Պարոն կանցլեր Մերց, սովորեք պատմությունը և եղեք ազնիվ. Ջեֆրի Սաքսի բաց նամակը՝ Գերմանիայի կանցլերին
Եվրոպական անվտանգության հիմնարար սկզբունքն անվտանգության երաշխիքների երկկողմանիությունն է։ Անվտանգությունն անբաժանելի է։ Ինչպես հաղորդում է գերմանական «Բեռլիներ ցայտունգ» օրաթերթը՝ այս մասին գրել է Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, տնտեսագիտության պրոֆեսոր, միջազգային քաղաքականության վերլուծաբան Ջեֆրի Սաքսը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Ֆրիդրիխ Մերցին ուղղված բաց նամակում։
«Անվտանգությունն անբաժանելի է, և պատմությունը կարևոր է». ներկայացնում ենք աշխարհահռչակ պրոֆեսոր Ջեֆրի Սաքսի բաց նամակի տեքստն ամբողջությամբ
«Կանցլեր Մերց,
Դուք բազմիցս խոսել եք Եվրոպայի անվտանգության նկատմամբ Գերմանիայի պատասխանատվության մասին։ Այդ պատասխանատվությունը չի կարող իրականանալ՝ սոսկ կարգախոսներով, ընտրովի պատմական հիշողությամբ կամ պատերազմի հռետորաբանության աստիճանական նորմալացմամբ։ Անվտանգության երաշխիքները միակողմանի գործիքներ չեն․ դրանք գործում են երկկողմանի։ Սա ոչ ռուսական, և ոչ էլ ամերիկյան պնդում է․ սա եվրոպական անվտանգության հիմնարար սկզբունք է, որը հստակ ամրագրված է Հելսինկյան եզրափակիչ ակտում, ԵԱՀԿ համակարգում և հետպատերազմյան դիվանագիտության տասնամյակներում։
Գերմանիան պարտավոր է այս պահը գնահատել պատմական լրջությամբ և ազնվությամբ։ Այդ առումով վերջին շրջանում հնչած հռետորաբանությունն ու քաղաքական որոշումները վտանգավոր կերպով հեռու են այդ պահանջից։
1990 թվականից սկսած՝ Ռուսաստանի հիմնական անվտանգության մտահոգությունները շարունակաբար անտեսվել, նսեմացվել կամ բացահայտ խախտվել են՝ հաճախ Գերմանիայի ակտիվ մասնակցությամբ կամ լռելյայն համաձայնությամբ։ Եթե նպատակ է դրվում կանգնեցնել պատերազմն Ուկրաինայում, ապա այս անցյալը չի կարող ջնջվել, իսկ եթե Եվրոպան ցանկանում է խուսափել մշտական դիմակայությունից՝ այն չի կարող անտեսվել։
Սառը պատերազմի ավարտին Գերմանիան սովետական, ապա ռուս առաջնորդներին տվել էր հստակ և բազմաթիվ հավաստիացումներ, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի դեպի արևելք։ Այդ հավաստիացումները տրված էին Գերմանիայի վերամիավորման համատեքստում։ Գերմանիան հսկայական օգուտներ ստացավ այդ պայմանավորվածություններից։ Ձեր երկրի արագ վերամիավորումը՝ հենց ՆԱՏՕ-ի կազմում, չէր կարող իրականություն դառնալ առանց խորհրդային համաձայնության, որն էլ հիմնված էր այդ պարտավորությունների վրա։ Հետագայում պնդելը, թե այդ խոստումները կարևորություն չունեին կամ պարզապես «անկանոն մեկնաբանություններ» էին, իրականությանը չեն համապատասխանում։ Դա պատմության վերաշարադրում է։
1999-ին Գերմանիան մասնակցեց Սերբիայի դեմ ՆԱՏՕ-ի ռմբակոծությանը՝ ՆԱՏՕ-ի առաջին լայնածավալ պատերազմին, որն իրականացվեց առանց ՄԱԿ ԱԽ մանդատի։ Սա պաշտպանական գործողություն չէր։ Դա նախադեպային միջամտություն էր, որն արմատապես փոխեց հետսառըպատերազմյան անվտանգության համակարգը։ Սերբիան Ռուսաստանի համար սոսկ աշխարհագրական կետ չէր։ Մեսիջն աներկբա էր․ ՆԱՏՕ-ն պատրաստ է ուժ կիրառել իր տարածքից դուրս, առանց ՄԱԿ-ի թույլատվության և առանց հաշվի առնելու Ռուսաստանի առարկությունները։
2002-ին ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս եկավ Հակահրթիռային պաշտպանության համակարգերի սահմանափակման մասին պայմանագրից, որը երեք տասնամյակ եղել էր ռազմավարական կայունության անկյունաքար։ Գերմանիան լուրջ դիմադրություն չցուցաբերեց։ Սակայն սպառազինությունների վերահսկման համակարգի քայքայումը տեղի չունեցավ դատարկ տեղում։ Ռուսաստանին մոտ տեղակայված հակահրթիռային համակարգերը Մոսկվայում ընկալվեցին որպես ապակայունացնող հանգամանք։ Այդ ընկալումները «պարանոյա» որակելը քաղաքական քարոզչություն էր, ոչ թե ռացիոնալ դիվանագիտություն։
2008-ին Գերմանիան ճանաչեց Կոսովոյի անկախությունը՝ չնայած այն զգուշացումներին, որ դա կխարխլի տարածքային ամբողջականության սկզբունքը և վտանգավոր նախադեպ կդառնա այլ վայրերում։ Ռուսաստանը ևս մեկ անգամ մերժվեց՝ առանց լուրջ քննարկման։
ՆԱՏՕ-ի ընդլայնման հետևողական ճնշումը՝ դեպի Ուկրաինա և Վրաստան, որը պաշտոնապես հռչակվեց 2008-ի Բուխարեստի գագաթնաժողովում, հատեց ամենավառ «կարմիր գիծը»՝ չնայած Մոսկվայի տարիներով հնչեցվող, հստակ, հետևողական և կտրուկ զգուշացումներին։ Երբ մի մեծ տերություն տասնամյակներ շարունակ ընդգծում է իր հիմնական անվտանգության շահը, դրա անտեսումը դիվանագիտություն չէ։ Դա կանխատեսելի սրացում է։
Գերմանիայի դերն Ուկրաինայում 2014-ից սկսած հատկապես մտահոգիչ է։ Բեռլինը՝ Փարիզի և Վարշավայի հետ, 2014թ. փետրվարի 21-ի համաձայնագրի երաշխավորն էր՝ կնքված նախագահ Յանուկովիչի և ընդդիմության միջև՝ բռնությունը դադարեցնելու և սահմանադրական կարգը պահպանելու համար։ Մի քանի ժամ անց համաձայնագիրը փլուզվեց։ Հետխորհրդարանական, ուժային փոփոխություն տեղի ունեցավ։ Նոր կառավարությունը ձևավորվեց սահմանադրությունից դուրս ընթացակարգով։ Գերմանիան անմիջապես ճանաչեց ու աջակցեց այդ նոր վարչակազմին։ Գերմանիայի երաշխավորված համաձայնագիրը մնաց զրոյի վրա՝ առանց հետևանքների։
2015-ի Մինսկ-2-ը պետք է լիներ ուղղիչ քայլը՝ արևելյան Ուկրաինայում պատերազմի դադարեցման բանակցային ձևաչափը։ Գերմանիան կրկին ստանձնեց երաշխավորի դերը։ Բայց 7 տարի շարունակ Մինսկ-2-ը Կիևի կողմից չկատարվեց։ Ուկրաինան բացահայտ մերժեց դրա քաղաքական դրույթները։ Գերմանիան չպաշտպանեց պայմանավորվածությունը։
Եվրոպայի և Գերմանիայի նախկին ղեկավարները հետագայում ընդունեցին, որ Մինսկը գործնականում դիտարկվում էր ոչ թե որպես խաղաղության ծրագիր, այլ որպես ժամանակ ձգելու միջոց։ Միայն այդ խոստովանությունն արդեն պետք է ստիպեր վերաիմաստավորել ամեն ինչ։
