Բաժիններ՝

Հրայր Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ եւ լրագրող Հրայր Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազ պարոն Գեւորգ Կոստանյանին եւ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին:

Հաղորդման մեջ ասվում է. «2014 թվականի հունիս ամսին Վլադ Հակոբյան անունով ներկայացած անձը, հանդես գալով որպես ՀՀ ԱԱԾ աշխատակից, ինձ՝ Հրայր Մանուկյանիս, առաջարկություն է արել համագործակցել ՀՀ ԱԱԾ-ի հետ։

Որպես պատասխան իմ մերժմանը՝ սպառնացել է ինձ, իմ եւ «Ժառանգություն» կուսակցության քաղաքական եւ աշխատանքային գործունեության ծավալման հետ կապված բացասական հետեւանքների մասին:

Վլադ Հակոբյանը հանդիսանում է ՀՀ գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանի խորհրդական Նարեկ Արաքսման-Մանուկյանի ընկերը, ով էլ ինձ ծանոթացրել է Վլադ Հակոբյանի հետ՝ սրճարանում մեր հանդիպման ժամանակ ներկայացնելով նրան որպես ՀՀ ԱԱԾ աշխատակից։

Վլադ Հակոբյանը, անկախ այն հանգամանքից, որ ես արդեն մեկ անգամ մերժել էի ՀՀ ԱԱԾ-ի հետ համագործակցության առաջարկը, պնդեց, որ նորից հանդիպեմ նրա հետ: Այդ հանդիպումը տեղի ունեցավ 2014 թվականի հունիսի 30-ին, որի ժամանակ ես ձայնագրել եմ նրա հետ տեղի ունեցած մեր զրույցը, որը հրապարակվել է տարբեր լրատվամիջոցներով, եւ որի ձայնագրության էլեկտրոնային կրիչը կից կներկայացնում եմ սույն հաղորդման հետ:

Ուստի հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ հանցագործության մասին սույն հաղորդմանը»:

Մանուկյանը կից ներկայացրել է ձայնագրության կրիչը եւ իր անձնագրի պատճենը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս