացումների և դրանց հետևանքների վերլուծությունը թողնենք մասնագետներին: Ինչ վերաբերում է Հայաստանում գազի բնագավառին, ապա Դուք ինքներդ նշեցիք, որ այն իր նշանակությամբ չի զիջում տնտեսության մյուս կարևորագույն ճյուղերին: Ավելին, տարիների ընթացքում գազի ենթակառուցվածքի հիման վրա ստեղծվել է մի համակարգ, որն իր հետ առաջ է տանում պոտենցիալ ունեցող առանձին ոլորտներ ևս: Մեր գլխավոր խնդիրն այսօր այդ համակարգի համար բնականոն գործունեություն ապահովելն է, ինչը և արվում է բոլոր նախատեսված ծրագրերով:

– Պարոն Հարությունյան, ինչպե՞ս եք գնահատում Ձեր ղեկավարած ընկերության գործունեությունը, դժվար չէ՞ Հայաստանում ղեկավարել ռուսական ընկերություն:

– 2014 թիվը հատկանշական էր նրանով, որ ընկերությունը դարձավ «Գազպրոմ» ԲԲԸ 100 տոկոս դուստր ընկերություն: Ընկերության միակ բաժնետերը, ճիշտ է, ռուսական ընկերություն է, բայց մենք հայկական ընկերություն ենք. գործունեություն ենք ծավալում Հայաստանում, հարկերը վճարում ենք Հայաստանում, ընկերության 7000-ից ավելի բոլոր աշխատողները հայաստանցիներ են:

Բացի այդ, մեր ռուս բաժնետերը հետաքրքրված է, որպեսզի «Գազպրոմ Արմենիան» Հայաստանում էլ ավելի արդյունավետ աշխատի և ընդլայնի ներդրումային ծրագրերը: Այստեղ պետք է հատուկ ընդգծեմ, որ մեր կողմից ներկայացված յուրաքանչյուր կառուցողական առաջարկ, ինչո՞ւ չէ, նաև Հայաստանի համար տնտեսական ռեզոն ունեցող ծրագիր, ընդառաջվում է «Գազպրոմի» կողմից:

Ընդհանրապես, «Գազպրոմի» ամբողջական ներկայությունը Հայաստանում բխում է ոչ միայն մեր ընկերության շահերից: Մեր գործունեությունը, իր հերթին` ուղիղ համեմատական է պետության շահերի հետ. այսօր մեր ընկերությունը հանրապետության խոշոր ներդրողներից է, իսկ այդ ներդրումներն ապահովում են և՛ աշխատատեղեր, և՛ համապատասխան հարկային մուտքեր: Ընդհանրապես, բոլոր այն ծրագրերը, որ իրականացվում են և իրականացվելու են մեր կողմից, միանշանակ է, որ ուղղված են Հայաստանում բարենպաստ միջավայր ստեղծելուն` կլինեն դրանք համակարգի հուսալիության բարձրացման կամ սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի տեսքով:

Անդրադառնամ ընկերության գործունեությանը: Արձանագրած ֆինանսատնտեսական և արտադրական ցուցանիշներն ընդհանուր առմամբ գոհացնող են և լավ հիմք են հետագա աշխատանքի համար։ Մենք իրականացրել ենք մեր հիմնական առաքելությունը` բաժանորդներին ապահովել ենք անխափան և անվտանգ գազամատակարարում։ Ինչ վերաբերում է ֆինանսական ցուցանիշներին, ապա դրանք մշակման փուլում են և նախնական են: Դրանց մասին ավելի առարկայական կարող ենք խոսել արդյունքներն ամփոփելուց հետո։ Չնայած ասեմ, որ տարեվերջին երկրում արձանագրված ֆինանսական որոշակի լարվածությունն իր ազդեցությունը թողեց, բայց մեր կողմից քայլեր ձեռնարկվեցին ինչպես` ֆինանսական հոսքերի կարգավորման, այնպես էլ` փոխարժեքային ռիսկերի նվազեցման ուղղությամբ։

Ընդ որում, մեր ընկերությունն իր տարադրամային պարտավորությունները կարգավորելիս գործել է բացառապես արտարժույթի շուկայում ձևավորված փոխհարաբերությունների շրջանակում` չստեղծելով լրացուցիչ լարվածություն:
Տարվա ձեռքբերումներից կցանկանայի առանձնացնել այն, որ երկարատև դադարից հետո տարեվերջին վերսկսեցինք էլեկտրաէներգիայի արտահանումը Վրաստան, ինչը ևս հնարավորություն տվեց դիվերսիֆիկացնել ընկերության ֆինանսական մուտքերը:

