
1 օրվա ընթացքում՝ երկու հայտարարություն ՌԴ ԱԳ նախարարությունից ՀՀ-ի վերաբերյալ

Վերջին օրերին ռուսական պաշտոնական շրջանակները սկսել են ակտիվորեն անդրադառնալ ՀՀ ներքին ու արտաքին զարգացումներին։ Այս ամենը համընկավ ՀՀ իշխանությունների՝ եկեղեցու դեմ արշավի ու ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի՝ Երևան կատարած այցի հետ։ Այսօր ՌԴ ԱԳՆ-ն երկու հայտարարություն է արել Հայաստանի հետ հարաբերությունների ու ՀՀ արտաքին քաղաքականության, մասնավորապես՝ եվրոպական վեկտորի վերաբերյալ։
Ռուսական ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ, Ռուսաստանի ԱԳ նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի փոխտնօրեն Դմիտրի Մասյուկը հայտարարել է, թե Հայաստանը կողմնորոշում է վերցնում դեպի Արևմուտք՝ հաճախ իր ազգային շահերին ի վնաս, օրինակ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ համագործակցությունից հեռանալը։
«Մենք զգում ենք արևմտականների ապակառուցողական ազդեցությունը Հայաստանում։ Ցավոք, հարավկովկասյան այս հանրապետությունն այդքան էլ չի դիմադրում այս փոփոխություններին և շարունակում է կողմնորոշումը դեպի Արևմուտք, հաճախ՝ ի վնաս իր ազգային շահերի։ Կոնկրետ օրինակ է Երևանի՝ ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունից հեռանալը»,- ասել է նա «Կովկասյան երկխոսություն» գիտակրթական ծրագրի բացման ժամանակ։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ այս կազմակերպության ներուժը տարածաշրջանում կայունություն ապահովելու հարցում մեծ է։
Մասյուկի խոսքով, Մոսկվան շահագրգռված է պահպանել բարեկամական հարաբերությունները Երևանի հետ։
«Մենք հետաքրքրված ենք ՀՀ-ի հետ բարեկամական հարաբերությունները պահպանելու հարցում այդ երկրում օրինականությունը և հանգստությունը պահպանելու համար»,- ասել է նա։
Մասյուկը նաև ասել է, թե ՌԴ-ն կարծում է, որ «հանրապետությունում քաղաքական անկայունության շրջանը, այդ թվում՝ Հայաստանի վարչապետի վերջին հայտարարությունները պետական հեղաշրջման փորձը կանխելու մասին ՀՀ-ի ներքին գործն են»։
«ՌԻԱ Նովոստի»-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, թե ԱՄՆ-ի և ԵՄ-ի ցանկությունն է՝ Ռուսաստանին դուրս մղել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից, մեծացնում է տարածաշրջանում անվտանգության սպառնալիքները։
«Մենք կարևոր ենք համարում խաղաղության գործընթացի ամրապնդումը տարածաշրջանային երկրների, ընկերների շրջանակում՝ Հարավային Կովկասի երկրների և հարակից գործընկեր պետությունների շրջանակում, բացառելով արտաքին ապակառուցողական միջամտությունը»,- մանրամասնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը։
Լավրովի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է գործընկերային աջակցություն ցուցաբերել Բաքվի և Երևանի միջև 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերի հիման վրա բանակցությունների հաջող ավարտի համար՝ այն ձևով և այն չափով, որը կպահանջվի երկու կողմերի կողմից։
Ուշագրավ է, որ ռուսական դիվանագիտության այս անդրադարձերը տեղի են ունենում ռուս-ադրբեջանական աննախադեպ սրացման պայմաններում, երբ հունիսի 27-ին Ռուսաստանի անվտանգության Դաշնային ծառայության աշխատակիցները խուզարկել էին Եկատերինբուրգում գտնվող ազգությամբ ադրբեջանցիների տները։
Գործողության արդյունքում հայտնի է, որ մահացել են երկու ադրբեջանցի եղբայրներ Զիյադդին և Հուսեյն Սաֆարովները։ Եվս մի քանի տասնյակ մարդ ձերբակալվել էր։ Բոլոր անձինք, ըստ ռուսական մամուլի հրապարակումների, այս կամ այն կերպ կապ ունեն 2001-ին տեղի ունեցած սպանության գործի հետ: Ադրբեջանը սա դիտարկել է՝ որպես ՌԴ-ի կողմից ոչ բարեկամական քայլ, սկսել երկրի ներսում ռուսների ձերբակալություններ, չեղարկելով ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի այցը, չեղարկելով Ռուսաստանի հետ պետական և մասնավոր խողովակներով համաձայնեցված բոլոր միջոցառումները։ Հատկանշական է նաև այն, որ նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել էր ՀՀ ներքին զարգացումներին և իշխանությունների՝ Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր դասի դեմ արշավին, իր մտահոգությունը հայտնելով։
Կարճ ժամանակ անց Երևանում ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Սերգեյ Լավրովին և ռուս այլ պաշտոնյաների հորդորեց չմիջամտել ՀՀ ներքին գործերին։