Ընդդիմությունը հաջողեց միասնաբար պաշտպանել Մայր Աթոռը, նույնը պետք է անել նաև ԱԺ ընտրությունների դեպքում․ Հրանտ Բագրատյան
Երբ բոլոր ուժերը նետվեցին պաշտպանելու Մայր Աթոռը, հաղթանակ տարան։ Նրանք հարյուրապատիկ ավելին էին, քան իշխանության ուժերը։ Սա, ի դեպ, պետք է նկատի ունենալ առաջիկա խորհրդարանական ընտրությունների առնչությամբ։ Ոգևորիչ էր կաթողիկոսի պահվածքը, նա հանգիստ իր գործն արեց և գնաց։ Այլ տարբերակներով էլ կփորձեն գրոհել։ Ովքեր Արևմուտքում են՝ Եվրոպայում, ԱՄՆ-ում, պաշտպանում են Հայ առաքելական եկեղեցու քայքայումը։ Տիրադավ եպիսկոպոսներին պետք է կարգալույծ անել։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Հայ Առաքելական Եկեղեցու դեմ գրոհի հետևում կանգնած են Թուրքիան, Ադրբեջանը և Եվրամիությունը։ Սրանք եկեղեցու վրա հարձակվում են, իսկ Փաշինյանին ու Միրզոյանին՝ Բրյուսելում ընդունում, ասում են՝ ռեֆորմատորները եկան։ Փարիզի ո՞ր եկեղեցու վրա Ֆրանսիայի դրոշ կա։ Հայ Առաքելական եկեղեցին դարձնում եք Հայաստանի առաքելական եկեղեցի, որ Թուրքիայում, Իրանում, ԱՄՆ-ում կամ Եվրոպայում գտնվող եկեղեցիները դառնան օրենքից դո՞ւրս, վիճելի՞։ Հայ Առաքելական եկեղեցու քայքայման հարցում առանձնակի հետաքրքրություն ունի նաև Իսրայելը»,- ասաց քաղաքական գործիչը։
«Մենք Եվրամիությանը պետք չենք։ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն փորձում են Հայաստանին փրկել՝ լավ հասկանալով, որ Թուրքիան և Ադրբեջանը պարզապես կխժռեն Հայաստանը։ ԵՄ-ն ասում է՝ Թուրա՛ն, դուք ուզում եք ջնջել հայերին, բայց հայերը կարող են Թուրանի մեջ ինտեգրվել։ Թուրքիան ԵՄ-ին ասում է՝ մտքներովդ չանցի, որ Հայաստանը Եվրամիություն կգա, Հայաստանն իմն է։ Եվրամիությունը մեր նկատմամբ շատ ագրեսիվ է, այն չի տեսնում հարյուրավոր քաղբանտարկյալներին, հովանավորում է պետական ահաբեկչությունը մի երկրում, որն անընդհատ ասում է՝ ես գալու եմ ձեր անդամը դառնալու»,- նշեց Բագրատյանը:
Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ ընտրության ժամանակ պետք է տեղի ունենա իշխանափոխություն. «Պետք է հավատալ միայն այն ուժերին, որոնք անվերապահորեն հայտարարում են, որ իրենք ՔՊ-ին դեմ են։ Այլապես Արցախի օրն ենք ընկնելու, մեքենաների հերթը դեպի Վրաստան չի լինելու կանգնեցնել, իմացե՛ք, խելքներդ գլուխներդ հավաքեք։ Գնալու տեղ էլ չի լինելու։ Արցախը գոնե գալու տեղ ուներ։ Թուրքերը մեզ ասում են՝ չնայած ձեր ամբողջ քաղաքականությունը պրոթուրքական է, բայց մենք ձեզ բանի տեղ չենք դնելու։ Հայ ժողովուրդն ինքն իր գլխին բերեց Փաշինյանին»:

«Եթե Փաշինյանին պետք լինի, սահմանին կրակոցներ կլինեն։ Չնայած Փաշինյանը չի տարբերվում Ալիևից, նրանց մարդն է, բայց վերարտադրվելու դեպքում արդեն սկսելու է անհանգստացնել, վախեցնել, սարսափի մեջ պահել, որպեսզի արագորեն բերի 300 հազար ադրբեջանցիների՝ հատուկ կարգավիճակով։ Դրա համար էլ այսօր Ալիևն անհանգիստ է։ Այսօր միակ խաղաքարտը, որը մնացել է ընդդիմության ու ժողովրդի ձեռքին, ընտրություններն են, ուրիշ ձև չունենք։ Դրանց պետք է գնալ կազմակերպված, խոշորացված։ Հավաքվե՛ք, մի բևեռ սարքեք, ժողովուրդը տեսնի։ Իշխանության հարցը լուծեք, երկիրը հետագա կործանումից փրկենք»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
