Լավ կլինի՝ այդ խայտառակված, ձախողված շանտաժիստն իրենից մաքրի մեր պետությունը. Արթուր Խաչիկյան

«Մենք տեսնում ենք մեր ազգային խայտառակության սերիալի հաջորդ սերիան ամեն օր։ Ես ասել եմ՝ սա ինչ-որ սարսափի գնացք է․ ամեն անգամ հասնում ես նոր կայարան, դուրս ես գալիս, ու ինչ-որ սարսափելի բան է կատարվում։ Այսպիսի վայրենություն որևէ ցիվիլ երկրում անհնար է պատկերացնել, որ երկրի այսպես խայտառակված, ձախողված ղեկավարը՝ շանտաժիստ լրագրողը, կարծում է, որ մի ամբողջ հանրապետություն կարող է ղեկավարել իր կոմպրոմատներով, իր շանտաժներով։ Անհնար է պատկերացնել, որ որևէ ցիվիլ երկրում պետությունն այսպես միջամտի եկեղեցու գործերին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։

«Մի մարդ, որը բոլորիս խաբեց, որը 3 անգամ պատերազմ բերեց, պարտություն բերեց, հազարավոր երիտասարդներ սպանել տվեց, նա խոսում է եկեղեցին մաքրելու մասին։ Լավ կլինի՝ ինքն իրենից մաքրեր մեր պետությունը, որ մենք կարողանայիք այս խայտառակությունից դուրս գալ»,- նշեց նա՝ ընդգծելով, որ ապրում ենք փսիխոպատ մարդու երազում։

«Դավաճան իշխանությունն ունի դավաճան եկեղեցականներ, և գյադայության կառավարությունը համապատասխան ընտրազանգված ունի, որն իր հետևից գնում է՝ գոռգոռում, վիրավորում և ոստիկանության օգնությամբ ներթափանցում մեր Մայր Տաճար։ Հարցն այն է, թե մեր հասարակության մեծ մասը երբ կհասկանա, որ հաջորդ քայլն ուղղակի Հայաստանը կազմալուծվելու է, մեր եկեղեցին կազմալուծվելու է, մենք բոլորս գնալու ենք օդանավակայան»,- ընդգծեց նա։

Կարդացեք նաև

Բրյուսելում լրագրողների հետ զրույցում ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասն ասել է, որ Հայաստանը դիմել է ԵՄ-ին «առաջիկա ընտրություններին արտաքին միջամտության դեմ պայքարում» օգնելու խնդրանքով։ Նրա խոսքով՝ Երևանը հույս ունի ստանալ այնպիսի աջակցություն, ինչպիսին Բրյուսելն ավելի վաղ տրամադրել է Մոլդովային։ Կալասը նշել է, որ Եվրամիությունը շուտով կքննարկի ընտրությունների նախաշեմին Հայաստանին օգնելու հնարավոր ձևաչափերը։

Թեմայի վերաբերյալ խոսելիս՝ Արթուր Խաչիկյանը պատկերավոր օրինակ բերեց․ «Սա նման է նրան, որ ես գամ՝ ձեր տնից գողություն անեմ, դուք ասեք՝ ինչո՞ւ եք դա անում, ասեմ՝ Ռուսաստանն էր ուզում գալ, ես Ռուսաստանի տեղը եկա, այսինքն՝ ես ճիշտ եմ անում, էլի, ես կարող եմ հանցագործություն անել ձեր տանը, որովհետև երրորդ կողմը կարող էր դա անել, ավելի լավ է՝ ես անեմ։ Շատ հետաքրքիր տրամաբանություն է։

Այս իշխանությունները շատ են սիրում խոսել սուվերենությունից․ երբ երկրի կառավարությունը խնդրում է, որ միջամտեն իր ընտրություններին, քաղաքական պրոցեսներին, նշանակում է՝ ընդունում է, որ սուվերեն պետություն չէ։ Այսինքն՝ պաշտոնապես դառնում ենք գաղութ։ Իսկ այն, ինչ անելու է տիկին Կալասը, մենք տեսանք Մոլդովայում, այսինքն՝ ընտրություններից մի քանի օր կամ ժամ առաջ փակվելու են քաղաքական կուսակցությունները, շարունակելու են բանտարկել բոլոր ընդդիմադիրներին, եկեղեցականներին, բիզնեսմեններին, անգամ՝ փաստաբաններին, և հետո ասելու են, որ սա դեմոկրատիա է․․․ Արդեն մեզ մարդու տեղ էլ չեն դնում։

Մենք գնում՝ խնդրում ենք, որ փող տան, գան ծեծեն, բանտարկեն, բոլոր այդ ծախված գրանտակերներն էլի շարունակեն համոզել, որ հայ լինելը լավ բան չէ, վաղը չէ մյուս օրն էլ կհամոզեն, որ քրիստոնյա չպետք է լինենք․․․»։

Նրա խոսքով՝ Փաշինյանի վերընտրվելու պարագայում Ադրբեջանի պահանջները կատարվելու են․ «Փաշինյանը կսկսի նոր շոու անել, որի ժամանակ ադրբեջանցիներով առաջին ավտոբուսը կգա մեր գյուղերը։ Դրանից հետո, եթե որևէ մեկը փորձի դիմադրել, գալու է Ադրբեջանի բանակը, այնպես, ինչպես Իսրայելը գրավեց Հորդանանի արևմտյան ափը․ սկզբից գալիս են հրեա բնակիչները, հենց արաբները սկսում են պաշտպանել իրենց տունը, գալիս է Իսրայելի բանակը։

Այդ նույն ձևով գրավելու են Սևանը, Սյունիքը։ Ալիևը հենց այնպես չի խոսում, նա լուրջ մարդ է, որ մի բան ասում է՝ անում է, նա մերի նման չի, որ օրը 5 անգամ կարծիք փոխի և հիստերիկ նոպաների մեջ ընկնի։ Այդպես էլ լինելու է։ Այս մարդը եթե վերընտրվի, հաջորդ քայլը լինելու է ադրբեջանցիների վերադարձն ու հայերի արտագաղթը»։

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս