1918թ. Մայիսյան հերոսամարտերին հսկայական դեր է կատարել հայ հոգևորականությունը. Ստեփան Ստեփանյանց

«Բոլշևիկյան ապստամբությունը ճնշելուց հետո, հասկանալով, որ բոլշևիկների կողմից Հայաստանը գրավելու վտանգը չի անցել, ՀՀ կառավարությունը Մայր Աթոռին առաջարկեց մի պայմանագիր կամ դաշնագիր կազմել՝ նվիրված եկեղեցի-պետություն հարաբերություններին»,-այս մասին այսօր «Եկեղեցին պետականության ակունքներում» վերտառությամբ համաժողովի ընթացքում ասաց պատմական գիտությունների դոկտոր Ստեփան Ստեփանյանցը։

Ներկայացնելով «Եկեղեցի-պետություն փոխհարաբերությունները Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին» թեմայով զեկույցը՝ Ստեփան Ստեփանյանցը նշեց, որ Ցարական մռայլ միապետության տարիներից հետո՝ 1917 թվականի փետրվարին, տեղի ունեցավ Բուրժուական հեղափոխությունը։ Ըստ նրա, Հայաստանը գտնվում էր դժվարին, քաոսային իրավիճակում։

Ստեփանյանցի խոսքով, եթե միապետության ժամանակ հնարավոր էր գումար հայթայթել և տեղավորել արևմտահայ 120 հազարից ավելի գաղթականությանը, ապա ֆինանսական օգնությունը դադարեց և հազարավոր հայեր կանգնեցին սովամահության առջև, ուստի այդ գործը կրկին ամբողջովին ընկավ Մայր Աթոռի և նրա միաբանության ուսերին։

«Անդրկովկասի ռազմաճակատը բոլշևիկյան քարոզչության տակ սկսեց դանդաղորեն քանդվել, առաջ եկան հեղափոխական զինվորներ, որոնց գաղափարախոսության պատճառով այդ անարխիստ հեղափոխական զինվորները մի քանի անգամ հարձակվեցին Մայր Աթոռի վանական շինությունների վրա։ Երևանի նահանգային վարչությունը՝ նահանգապետ Ստրելբիցկու ղեկավարությամբ, ամբողջովին հանձնելով իրենց պաշտոնները, հեռացան Երևանից և նահանգը կանգնեց քայքայման ու քաոսի առջև։

Կարդացեք նաև

Տեսնելով այդ ծայրահեղ անհասկանալի վիճակը, Երևանի հայրապետական թեմի փոխթեմակալ Խորեն եպիսկոպոս Մուրադբեկյանը կաթողիկոս Գևորգ 5-րդ Սուրենյանցի օգնությամբ փաստացի իր վրա վերցրեց Երևանի նահանգի ղեկավարի պաշտոնը՝ դառնալով Երևանի Ազգային խորհրդի նախագահ։ Նրա պաշտոնն ընդգրկում էր և ռազմական, և տնտեսական, և սոցիալական, և քաղաքական խնդիրներ։ Անհրաժեշտ էր սնունդ հայայթել գաղթականների համար, շարունակել տեղավորել նրանց նահանգի գյուղերում, ռազմաճակատում փոխարինել ռուսական զորամիավորումները հայկականով։ Այդ գործում նա համագործակցում էր Անդրանիկի, Դրոյի, Նազարբեկովի, Սիլիկյանի հետ։ Օրինակ՝ արխիվում պահպանված են նյութեր այն մասին, որ 1918թ. մայիսին Խորեն Սրբազանը Դիլիջանում մի քանի անգամ մասնակցել է նորաստեղծ հայկական կորպուսի նիստերին, նաև իր խոսքն է ասել պաշտպանողական մարտերի մասին»,-պատմեց Ստեփանյանցը։

Շարունակելով թեման, նա ասաց, որ Գևորգ 5-րդը, չնայած ստեղծված ծանր վիճակին, չլքեց Մայր Աթոռը և չգնաց Սևանի կղզի, ինչպես նրան առաջարկել էր գեներալ Սիլիկյանը, այլ մնաց թշնամու կողմից կիասապաշարման մեջ գտնվող Սուրբ Էջմիածնի մայրավանքում։ Բանախոսի փաստմամբ, 1918 թվականի մայիսին մեծ դեր է խաղացել հայ քահանայությունը՝ կազմակերպաչական ու քարոզչական մեծ աշխատանք տանելով, ծխատեր քահանաները, ջոկատներ կազմելով և անձամբ ղեկավարելով, մասնակցեցին Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերին, 1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Ազատ անկախ հայոց պետություն։

