Ռիչարդ Կիրակոսյան. Ռազմական գործողությունները կարող են վերսկսվել սեպտեմբերին կամ հոկտեմբերին

Օգոստոսի 28-ին Հայաստանի պատվիրակությունը Թուրքիայի հրավերով Անկարայում ներկա գտնվեց Թուրքիայի նորընտիր Նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը: Պատվիրակությունը գլխավորում էր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Արտգործնախարարի այցը քննարկման առարկա դարձավ և՛ Թուրքիայում, և՛ Հայաստանում: Մեզ մոտ գործիչների և վերլուծաբանների մի մասը պաշտպանեց Հայաստանի որոշումը` արարողությանը մասնակցել արտգործնախարարի մակարդակով, իսկ մյուս մասն, ընդհակառակը, հանդես եկավ խիստ քննադատությամբ` հիշեցնելով, որ Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի հետ սահմանները, և երկրորդը` Էրդողանը նախընտրական շրջանում վիրավորական արտահայտություն է թույլ տվել հայ ժողովրդի հասցեին:

Նալբանդյանի այցը պաշտպանել է նաև Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը: Կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանն իր հայտարարության մեջ նշել է, որ Հայաստանի արտգործնախարարի ներկայությունը կարևոր էր, չնայած այն փաստին, որ Թուրքիան դեռևս դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել Հայաստանի հետ կամ չի բացել Հայաստանի հետ սահմանը:

Նրա խոսքով` այդ այցը Հայաստանին յուրօրինակ հնարավորություն տվեց միանալու ավելի քան 90 երկրների ներկայացուցիչներին` ցույց տալով Հայաստանի կարևորությունը համաշխարհային քաղաքականության ու դիվանագիտության մեջ և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` ընդգծելով Հայոց ցեղասպանության ճանաչման հրամայականը, երկրորդը, ընդունելով Թուրքիայի հրավերը` մասնակցել երդմնակալությանը, Հայաստանը հետագայում էլ կարողացավ պահպանել Թուրքիայի վրա քաղաքական ճնշում գործադրելու հնարավորությունը` ամրապնդելով Հայաստանի արդեն իսկ ուժեղ դիրքերը միջազգային հանրության աչքերում, որն ընդունում է, որ այժմ բոլոր սպասումները թուրքական կողմից են:

Կարդացեք նաև

«Արտգործնախարար Նալբանդյանը հերթական անգամ հնարավորություն ստացավ ցույց տալու, որ Հայաստանը հետևողականորեն ձգտում է ընդլայնել ակտիվ երկխոսությունը և դիվանագիտական ներգրավվածությունը և ուրույն դիրք ունենալով տարածաշրջանում` հարձակողական սպառնալիք չի ներկայացնում իր հարևան երկրներից որևէ մեկի համար»,- մասնավորապես նշված է հայտարարության մեջ:
Այս և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ է մեր զրույցը Ռիչարդ Կիրակոսյանի հետ:

– Ընդհանուր առմամբ դա Հայաստանի արտգործնախարարի համար յուրօրինակ հնարավորություն էր` ուժեղացնելու Հայաստանի արտաքին քաղաքականությունը` նաև այն պատճառով, որ Թուրքիայի արտգործնախարարությունը, հրավիրելով Հայաստանին, դիմել էր բլեֆի. իրականում Թուրքիան ուղարկել էր այս հրավերը` հույս ունենալով, որ Հայաստանը կմերժի: Սա նաև ստիպեց Էրդողանին ճանաչել Հայաստանի արտգործնախարարին: Ըստ իս` սա Հայաստանի արտգործնախարարության կողմից հասուն դիվանագիտության դրսևորում էր:

– Թուրքիայի այդ քա՞յլն էր պատճառը, որ Նալբանդյանն էլ իր հերթին` Էրդողանին փոխանցեց Սերժ Սարգսյանի հրավերը` մասնակցելու 2015 թ. ապրիլի 24-ի միջոցառումներին:

– Այո:

– Փաստորեն, գործընթացները շարունակում են զարգանալ «ֆուտբոլային դիվանագիտության» տրամաբանության մեջ:

– Իհարկե, սա ֆուտբոլային խաղ է, որում Հայաստանը շարունակում է հաղթել:

– Անկարան բավական զգուշավոր դիրք գրավեց ամռան ամիսներին ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցած իրադարձություններից հետո: Նկատի ունեմ` Թուրքիան խուսափեց Ադրբեջանի գործողություններն ուղղակիորեն պաշտպանելուց: Կարելի՞ է ասել, որ Թուրքիան որոշ չափով փոխել է շեշտադրումներն իր տարածաշրջանային քաղաքականության մեջ:

– Անկարան, իհարկե, չպաշտպանեց Ադրբեջանին, ավելին` դիվանագիտական առումով թուրքերը դեմ հանդես եկան: Իրականում այդ շեշտադրման փոփոխությունը կապված է Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների և դրանց անկման հետ, սակայն պետք է նկատել, որ դա նոր երևույթ չէ:

– Օգոստոսի 19-ին Նախիջևանում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը, Ձեր կարծիքով, ավելի շատ ո՞ւմ դեմ էր ուղղված, Հայաստանի՞, թե՞ Ռուսաստանի:

– Երկուսի դեմ` միաժամանակ: Հայաստանի պաշտպանության նախարարությունը ճիշտ վարվեց` արտահայտելով իր մտահոգությունը և միաժամանակ ցույց տալով, որ այդ հանդիպումն առայժմ լուրջ սպառնալիք չէ:

– Դուք համաձա՞յն եք այն տեսակետի հետ, որ այս երեք երկրները փորձում են այլընտրանք ստեղծել ՀԱՊԿ-ին:

– Ոչ, բացարձակապես համաձայն չեմ, բայց դա, կարծես թե, պատասխան էր Ուկրաինայում Պուտինի գործողություններին:

– Իսկ սահմանային վերջին միջադեպերն ի՞նչ ազդեցություն ունեցան ղարաբաղյան հակամարտության և բանակցային գործընթացի վրա:

– Մենք կարող ենք ասել, որ Ադրբեջանի գործողություններն ավելի հետ գցեցին բանակցային գործընթացը: Սա նաև ցույց տվեց, որ թշնամիներ ձեռք բերելու, ընկերներին կորցնելու և միջազգային հանրությանը զայրացնելու գործում Ադրբեջանին հավասարը չկա: Ալիևի այս սխալը նորություն չէ. սա մասն է ավելի խորը խնդրի, որ Հայաստանը խաղաղության դաշնակից չունի:

– Ձեզ մոտ չի՞ ստեղծվել տպավորություն, որ այս իրադարձությունները գնալով ավելի են կողմերին հեռացնում խաղաղությունից, հասարակությունների մեջ խորացնում են թշնամանքը միմյանց հանդեպ, պատերազմի փիլիսոփայությունը:

– Այո, ես միանշանակ համաձայն եմ, և սա լուրջ վտանգ է: Սակայն ռազմական տեսանկյունից ավելի կարևոր է ոչ թե այն, թե ինչ տեղի ունեցավ, այլ այն, թե ինչ տեղի չունեցավ: Նկատի ունեմ` Ադրբեջանի ռազմական գործողություններն իրականում ցույց տվեցին, թե որքան թույլ է ադրբեջանական բանակը, և որքան ուժեղ են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը:

– Իսկ ի՞նչը կարող է խոչընդոտել Ադրբեջանին` հաջորդ անգամ չդիմելու սահմանային սադրանքների:

– Խոչընդոտն Ադրբեջանի ղեկավարությունն է: Ակնհայտ է, որ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել սեպտեմբերին կամ հոկտեմբերին: Խնդիրն այն է, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն այսօր այլ տեսակի թշնամու դեմ են կանգնած. թշնամին թույլ է և անկանխատեսելի: Ադրբեջանը ոչ մի դաս չի քաղում, սակայն նա դեռևս ապրում է նախորդ պատերազմով, մինչդեռ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պատրաստվում են հաջորդ պատերազմին:

– Արևմուտքի և Ադրբեջանի հարաբերությունների վատթարացումը որքանո՞վ է ազդում հիմնախնդրի վրա:

– Որքան այդ հարաբերությունները վատանում են, այնքան պակասում են Արևմուտքի լծակներն Ադրբեջանի վրա` հատկապես ուկրաինական իրադարձություններից հետո: Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսներն առաջվա պես շատ կարևոր են, և Պուտինի գործոնը, ցավոք սրտի, մեծացնում է Ադրբեջանի ռազմավարական նշանակությունն Արևմուտքի համար:

– Հայկական բանակի գործողությունները նշված ժամանակահատվածում ինչ-որ առումով մեծացրեցի՞ն Հայաստանի նշանակությունը տարածաշրջանում:

– Այո, քանի որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բանակները երբեք չեն դադարեցրել իրենց կատարելագործումը` ի տարբերություն Ադրբեջանի, որը երբեք էլ այն չի սկսել: Սա վերաբերում է և՛ բարեփոխումներին, և՛ խաղաղապահ ուժերին:

– Արդյոք սա չի՞ ապացուցում, որ Հայաստանում դիվանագիտությամբ ավելի շատ զբաղվում են ռազմական գործիչները, քան դիվանագետները:

– Ոչ, ոչ: Հայկական դիվանագիտությունն ավելի ուժեղ է, երբ այն համադրվում է ռազմական ուժի և կայունության հետ: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շատ լավ աշխատանք կատարեց ռազմական դիվանագիտության ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս