Ո՞վ ինֆարկտի հասցրեց արժանապատիվ քահանա Տեր Վրթանես Բաղալյանին

Նախօրեին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա ասպատակություն կատարած խառնամբոխի վարքը ինֆարկտի հասցրեց տեղում գտնվող բազմաթիվ հոգևորականներից մեկին՝ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ, արժանապատիվ քահանա Տեր Վրթանես Բաղալյանին։

Սրտամկանի սուր կաթված, կարդիոգեն շոկ ախտորոշմամբ հոգևորականը տեղափոխվեց Էջմիածնի «Մաստերմեդ» բժշկական կենտրոն, որտեղ ենթարկվեց անհապաղ վիրահատության՝ ստենդավորվեց հոգևորականի սիրտը։ Բժիշկների հավաստմամբ՝ քահանայի առողջական վիճակը գտնվում է ճգնաժամային փուլում, որի հաղթահարումից հետո վերջինիս կրկին երեք վիրահատություն է սպասվում։

Ինքը՝ արժանապատիվ  տեր Վրթանես քահանան, դեպքի մասին պատմում է հետևյալը.

Կարդացեք նաև

«Սադրանք էր, լկտի սադրանք։ Փորձ էր արվում ներխուժել Մայր տաճար։ Հայհոյաբերան վանկարկումներով, ձեռքերով ու ոտքերով հարվածում էին Մայր տաճարի դռներին։

Ձեռքով հայհոյանքի նշաններ էին ցույց տալիս։ Փորձում էի կանխել իրավիճակը։ Չափից շատ հուզվեցի, բարկացա։ Փառք Աստծո, դռները բացվեցին, տաճարի ներսում գտնվող բարեպաշտ ժողովուրդը դուրս հրեց, չկարողացան ներխուժել Մայր տաճար և խանգարել ժամերգությանը։

Այդ պահին զգացի, որ ինքնազգացողությունս գնալով վատանում է, այլևս չէի կարողանում ոտքի վրա կանգնել, նստեցի, ու կատարվեց այն, ինչ կատարվեց»։ 

Այսօր ուսումնասիրում էի այդ օրը Մայր Աթոռի բակում տեղի ունեցածի տեսագրությունները և պատահաբար հանդիպեցի հենց այն տեսարանին, որ բառացի նկարագրել էր Տեր Վրթանես քահանան իր խոսքում։ 

Սակայն, օ՜ զարմանքՆայում եմ ու աչքերիս չեմ հավատում։ Կաթվածից րոպեներ առաջ Տեր Վրթանես քահանան Մայր տաճարի մուտքի մոտ փորձում է կարգի հրավիրել տաճարի խոյակին մագլցած խառնամբոխի կատաղած հրոսակներից մեկին, ով ո՛չ ավել, ո՛չ պակաս, Վրեժ Դուրգարյանն է՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրենը, տխրահռչակ դիրիժորթատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի զարմիկը։ 

Թե ի՞նչ գործ ուներ օպերային թատրոնի փոխտնօրենն այդ օրն այդ վայրում և թե ինչո՞ւ էր նմանօրինակ  այլանդակ վարքով  փորձում ասպատակել Մայր տաճարի վրա, պարզ դարձավ՝ հետահայաց մի ակնթարթ նետելով նրա կյանքին ու գործունեությանը։

Պարզվում է, Օպերային թատրոնում նիկոլապաշտ մթնոլորտ է տիրում։ Բացի այն, որ Վրեժ Դուրգարյանի Ֆեյսբուք սոցիալական հարթակը անխնա հիշեցնում է նրա քաղաքական նախընտրությունների մասին, Կարեն և Վրեժ Դուրգարյանները բաց չեն թողնում Արցախը հանձնած և Հայաստանը թրքացնող Փաշինյան-Հակոբյան զույգին Օպերային թատրոնում գրկաբաց ընդունելու առիթները։

Ազգադավության նկատմամբ սրանց բուռն սերը թերևս իրենց  անձնական գործն է, ինչպես ասում են՝ սերը աթարին էլ է կպնում, բայց  չափազանց հետաքրքիր էր պարզել, թե ինչո՞վ են սրանք զբաղվում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներսում, ինչո՞վ են արժանացել պալատական մտավորականի այս կարգավիճակին (եթե, իհարկե, նրանց կարելի է մտավորական անվանել)։

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Դուրգարյան եղբայրները բուռն արկածներով լի կյանք են վարում թատրոնի ներսում։

Դուրգարյանի զարմիկը՝ Մայր Աթոռն ասպատակած՝ Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի օգնական Վրեժ Դուրգարյանը, վերջերս սոցցանցերի ուշադրության կենտրոնում էր հայտնվել։ Ահազանգում էին, թե նա թատրոնի ներսում զբաղվում է ամեն ինչով, բացի իր անմիջական պարտականություններից:

Նույնիսկ գրել էին, թե վերջինս անպարկեշտ առաջարկներ է անում թատրոնում աշխատող կանանց, փոխարենը՝ խոստանում լավ և գլխավոր դերեր:

Նույն աղբյուրի տեղեկությամբ՝ Վրեժ Դուրգարյանը, ո՛չ ավել, ո՛չ պակաս, սեփականաշնորհում է թատրոնի գույքը և տեղափոխում իր տուն:

Սա բավական չէ, այս տարվա սկզբին ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, Կարեն Դուրգարյանի եղբոր՝ երգիչդերասան Հայկ Դուրգարյանի մեքենայից «Կրիստալ» տեսակի թմրամիջոց էին հայտնաբերել։

Ըստ լրատվամիջոցին հասած տեղեկությունների, երգիչը խոստովանել էր, որ թմրանյութն իրեն է պատկանում, այն ձեռք է բերել տելեգրամյան ալիքներից մեկի միջոցով ու իր օգտագործման նպատակով պահել է մեքենայում։  

Դիրիժոր, ԱլՍպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի եղբորը՝ Հայկ Դուրգարյանին ձերբակալել էին, նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով և 396-րդ հոդվածի 1-ին մասով՝ թմրանյութի իրացում:

Ավելի ուշ Հայկ Դուրգարյանն ազատ էր արձակվել: 

Այսքանը շատ համառոտ այն մասին, թե ով կամ ովքեր էին նախօրեին ասպատակել Մայր Աթոռի վրա, հայհոյում հոգևոր դասին, հարվածում Սուրբ Էջմիածնի դռներին, փորձում կոտրել Մայր տաճարի դռները, հավակնում հեռացնել Ամենայն Հայոց կաթողիկոս, Վեհափառ Տեր Գարեգին Երկրորդին։ Ահա սրանք են եկեղեցին բարենորոգողների բանակի վառ ներկայացուցիչները, սրանք, որ անցել են ՀՀ-ում վարչապետ աշխատողի բարեվարքության քննությունն ու լծվել եկեղեցին բարեկարգելու գործին։

Հիմա անցնենք Կարեն Դուրգարյանին. մենք չենք մոռացել, լավ ենք հիշում ուղիղ 10 տարի առաջ՝  2015-ի հենց այս օրը, երբ դու, Կարեն Դուրգարյան, արտասվախառն աչքերով մամուլի ասուլիս էիր հրավիրել և կմկմալով փորձում էիր բացատրել, թե ինչո՞ւ էիր որոշել կառուցվածքային ինչ-որ անհասկանալի փոփոխությունների ենթարկել օպերային թատրոնը, թե ի՞նչ հարաբերություններ ունեիր դու Օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ

Գրիգորյանի հետ և թե ինչո՞ւ էր թատրոնի ժամանակի կոլեկտիվը մեկ մարդու նման պահանջում քո հեռացումը թատրոնից։  Չենք մոռացել, որովհետև հենց հիմա քո ներկայությունն  ու արկածներն այդ թատրոնում մի ավելորդ անգամ հաստատում են, որ դեռևս  2015-ի դեկտեմբերին  դու պետք է ԱՆՎԵՐԱԴԱՐՁ հեռանայիր այդ թատրոնից։ Դու անպայման կհեռանաս։

Այս անգամ արդեն՝ կմկմալով ու արտասվելով  բացատրություն տալով, թե ի՞նչ արկածախնդիր կյանք եք վարում դու և զարմիկդ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներսում, թե ինչո՞ւ եք դուրս եկել հայկական ինքնության դեմ և ասպատակում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, հայհոյում ու հարվածում Մայր տաճարի դռներին, և թե ինչո՞ւ է չորս երեխաների հայր, արժանապատիվ քահանա Տեր Վրթանես Բաղալյանը սրտամկանի սուր կաթվածով գտնվում հիվանդանոցում ու պայքարում կյանք վերադառնալու համար։

ՆՎԱՐԴ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս