Դո՛ւ ասացիր. Փաշինյանը համագործակցել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հետ․ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
Երկու օր է՝ Հայաստանի իշխանական պատգամավորները, քարոզիչներն ու մնացած բոլորը սոցիալական ցանցերում, ուղիղ և ձայնագրված եթերներում իրենց պատռում են՝ տարածելով «ԱԱԾ-ն հրապարակեց փաստաթուղթ, ըստ որի՝ Կտրիճ Ներսիսյանի եղբայր Եզրաս արքեպիսկոպոսը ԿԳԲ գործակալ է» որպես բացահայտում ներկայացվող տեղեկությունը, որի իսկությունը մոտավորաապես այնքան է, որքան Նիկոլ Փաշինյանի հավասարակշռությունը՝ որևէ ամբիոնի մոտ հիստերիկ ելույթի պահին։
Զրոյին ձգտող արժանահավատությամբ այդ անհեթեթությունը հրապարակելով, բոլորն անպայման շեշտում են՝ «ՊԱՇՏՈՆԱԿԱՆ»՝ փորձելով կշիռ հաղորդել մի «գաղտնազերծված փաստաթղթի», որը շատ մեծ հավանականությամբ ընդամենն Ազգային անվտանգության ծառայության ստորագրությամբ կեղծ թղթի կտոր է։
Բայց ենթադրենք՝ այդ տեղեկությունը ճիշտ է, ենթադրենք՝ Եզրաս Ներսիսյանը հավաքագրված է եղել Խորհրդային ՊԱԿ-ի կողմից։ Դրան հաջորդած շուրջ 40 տարիների ընթացքում հայտնի չէ որևէ դեպք, ապացույց այն մասին, որ Եզրաս Ներսիսյանը՝ հավաքագրված լինելով խորհրդային ՊԱԿ-ի կողմից, կատարել է որևէ գործողություն, որով վնասել է նորանկախ Հայաստանի Հանրապետության շահերին։
ՔՊ-ական քարոզիչների երևակայական այլասերությունները հաշիվ չեն։
Բայց արժե մի կողմ թողնել արդեն գոյություն չունեցող երկրի հատուկ ծառայության կողմից հավաքագրված լինելու մասին տեղեկանքները և քննարկել ընդհանրապես գործակալության գաղափարը ոչ թե ֆորմալ, այլ բովանդակային տեսանկյունից։
Ինչ է արել խորհրդային ԿԳԲ-ն տասնամյակներ առաջ, հետաքրքիր է, բայց այս պահին՝ ոչ ակտուալ։
Մինչդեռ ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի Հանրապետությունը ստեղծել է սեփական Ազգային անվտանգության ծառայությունը, որը տարբեր տարիներին հանդես է եկել տարբեր անվանումներով, բայց կատարել է բովանդակային նույն գործառույթը՝ Հայաստանի պետական շահերի պաշտպանությունը։
Ահա այդ գործառույթի շրջանակներում ՀՀ բոլոր ժամանակների ԱԱԾ-ն ունեցել է մեկ գլխավոր առաքելություն․ ի թիվս պետական շահերի պաշտպանության այլ ուղղությունների՝ անել առավելագույնը՝ համապետական ու համազգային նշանակություն ունեցող առաջնային խնդրի լուծմանը՝ Արցախի ինքնորոշման ճանաչմանը հասնելու համար։
Բոլոր ժամանակների ԱԱԾ-ն բոլոր հնարավոր միջոցներով աջակցել է Հայաստանի նախորդ երեք իշխանությունների կողմից վարվող արտաքին քաղաքականությանը՝ որևէ դեպքում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս չճանաչելու համար։
Դա նշանակում է, որ բոլոր այն ՀՀ քաղաքացիները, ովքեր որևէ կերպ նպաստել են հակառակին՝ հավաքագրվել են այլ երկրների հատուկ ծառայությունների կողմից, եթե անգամ չեն տեղեկացվել հավաքագրման մասին։
2022 թվականի հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի հայտարարության տակ, որով Հայաստանի անունից Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս։
Նիկոլ Փաշինյանը կատարել է գործողություն, որը բովանդակությամբ համապատասխանում է այլ երկրների հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու չափանիշներին։
Նիկոլ Փաշինյանը կատարել է գործողություն, որով վնասել է շուրջ երեք տասնամյակ Հայաստանի Երրորդ Հանրապետության ազգային անվտանգության մարմինների կողմից պաշտպանվող ամենաառաջնային պետական շահին։ Եվ այդ գործողությունը փաստաթղթավորված է, ու այդ փաստաթուղթը զետեղված է բոլոր հնարավոր աղբյուրներում՝ ՀՀ կառավարության պաշտոնական կայքից՝ մինչև Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության արխիվներ։
ՔՊ-ականների այս օրերի հիստերիային արձագանքելու լավագույն միջոցն իրենց իսկ մեթոդով պատասխանն է՝ մեկ նախադասությամբ՝ «Նիկոլ Փաշինյանը համագործակցել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հետ․ՊԱՇՏՈՆԱԿԱՆ»։
Հարություն Ավետիսյան
