
«Եկեղեցական ճարտարապետությունը եպիսկոպոսից ցածր որևէ հոգևորական չէր կարող ստեղծել». Լևոն Չուքասզյան
Արվեստաբան, արվեստագիտության դոկտոր Լևոն Չուքասզյանը հարկ է համարում ևս մեկ անգամ հիշեցնել՝ հայկական ամբողջ մշակույթը ստեղծվել է հայ հոգևորականության ձեռքով՝ գրեր, ճարտարապետություն, հոգևոր երաժշտություն և այլն։
Պատմաբանների՝ «Եկեղեցի՝ պետականության ակունքներում» համաժողովի ընթացքում, խոսելով այս հարցերի շուրջ, արվեստաբանը մեջբերեց իր ընկերներից մեկի և ամերիկացու զրույցը, որը տեղի էր ունեցել Խորհրդային Միության փլուզումից հետո։
«ԱՄՆ-ում ապրող ընկերներիցս մեկն իր ամերիկացի գործընկերոջ հետ խոսել է ՀՀ-ի մասին, որը Խորհրդային Միության փլուզումից հետո ձեռք էր բերել անկախություն։ Օտարազգին հարցնում է, թե ինչո՞ւ է հայերին անկախություն պետք, ընկերս սրամիտ պատասխան է տվել՝ ասելով, որ՝ գիտե՞ք, հայերը հիմա չէ, որ անկախ են, հայերը անկախ են իրենց գրով, որը նման չէ լատինական ու մյուս գրերին, անկախ են իրենց հոգևոր երաժշտությամբ, որը նման չէ բյուզանդական, ասորական կամ այլ հոգևոր երգեցողության, նաև անկախ են իրենց ճարտարապետությամբ, որը նման չէ ռոմանական ճարտարապետությանը։ Եվ մշակույթը հայ մարդու ուղեղի մեջ միշտ պարբերաբար ստեղծում է անկախության գաղափարը։
Իսկ ո՞վ է այս մշակութը ստեղծել, եկեղեցական ճարտարապետությունն ո՞վ է ստեղծել, բոլորը՝ հոգևորականությունը։ Եպիսկոպոսից ցածր ոչ մի այլ հոգևորական չէր կարող ստեղծել այդ կառույցները, դրանք բոլորը հաշվարկների վրա են, որ դարերի ընթացքում չեն քանդվել։ Դրանք այն հաշվարկներն են, որոնք հեթանոսությունից ժառանգել են մեր քրիստոնյաներին»,- իր խոսքում նշեց Լևոն Չուքասզյանը։
Նա նաև հիշեցրեց՝ հայկական ամբողջ ձեռագրական մշակույթը, գրիչները եղել են հոգևորականներ, հենց հոգևորականներն են պատվիրել այդ ձեռագրերը։
«Ովքե՞ր են նկարազարդել այդ ձեռագրերը, մեր տաճարները, բոլորը՝ հոգևորականները, հոգևոր մտավորականությունը։ Բացառիկ ու լուսավորյալ դեմքեր են եղել նրանց մեջ։ Ներսես Շնորհալուց սկսվում է մեր ոսկեդարը, մեր կաթողիկոսը՝ Կոնստանդին Առաջին Բարձրաբերդցին։ Եթե նա չլիներ, ինչպե՞ս կարող էր լինել Թորոս Ռոսլինը, նրանց ուսուցիչները, նրանց հետևորդները, ինչպե՞ս կլիներ այդ ոսկեդարը։ Այս կաթողիկոսն այնքան պատրաստված անձնավորություն էր, որ թագավորի առաջարկով կարող էր գնալ Կիպրոս և հանդիպել ֆրանսիական թագավորին և բանակցություններ վարել։ Այս կաթողիկոսը չափազանց համեստ մարդ էր, նրա մասին մի եվրոպացի ուխտավոր, որն այցելում է Ռոմկլա, ասում է՝ չափազանց համեստ, միշտ նույն հագուստով, միշտ պատարագին եկող, ով հովանավորել է ամենաընտիր նկարիչներին»,- նշեց Լևոն Չուքասզյանը։
Այս համատեքստում արվեստաբանը նշեց՝ չգիտես՝ ինչու, այսօր փորձում են մոռանալ, թե եկեղեցին ինչ նշանակություն է ունեցել հայ ժողովրդի կյանքում, քանի որ չեն ուսումնասիրում արվեստը։ Հետևաբար, որքան շատ իմանան արվեստի պատմությունը, այնքան շատ կտեսնեն, թե եկեղեցին ինչ է արել և ինչպես է հայ մարդուն հայ պահել։
«Եթե իտալացուն Ֆլորենցիայում կանգնեցնեք և հարցնեք, թե ո՞վ է Դա Վինչին, նա ձեզ կպատմի, հասարակ մարդուն հարցնեք Միքելանջելոյի մասին, նա կրկին ձեզ կասի։ Բայց դժբախտաբար, մենք տեր չենք կանգնում մեր արվեստին։
Ովքե՞ր են խաչքարերը ստեղծել, դրանց ստեղծողներն էլ են հոգևորականները»,- ընդգծեց արվեստաբանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում