Նիկոլի տերերին առաջարկում եմ հետ կանգնել. պարտվելու են Հայ Եկեղեցուն. Արամ Մանուկյան
Եթե ժողովուրդը չլիներ, դրսի խառնակիչ ամբոխը կգրավեր Մայր Տաճարը, և կարող է՝ Կաթողիկոսին տանեին կամ ձերբակալեին, բայց Վեհափառ Հայրապետի պաշտպանների ավելի մեծ քանակը զսպեց նրանց որևէ քայլ անելու, և նրանք գլխիկոր հեռացան։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ փոխանցելով իր տպավորություններն ու զգացողությունները երեկ՝ դեկտեմբերի 18-ին, Մայր Աթոռում ծավալված տագնապալի իրադարձություններից։

«Տպավորություններն ու զգացողությունները երեկվա դեպքերից շատ հակասական էին։ Նախ՝ ժողովուրդն այնքան շատ էր, որ ամեն ինչ տեսնել հնարավոր չէր։ Մենք մասնակցեցինք ժամերգությանը Մայր Տաճարի ներսում, և զգացողություններս այսպիսին էին. Նախ՝ հպարտության զգացում կար, որ այդքան մարդ է հավաքվել եկեղեցին պաշտպանելու։ Շատ էին, նաև նվիրյալ մարդիկ էին՝ զգացվում էր, հատկապես եկեղեցում բոլորը սթրես էին ապրում, շատ ծանր էին տանում, շատերն ուղղակի լաց էին լինում այդ աննորմալ վիճակից, այդ վտանգի սպասումից, հատկապես կանայք, եթե հանկարծ աղմուկ էր լինում, խնդրում էին մնացածներին՝ աղոթե՛ք, որևէ աղմուկ մի՛ արեք։ Իսկապես հավատացյալ մարդկանց կեցվածք էր»,- պատմեց Արամ Մանուկյանը։
Լինելով դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռում ծավալված իրադարձությունների ականատեսը՝ Արամ Մանուկյանը պատմում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի և Գերագույն հոգևոր ժողովին հրավիրված թեմակալ առաջնորդների մասնակցությամբ Մայր Տաճարում տեղի ունեցած երեկոյան ժամերգության ժամանակ երգչախումբը երգում էր մի ուրիշ հոգեթովությամբ, այնպես էր երգում, կարծես՝ վերջին երգը լիներ կամ փրկության երգը.
«Լրիվ ուրիշ զգացողություն էր։ Կարող է նույնիսկ հիմա թվալ, որ ես շատ էմոցիոնալ եմ ներկայացնում, բայց իսկապես այդպես էր, և օրինակ՝ այսպիսի պահ եղավ, երբ Վեհափառը սկսեց խոսել, դրսից փորձեցին մի քանի հոգի ներս մտնել. դռանը խփում էին, ներս էին գալիս, ներսից կրկին ժողովուրդն ասաց. «Հանգստացե՛ք, մի՛ պատասխանեք», և տպավորությունն այն էր, որ կարծես ասպատակներ են եկել, հարձակում է եղել, թուրքերը մտնում են եկեղեցի, ժողովուրդը և՛ դողում է, և՛ վախենում է, և՛ ուզում է պաշտպանի, և պատարագը չի ընդհատվում։ Այնպիսի տպավորություն էր, որ թշնամին հարձակվել է, ուր որ է՝ դարպասները պիտի ջարդի ու ներս մտնի»։

Խռովարար 10 եպիսկոպոսների կոչով Մայր Աթոռ եկած խառնամբոխը, որ Արամ Մանուկյանի խոսքով՝ 10 անգամ ավելի քիչ էր, քան ի պաշտպանություն Վեհափառ Հայրապետի հավաքված ժողովուրդը, միայն մեկ բան էին ուզում՝ խառնակչություն անել, խանգարել, հրահրել, իսկ տիրադավ 10 եպիսկոպոսների նպատակը ոչ թե Եկեղեցին մաքրագործելը կամ առաջնորդելն է, այլ «աղի մկան նման» խառնել, բաժանել, պառակտել, թշնամացնելն է։
«Եթե ժողովուրդը լիքը չլիներ, իրենք կգրավեին Մայր Տաճարը։ Այդ 10 հոգու խնդիրը մտնելը, եկեղեցին գրավելն էր, կարող է՝ որոշեին Վեհափառին տանեին կամ ձերբակալեին կամ ընդամենը խանգարեին միջոցառումը։ Վստահ եմ, որ մեծ քանակ լինելը զսպեց որևէ այլ քայլ անելու, և իրենք գլխիկոր գնացին, հեռացան։ Բայց մեկ էլ մտածում ես՝ ախր, ինչի՞ պիտի էսպես լինի, սա ողբերգություն է, սա շատ տխուր է։ Քո Մայր Եկեղեցում 1700-ամյա ավանդույթն է շարունակվում՝ պատարագ է, ժամերգություն է, և ինչո՞ւ պիտի վտանգ զգաս, որ կարող է՝ այդ միջոցառումը չեղյալ հայտարարվել։ Ողբերգության էլեմենտ կա սրա մեջ, որ հասել ենք այնտեղ, որ Մայր Եկեղեցին ասպատակման վտանգի տակ է»,- ընդգծում է Արամ Մանուկյանը։
Նաև շեշտում է՝ Եկեղեցին թիկնազոր ու զենք չունի, Եկեղեցու միակ պաշտպանը ժողովուրդն է. «Եթե ժողովուրդը չզգա սրա կարևորությունը և ինքը չգնա պաշտպանելու Վեհափառին կամ Եկեղեցին, անիմաստ է պաշտպանել Եկեղեցուն։ Եկեղեցու միակ պաշտպանը պետք է լինի քաղաքացին։ Դա է միակ փրկությունը։ Ուստի լուծումը մեկն է՝ ժողովուրդը պետք է գնա պաշտպանելու Եկեղեցին, ոչ թե Եկեղեցին կանչի ժողովրդին պաշտպանության»։

Նա վստահ է, որ սա դրսից ղեկավարվող ծրագիր է, և Փաշինյանին ստիպելու են մինչև վերջ գնալ՝ ինչպես Մոլդովայում, Ուկրաինայում։ Բայց Նիկոլ Փաշինյանը, Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը և այս պրոցեսը ղեկավարող բոլոր կենտրոնները հաշվի չեն առել մի շատ կարևոր գործոն և դրա համար էլ պարտվելու են՝ Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանը և Հայաստանը եկեղեցական հարցի առումով տարբերվում են։
Արամ Մանուկյանի խոսքով՝ բացի այն, որ Հայ Եկեղեցին հնագույն եկեղեցին է, հայերը նվիրյալ են, հավատացյալ են, Մոլդովայում, Ուկրաինայում, Վրաստանում և Հայաստանում եկեղեցիները՝ որպես ներքին դիմադրողականության օջախ, ոչնչացնելու և, այսպես ասած՝ «ռուսական ագենտուրան» բացահայտելու Արևմուտքի այս չորս պրոյեկտների մեջ կա մի լուրջ տարբերություն՝ այդ երկրներից ոչ մեկը չունի այնքան հավատացյալ և աջակիցներ դրսում, որքան ունի Հայաստանը.
«Ասենք թե պրոյեկտի արդյունքում Նիկոլ Փաշինյանին հաջողվում է այստեղ ինչ-որ «դեբոշ» սարքել, ինչ-որ խառնաշփոթ անել, բայց նա երբեք դա չի կարողանալու կապիտալիզացնել, իրականացնել, օրինականացնել ամբողջ հայկական եկեղեցում։ Ուստի ես առաջարկում եմ՝ թող հետ կանգնեն այս ծրագրից, հենց իրենց սկզբունքով թող պարտությունը պարտություն չհամարեն, թող պարտությունը հաղթանակ համարեն, բայց այս ծրագրից հետ կանգնեն։ Ընդ որում, այս առաջարկը ոչ թե Նիկոլին է, այլ ավելի շատ՝ իր տերերին և պատվիրատուներին է ուղղված»։
Արամ Մանուկյանի խոսքով՝ Ալիևն այնքան է շտապեցնում Փաշինյանին, որ Փաշինյանի ձախողումն ավելի շուտ կարող է արձանագրվել, քան տեղի կունենան ընտրությունները։
ՀԱԿ փոխնախագահը մարդկանց կոչ է անում գոնե մեկ ժամ քաղաքացի լինել և պաշտպանել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ու Հայ Եկեղեցին, իսկ քաղաքական ուժերին հորդորում է հասկանալ մի պարզ բան՝ ամբողջ ուշադրությունն այսօր շեղված է դեպի Եկեղեցին։
Արամ Մանուկյանը համամիտ չէ այն տեսակետի հետ, թե քաղաքական գործիչների՝ Մայր Աթոռ գնալը գուցեև ճիշտ չէր.
«Լսեք, եթե պետության հիմնասյունը ոչնչացնելու դեմ բոլորը չգնան՝ հասարակ ժողովուրդը, քաղաքական գործիչը, մտավորականը, բա ո՞վ է պահելու Եկեղեցին։ Պետություն է, չէ՞, դա վերջին հաշվով, մեր պետության մաս է, մեր պատմության մաս է։ Բա որ չգնամ, թողնելու եմ այդ ծերուկին մենա՞կ։ Վեհափառը ի՞նչ է անելու։ Զենքը պիտի առնի՝ իր Վեհարանը պաշտպանի՞, թե՞ խրամատ պիտի փորի։ Նա ժողովրդական աջակցության անհրաժեշտություն ունի»։

Նորանկախ Հայաստանի Հանրապետության սկզբնավորման ակունքներում կանգնած Արամ Մանուկյանը, որը, ինչպես հայտնի է, ընթերցել է՝ ինչպես 1990 թ. օգոստոսի 23-ի Անկախության հռչակագիրը, այնպես էլ՝ Հայաստանն անկախ պետություն հռչակելու 1991 թ. սեպտեմբերի 23-ի որոշումը, նաև հիշեց, թե ինչ կարևոր դեր է խաղացել Հայ Առաքելական եկեղեցին 1990-ականների սկզբին պետականության կայացման գործում և ինչպիսի բացառիկ պետականամետություն է դրսևորել Վեհափառ Հայրապետ Վազգեն Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսը։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։