Այս ամենի ֆոնին՝ ավելի շատ զենքի, ավելի կոշտ հռետորաբանությունը և «դիմակայելու» կոչերը հնչում են՝ որպես դատարկ մի բան։ Դրանք Եվրոպայից պահանջում են մոռանալ ոչ վաղ անցյալը՝ արդարացնելու համար մշտական հակամարտության ապագան։
Բավակա՛ն է քարոզչությունը։ Բավակա՛ն է հանրության բարոյական մանկամտացումը։ Եվրոպացիները լիովին ունակ են հասկանալու, որ անվտանգության դիլեմաներն իրական են, որ ՆԱՏՕ-ի գործողություններն ունեն հետևանքներ, և, որ խաղաղությունը չի հաստատվում՝ ձևանալով, թե Ռուսաստանի անվտանգության մտահոգությունները պարզապես գոյություն չունեն։
Եվրոպական անվտանգությունն անբաժանելի է։ Այդ սկզբունքը նշանակում է, որ ոչ մի երկիր չի կարող ամրապնդել իր անվտանգությունն այլ երկրի հաշվին՝ առանց առաջ բերելու անկայունություն։ Դա նաև նշանակում է, որ դիվանագիտությունը զիջողականություն չէ, իսկ պատմական ազնվությունը դավաճանություն չէ։
Գերմանիան մի ժամանակ դա հասկանում էր։ «Ostpolitik»-ը («արևելյան քաղաքականությունը») թուլություն չէր․ այն ռազմավարական հասունություն էր։ Այն շեշտում էր, որ Եվրոպայի կայունությունը հիմնված է համագործակցության, զենքի վերահսկման, տնտեսական փոխկապակցվածության և Ռուսաստանի օրինական անվտանգային շահերի նկատմամբ հարգանքի վրա։
Այսօր Գերմանիային այդ հասունությունն անհրաժեշտ է նորից։ Դադարեցրեք խոսել այնպես, կարծես պատերազմն անխուսափելի է կամ առաքինություն է։ Դադարեցրեք ռազմավարական մտածողությունը փոխարինել դաշինքային նարատիվներով։ Սկսեք լրջորեն զբաղվել դիվանագիտությամբ՝ ոչ թե որպես հանրության հետ կապերի (PR) վարժություն, այլ՝ որպես եվրոպական անվտանգության ճարտարապետությունը վերակառուցելու իրական ջանք, որը կներառի, այլ ոչ թե կբացառի Ռուսաստանը։
Վերականգնված եվրոպական անվտանգության համակարգը պետք է սկսվի հստակությամբ և զսպվածությամբ։ Նախ՝ անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի արևելյան ընդլայնման միանշանակ դադարեցում՝ դեպի Ուկրաինա, Վրաստան կամ այլ պետություններ Ռուսաստանի սահմանների երկայնքով։
ՆԱՏՕ-ի ընդլայնումը հետսառըպատերազմյան կարգի անխուսափելի հետևանք չէր․ դա քաղաքական ընտրություն էր, որը կայացվել էր 1990 թվականին տրված հանդիսավոր երաշխիքների խախտմամբ և իրականացվել՝ չնայած բազմիցս նախազգուշացումներին, որ այն անկայունացնելու է Եվրոպան։
Անվտանգությունն Ուկրաինայում չի ապահովվելու գերմանական, ֆրանսիական կամ այլ եվրոպական երկրների զորքերի տեղակայումով, ինչը միայն կխորացնի բաժանարար գծերը և կերկարացնի պատերազմը։ Այն կարող է ապահովվել միայն չեզոքությամբ՝ միջազգային հուսալի երաշխիքներով։ Պատմական փաստն անվիճելի է․ ո՛չ Խորհրդային Միությունը, ո՛չ Ռուսաստանի Դաշնությունը հետպատերազմյան շրջանում չեն խախտել չեզոք պետությունների ինքնիշխանությունը՝ Ֆինլանդիայի, Ավստրիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի և այլ երկրների։ Չեզոքությունն աշխատել է, որովհետև հասցեագրում էր անվտանգության օրինական մտահոգություններ բոլոր կողմերի համար։ Չկա որևէ լուրջ պատճառ ձևանալու, թե այն չի կարող աշխատել կրկին։
Երկրորդ. կայունությունը պահանջում է ապառազմականացում և փոխադարձություն։ Ռուսական ուժերը պետք է հեռու պահվեն ՆԱՏՕ-ի սահմաններից, իսկ ՆԱՏՕ-ի ուժերը՝ ներառյալ հրթիռային համակարգերը, պետք է հեռու պահվեն Ռուսաստանի սահմաններից։ Անվտանգությունը երկկողմանի է, ոչ՝ միակողմանի։ Սահմանային տարածքները պետք է ապառազմականացվեն վերահսկելի՝ ստուգելի համաձայնագրերով, ոչ թե լցվեն նոր ու նոր զինատեսակներով։
Պատժամիջոցները պետք է վերացվեն բանակցային լուծման շրջանակում․ դրանք չեն բերել խաղաղություն և լուրջ վնաս են հասցրել հենց Եվրոպայի տնտեսությանը։
Մասնավորապես Գերմանիան պետք է մերժի ռուսական պետական ակտիվների կարգազրկումը․ դա միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, որը քանդում է վստահությունը համաշխարհային ֆինանսական համակարգի նկատմամբ։ Գերմանական արդյունաբերությունը վերակենդանացնելը՝ օրինական, բանակցությամբ կառուցված առևտրի միջոցով Ռուսաստանի հետ, չի նշանակում կապիտուլյացիա։ Դա տնտեսական իրատեսություն է։ Եվրոպան չպետք է կործանի սեփական արտադրական ներուժը՝ բարոյականության մասին դատարկ հայտարարությունների համար։
Եվ վերջապես, Եվրոպան պետք է վերադառնա սեփական անվտանգության ինստիտուցիոնալ հիմքերին։ ԵԱՀԿ-ն, ոչ թե ՆԱՏՕ-ն, պետք է կրկին դառնա եվրոպական անվտանգության, վստահության ձևավորման և սպառազինության վերահսկման կենտրոնական հարթակը։ Եվրոպայի ռազմավարական ինքնուրույնությունը հենց դա է նշանակում․ եվրոպական անվտանգային կարգ, որը ձևավորվում է եվրոպական շահերի, ոչ թե մշտական ենթարկությամբ ՆԱՏՕ–ի ընդլայնման քաղաքականությանը։
Ֆրանսիան կարող է արդարացիորեն տարածել իր միջուկային զսպման համակարգը՝ որպես եվրոպական անվտանգության «անձրևանոց», սակայն միայն խիստ պաշտպանական տրամաբանությամբ և առանց Ռուսաստանի համար սպառնալիք ստեղծող առաջ մղված համակարգերի։
Եվրոպան անհապաղ պետք է պահանջի վերադարձ Միջին հեռահարության միջուկային զենքի շրջանակային համաձայնագրին և համապարփակ ռազմավարական միջուկային սպառազինության վերահսկման շուրջ բանակցություններ՝ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի, իսկ ժամանակի ընթացքում՝ նաև Չինաստանի մասնակցությամբ։
Ամենակարևորը, պարոն կանցլեր Մերց, սովորվեք պատմությունը և եղեք ազնիվ։ Առանց ազնվության չի կարող լինել վստահություն։ Առանց վստահության չի կարող լինել անվտանգություն։ Իսկ առանց դիվանագիտության՝ Եվրոպան վտանգում է կրկնել այն աղետները, որոնցից, ըստ իր խոսքերի, դասեր է քաղել։
Պատմությունը կվճռի, թե ինչն է Գերմանիան նախընտրում հիշել, և ինչն է նախընտրում մոռանալ։ Այս անգամ թող Գերմանիան ընտրի դիվանագիտությունն ու խաղաղությունը և պահի իր խոսքը»։
Հարգանքներով՝
ՋԵՖՐԻ Դ. ՍԱՔՍ
Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր
Հրապարակման պատրաստեց Արամ Սարգսյանը