«Մինչ այդ Խորեն արքեպիսկոպոսն իր պարտականությունները հանձնել էր Արևելյան Հայաստանի ժամանակավոր ղեկավար Արամ Մանուկյանին։ Թիֆլիսից ժամանեց ՀՀ կառավարություն։ Մայր Աթոռը Ազգային կառավարության հետ ցանկանում էր միաբանություն, համագործակցություն և բարիդրացիական հարաբերություններ։ Հայ եկեղեցին սպասում էր, որ հետ կստանա այն ամենը, ինչ պատերազմի պատճառով առգրավել էին Կովկասի ցարական իշխանությունները՝ վանքապատկան շենքերը, այգիները, ջրաղացները, կրպակները, հողատարածքները և այլն։ Ճեմարանի շենքում էր գտնվում զինվորական հոսպիտալը, և հայ զինվորականները չէին պատրաստվում շենքը վերադարձնել, ավելին՝ հետ չէին տալիս վանքի խցերը։ Եվ դա, չնայած այն բանին, որ ՀՀ ղեկավարների մի զգալի մասը՝ Ավետիս Ահարոնյանը, Սիմոն Վրացյանը, Նիկոլ Աղբալյանը, Սիրեկան Տիգրանյանը, Աբրահամ Գյուլխանդարյանը, Արտաշես Աբեղյանը և ուրիշներ, ճեմարանականներ էին։

1919 թվականի հունիսի 13-ին Տիրայր ու Գարեգին սրբազանները Հանրային կրթության ու արվեստի նախարարին ներկայացրին վերաբացվող ճեմարանի Աստվածաբանական և հայագիտական ֆակուլտետներում դասավանդվող առարկաների ցուցակները։ Փաստորեն առջևում պայքար էր ճեմարան ունենալու համար։ Մայր Աթոռը ստեղծեց հատուկ հանձնաժողով ճեմարանը վերաբացելու համար, ճեմարանում դասավանդելու համար հրավիրեցին գիտնականներ Նիկողայոս Մառին, Նիկողայոս Ադոնցին և Մանուկ Աբեղյանին։ Այնուամենայնիվ ճեմարանը չբացվեց»,-ասաց Ստեփանյանցը, շարունակելով, որ չնայած մի շարք հարցեր մնացին չլուծված և օդից կախված, այնուամենայնիվ 1920 թվականի բոլշևիկյան մայիսյան ապստամբության ժամանակ Գևորգ 5-րդն անցավ ազգային կառավարության կողմը և բոլշևիկների դեմ ելույթ ունեցավ։

Բոլշևիկյան ապստամբությունը ճնշելուց հետո, ըստ բանախոսի, հասկանալով, որ այնուամենայնիվ բոլշևիկների կողմից Հայաստանը գրավելու վտանգը չի անցել, ՀՀ կառավարությունը Մայր Աթոռին առաջարկեց մի պայմանագիր կամ դաշնագիր կազմել՝ նվիրված եկեղեցի-պետություն հարաբերություններին, որը փաստացի Մայր Աթոռին ներքին լայն ինքնավարություն էր տալիս։

«Առաջին կետով Հայաստանը երաշխավորում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախամեծար, գերիշխան իրավունքները ազգային եկեղեցական ու բարոյական խնդիրներում։

Երկրորդ՝ հայաստանյայց եկեղեցին հռչակվում էր ենթակա միայն Մայր Աթոռին և Ամենայն Հայոց Կաթողիկոսի իրավասությանը՝ անկախ ՀՀ գերիշխանությունից։

Երրորդ՝ Հայաստանը չի միջամտում Մայր Աթոռի գործերին։

Չորրորդ՝ Մայր Աթոռն առանց որևէ սահմանափակման իրավունք ունի բացել հասարակական և կրոնակաբարոյական հաստատություններ։

Գտնվելով ծայրահեղ ծանր վիճակում՝ շրջապատված թշնամական պետություններով և պայքարելով իր անկախության համար, ՀՀ կառավարությունն, ի վերջո, գիտակցեց, որ անհրաժեշտ է համագործակցել Մայր Աթոռի հետ և ոչ թե պայքարել նրա դեմ»,-ասաց Ստեփան Ստեփանյանցը։

 

Տեսանյութեր

Լրահոս