
Նիկոլը հրապարակավ դնում է ոչ թե լուծման, այլ բերված «պովոդ»-ով «նակազատ» անելու խնդիր. Արմեն Մինասյան

Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Նիկոլ Փաշինյանի այս գրառումը՝ շեշտելով. «Քաղվածքը Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառումից է։ Փորձենք վերլուծել։
«Սա էներգետիկ ճգնաժամ է»,- հայտարարում է նա՝ նկատի ունենալով հոսանքի անջատումները։ Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Ավինյանն ու նախորդներն այնքան շինթույլտվություններ են բաշխել ու կառուցապատման խտությունն այն աստիճանի է մեծացել, որ Երևանի հատկապես կենտրոնում ոչ մի ենթակառուցվածք այլևս բնականոն աշխատել չի կարող։ Եթե վերանանք ամեն ինչից՝ անջատումները ցանցերի բեռնվածության պատճառով (հատկապես, որ ամեն քայլափոխի «բալգարկա» ու «սվարկի ապարատ» է աշխատում) միանգամայն օրինաչափ են (այլ հարց է՝ ՀԷՑ-ը, քաղաքապետարանն ու պետությունն ինչ ռազմավարություն են ունեցել սա շտկելու)։ Բոլոր դեպքերում «ճգնաժամ» բառը տեղին չէ. Նիկոլը կամ տեղյակ չէ՝ ինչ էր կատարվում 1990-ականների սկզբին Հայաստանում, կամ չգիտի ճգնաժամ բառի իմաստը։ Կամ էլ (ինչն ամենահավանականն է)՝ քարոզչական նպատակով գույներ է խտացնում։
Երկրորդ՝ նորմալ երկրի ղեկավարը եթե ախտորոշում է խնդիր, պետք է առաջ քաշի խնդրի լուծման անհրաժեշտություն, այլ ոչ թե պատիժ։
Օրինակ՝ եթե ունենայինք պատասխանատու ղեկավար, նա ոչ թե կասեր՝ «ինձ բացատրություններ պետք չեն, ինձ հարկավոր են պատժամիջոցներ», այլ կասեր՝ «ինձ բերեք սպառիչ բացատրություններ և լուծման ուղիներ»։ Ասել է թե՝ Նիկոլը հրապարակավ դնում է ոչ թե լուծման, այլ բերված «պովոդ»-ով «նակազատ» անելու խնդիր։ Թե ուր է հասնելու հասարակությունն այս տրամաբանությամբ, հուշել պետք չէ, հատկապես, որ 3 միլիոն բնակչության և մի քանի հարյուր հազար իրավաբանական անձանց մեջ չկա գեթ մեկը, որը «պովոդի» տեղիք տված չլինի։
Եվ վերջապես. իրավական երկրում «ժողովրդին տված վնաս» կատեգորիա չկա։ Կան քաղաքացիա-իրավաան հարաբերություններ. եթե ժողովրդից որևէ մեկը (հասկանալ՝ քաղաքացի) համարում է, որ ՀԷՑ-ի կամ մեկ այլ սուբյեկտի պատճառով վնաս է կրել, պարզապես դիմում է դատարան, հիմնավորում է և ակնկալում է արդարացի որոշում՝ փոխհատուցման նշանակմամբ։ Հավաքական վնասը ոչ ավել-ոչ պակաս քարոզչական տրյուկ է։
Բայց եթե մենք իրավական երկիր չենք, և Նիկոլ Փաշինյանը համարում է, որ «ժողովրդին տված վնաս»-ը իրավական կատեգորիա է, ունեմ շատ կառուցողական առաջարկներ.
- Երևանի քաղաքապետարանին պատժել անընդհատ երթևեկության պրոբլեմներ հարուցելու, ԺՈՂՈՎՐԴԻ ազատ ժամանակը վատնելու և տնտեսական կորուստներ պատճառելու համար։
- Համատարած ճանապարհներին փոս փորողներին (Վեոլիայից մինչև ասֆալտապատողներ) պատժել ԺՈՂՈՎՐԴԻ շարժական գույքին հասցրած էական նյութական վնասի համար։
- Շինարարներին պատժել ԺՈՂՈՎՐԴԻ շնչած օդը ծայրաստիճան աղտոտելու համար, զուգահեռաբար Երևանի քաղաքապետարանը ազգայնացնել քաղաքի կանաչ զանգվածը վերացնելու համար։
Հ.Գ. Բնականաբար, ցանկը կարելի է շարունակել, բայց պետք է հավաստիացում, որ այսուհետ զբաղվում ենք բացառապես պատիժներով ու դրանց հիմքում էլ դնում ենք «ժողովրդի կրած վնասը», այլապես ստիպված ենք արձանագրել, որ երկրում խլոցիի մեկնարկն այլևս տրված է»։