– Խոսքը վերաբերում է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի՞ն:

– Այո, 5-րդ էներգաբլոկն այսօր ունի դրվածքային լուրջ հզորություններ և կարող է բավարարել հանրապետության էլեկտրաէներգիայի շուկայի սպառման պահանջարկի զգալի մասը: Սակայն էներգետիկ համակարգի ներքին սպառման ռեժիմներով պայմանավորված` այն այսօր սահմանափակ է:

Եթե կարողանանք արտահանման շուկայի զարգացման այս միտումները պահպանել, դրա հետ մեկտեղ` օգտագործել նաև դեպի Վրաստան ու դեպի Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման նոր գծերի թողունակությունը, ապա հնարավոր կլինի հետագայում առավել արդյունավետ օգտագործել էներգաբլոկի պոտենցիալը և ճկուն լինել ներքին շուկայում գնի ձևավորման հարցում:

– Տարեվերջին, կապված փոխարժեքի շուկայում տեղի ունեցող գործընթացների հետ, Ընկերության կողմից նշվեց, որ վնասներ է կրում, և Դուք դրան անդրադարձաք: Ձեր հետագա քայլերն այս ուղղությամբ:

– Բնական գազի ներկայում գործող սակագնի հաշվարկի հիմքում ընդունված է 416,56 դրամ/դոլար փոխարժեքը: Կարելի է ասել, որ անցյալ տարվա կտրվածքով այն որոշակիորեն հավասարակշված էր: Ներկայիս փոխարժեքն արդեն զգալիորեն տարբերվում է սակագնայինից և մտահոգության տեղիք տալիս է: Մեր մասնագետների կողմից ամենօրյա մոնիտորինգ է իրականացվում, վերլուծություններ են կատարվում զարգացումների հնարավոր սցենարների դեպքում ընկերության ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների վրա փոխարժեքի ազդեցության վերաբերյալ:

Վերլուծությունների հիման վրա Ընկերությունն ինչ եզրակացության էլ հանգի հետագա քայլերի հետ կապված` հանրությունը պատշաճ ձևով կիրազեկվի: Ամեն դեպքում, որպեսզի ենթատեքստ չփնտրվի, շտապեմ տեղեկացնել, որ արվում է հնարավորը` սակագինը չբարձրացնելու համար:

– Կարծիքներ են հնչում, որ ներկրված ռուսական գազի դիմաց վճարումները դոլարի փոխարեն ռուբլով իրականացնելու դեպքում շատ ավելի շահեկան կարող է լինել: Ձեր դիրքորոշումն այս հարցում:

– Հայաստան ներկրվող գազի հետ կապված պայմանները սահմանված են միջկառավարական համաձայնագրով, ըստ որի` բնական գազի գինը Հայաստանի Հանրապետության համար, կողմերի տնտեսվարող սուբյեկտների միջև պայմանագրերում ամրագրվում է ԱՄՆ դոլարով: Իմ տեղեկություններով, «Գազպրոմը» Ռուսաստանից դուրս ռուբլով կնքված որևէ պայմանագիր չունի:

Ես ծանոթ եմ վերլուծությունների, որտեղ ներկայացվում է, որ Հայաստանում առկա են ռուսական ռուբլու բավարար մուտքեր` ներկրված գազի վճարումները ռուբլով իրականացնելու համար: Մյուս կողմից` առկա են մի շարք տեխնիկական խնդիրներ։

Մասնավորապես, դրամ/ռուբլի փոխարժեքը Հայաստանում ձևավորվում է դոլարով միջնորդավորված, ինչը լրացուցիչ արժութային ռիսկեր է ստեղծում` և այլն: Եթե տեսականորեն ընդունենք, ապս կարճաժամկետ կտրվածքում գուցե ինչ-որ տեղ դրական արդյունք տա, բայց երկարաժամկետ գործունեության տեսակետից հնարավոր է` նաև խնդիրներ առաջանան: Իմ կարծիքով` հարցը մակրոտնտեսական մակարդակում պետք է դիտարկել` շահեկա՞ն է, թե՞ ոչ:

– Հունվարի 1-ից Հայաստանը միացավ Եվրասիական տնտեսական միությանը: Այդ գործընթացն առնչվում է նաև Ձեր ոլորտին: Կարո՞ղ եք գնահատել տնտեսական էֆեկտիվությունը: Այն ինչպե՞ս կանդրադառնա ներքին շուկայի վրա:

– Առանցքային առավելությունը, իհարկե, ներկրվող գազի գնի ավտոմատ նվազումն է, որն արդեն իսկ կարևոր դրական գործոն է տնտեսության համար: Ի դեպ, գազի համար Ռուսաստանի կողմից արտահանման մաքսատուրք չգանձելու ռեժիմը կիրառվում է դեռևս 2013թ.-ի ապրիլի 1-ից` միջկառավարական համաձայնագրերով։ Դա նշանակում է, որ միայն գազի գնի հաշվին երկարաժամկետ կտրվածքով հարյուր-միլիոնավոր դոլարներ են տնտեսվում: Բացի այդ, հայ-ռուսական միջպետական համաձայնագրով գազի գինը երկարաժամկետ տեսանկյունից կանխատեսելի է մեր շուկայի համար, ինչը ոչ միայն կարող է խթան հանդիսանալ էներգատար արտադրությունների համար, այլ նաև մրցակցային առավելություններ ընձեռել արտադրողներին:

– Պարոն Հարությունյան, նաև այս ֆոնի վրա բնական գազն այսօր լուրջ մրցակցություն է ստեղծում շարժիչային վառելիքի շուկայում: Ձեր դիտարկումներն այդ շուկայի վերաբերյալ:

– Այո, մեր դիտարկումները ցույց են տալիս, որ բնական գազի իրացման ընդհանուր կառուցվածքում գազալցակայանների մասով տարեցտարի ավելանում է սպառված գազի ծավալը: 2012թ. այն կազմել է 418 մլն խմ, 2013 և 2014 թթ. համապատասխանաբար` 455 և 471 մլն խմ: Ընդհանուր սպառման կառուցվածքում այն կազմում է 25 տոկոս: Սեղմված գազի շուկան ամբողջովին ազատական է, և այս մոտեցման արդյունքում այն շարունակում է ընդլայնվել։ Կարծեմ, անցած տարի միջազգային կառույցների կողմից ուսումնասիրություն հրապարակվեց, որի համաձայն` հանրապետությունում գազով է աշխատում մեքենաների 77.3 տոկոսը:

Այսօր ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ոլորտում գործող տրանսպորտային ընկերությունների մեծամասնությունն իրենց տրանսպորտային միջոցները շահագործում են գազով: Նույնը` նաև մասնավոր տրանսպորտի հատվածում, քանի որ սեղմված գազը բենզինից կրկնակի էժան է: Մասնագիտական հաշվարկներով` միայն սեղմված գազի և բենզինի գների տարբերության արդյունքում Հայաստանում տարեկան տնտեսվում է 80-95 մլրդ դրամ։

– Ընկերության կողմից հրապարակված տեղեկություններով` սպառման ծավալների նվազում կա բնակչության մասով: Ի՞նչ է, բնակչությունը հրաժարվո՞ւմ է գազից, թե՞, այդուամենայնիվ, բնակչության համար սակագինը շատ բարձր է:

– Բոլոր դեպքերում սակագինը մնում է զգայուն` գործոն սոցիալական տեսանկյունից, բայց պետք է հասարակական հետաքրքրությունները տարբերել տնտեսական հաշվարկներից: Սակագնի տնտեսական բաղկացուցիչների մեջ, որոնց մասին շատ է խոսվել, հիմնական մասը բաժին է ընկնում շահագործման ծախսերին, սակայն դա էլ այն մինիմալն է, որով կարողանում ենք ընդամենը համակարգը պահել:
Ինչ վերաբերում է սպառման ծավալներին, ապա սակագինը միակ գործոնը չէ, որ կարող է ազդել: Սպառման վրա ավելի շատ ազդեցություն ունեն, մասնավորապես, եղանակի ջերմաստիճանային պայմանները, վճարունակությունը, օգտագործման խնայողությունը և այլն:

Վերջերս ընկերությունը սոցիոլոգիական ուսումնասիրություն էր պատվիրել, և պետք է ասեմ, որ բավականին հետաքրքիր արդյունքներ ստացանք: Նախ` այն, որ բնակիչ- բաժանորդները գազը 100 տոկոսով օգտագործում են խոհանոցում կենցաղային նպատակների համար, ինչի հետևանքով, բնականաբար, նվազում է միջին բաժանորդի սպառումը: Ջեռուցման համար գազն օգտագործում է բաժանորդների կեսից մի քիչ ավելին` հիմնական պատճառ նշելով ջեռուցման համակարգերի կամ գազասարքերի բացակայությունը: Ստացվում է, որ բաժանորդի համար ինչ-ոչ տեղ այդ սարքերը ձեռք բերելն ավելի մեծ միանվագ բեռ է, քան գազի դիմաց ամեն ամիս կատարվող վճարումները:

Ինչ վերաբերում է նրան, թե բնակչությունը հրաժարվո՞ւմ է գազից, թե՞ ոչ, նշեմ միայն մեկ փաստ, եզրակացությունը թողնելով Ձեզ. փաստացի հրաժարվող բաժանորդներ չունենք, հակառակը, փոփոխված սակագինը գործողության մեջ մտնելու պահից` 2013թ. օգոստոսից մինչ օրս, գազահամակարգին միացել է 18 480 նոր բաժանորդ: Այնպես որ, հարցը տարբեր կողմերից պետք է նայել:

– Պարոն Հարությունյան, նշեցիք, որ սակագնի կառուցվածքի հիմնական մասը բաժին է ընկնում շահագործման ծախսերին, ինչը, սակայն, քիչ եք համարում: Ի՞նչ է, բավարար չե՞ն այդ միջոցները:

– Այսօրվա դրությամբ` մեր շահագործման ծախսերն էականորեն ցածր են նորմատիվներով նախատեսվածից և հնարավորություն են տալիս ընդամենը թույլատրելի մակարդակով ապահովել համակարգի աշխատանքային վիճակը:

Եթե վերջին տասը տարիներին կատարված ներդրումներով գազաբաշխիչ ցանցը զգալիորեն վերականգնվեց, բացի այդ, շատ տեղերում նաև նորը կառուցվեց, ապա նույնը չենք կարող ասել գազափոխադրման համակարգի համար: Մայրուղային գազատարների հիմնական մասը կառուցվել են 60-ական թվականներին, այսօր դրանց շահագործման տարիքը չի համապատասխանում նորմատիվային պահանջներին: Համակարգում կատարվող ընթացիկ ծախսերը հնարավորություն են տալիս, ինչպես արդեն նշեցի, ընդամենն ապահովել գազամատակարարման անվտանգություն, ոչ ավելին: Այսօր մեր գազափոխադրման համակարգի երկարությունը կազմում է 1700 կմ-ից մի քիչ ավելի, ինչը, պետք է ասել, լուրջ տնտեսություն է` մեր երկրի մասշտաբով վերցրած: Պատկերացնելու համար ասեմ, որ այսօր 700մմ տրամագծով նոր գազատարի 1կմ կառուցելը միջազգային պրակտիկայում ընդունված հաշվարկներով 800 հազարից մինչև 1 մլն դոլար արժե:

Համակարգում նորմատիվներով նախատեսված շահագործում ապահովելու համար զգալի ներդրումներ են պահանջվում, ինչը սակագնով մասնակիորեն է փոխհատուցվում: Ես սա նկատի ունեմ: Իսկ որ այդ ներդրումներն անհրաժեշտ են գազափոխադրման հուսալի համակարգ ունենալու համար, միանշանակ է: Հակառակ դեպքում, գազատարների մաշվածությունը մի քանի տարի հետո կարող է բերել այնպիսի մի վիճակի, որի վերաբերյալ, ամենամեղմ գնահատականներով, կարող ենք ասել` շահագործման համար ոչ պիտանի: Այդ դեպքում գազը կէժանանա կամ թե կթանկանա, արդեն երկրորդական կարող է դիտվել, առաջնայինը կդառնա անխափան գազամատակարարման հարցը: Որպես գազային ընկերության ղեկավար և վաղվա օրով մտահոգ հայ մարդ` ես այն համոզմանն եմ, որ եթե մեր պապերը կառուցել են, մենք էլ պարտավոր ենք եղածը գոնե պահպանել ու հաջորդ սերունդներին նորմալ համակարգ թողնել:

 

Տեսանյութեր

Լրահոս