Բաժիններ՝

Ռուսաստանը և Ուկրաինան նոր հարվածներ են փոխանակել. կան զոհեր և վիրավորներ

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են հարվածներ հասցնել մեկը մյուսի տարածքին։ Ռուսաստանի Իժևսկ քաղաքում (Ուդմուրտիա) ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածներից կան զոհեր և վիրավորներ։

Այս մասին հայտնել է տարածաշրջանի ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը։Նա չի հստակեցրել զոհերի և վիրավորների թիվը։ Հուլիսի 1-ին ավելի վաղ պաշտոնյան հայտնել էր, որ ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Իժևսկում գտնվող ձեռնարկություններից մեկին։

Բռնկվել են հրդեհներ։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջները։ Ձեռնարկության աշխատակիցները տարհանվել են։ Ըստ տեղի Telegram ալիքների՝ Իժևսկի քաղաքապետարանից հայտնել են, որ հուլիսի 1-2-ին պլանավորված ժամանցային միջոցառումները հետաձգվել են։

Իսկ ռուսական ուժերի հարվածներից Ուկրաինայի Նիկոլաևի մարզում 1 մարդ է զոհվել, ևս 1-ը՝ վիրավորվել։ Դնեպրոպետրովսկի մարզում ևս վաղ առավոտյան ռուսական կողմի հասցրած հարվածներից կան զոհեր և վիրավորներ, նրանց հստակ թիվը չի նշվում։

Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ տեղի իշխանությունները հայտնել են հրթիռային հարվածից հետո հրդեհի բռնկման մասին։ Իսկ գիշերը հարվածների է ենթարկվել Զապորոժիեն։ Քաղաքի ձեռնարկություններից մեկում հրդեհ է բռնկվել, վնասվել է 4 մասնավոր տուն։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ երկրի վրա ռուսական կողմն արձակել է 52 ԱԹՍ, որոնցից 47-ը խոցվել են։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է գիշերն ուկրաինական 60 ԱԹՍ խոցելու մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս