Ադրբեջանական բենզինի կարո՞տն էիք մնացել. բա մեր տղե՞րքը, մեր գյոզալ տղե՞րքն էին խանգարում, որ տարաք մատաղացու սարքեցիք. Վահագն Մելիքյան
Հայաստանի դեմ պատերազմ է հայտարարել Նիկոլ Փաշինյանի վարչակազմը։ Պետք չէ մխրճվել Փաշինյանի պարտադրած օրակարգերի մեջ, այլ փոխարենը ձևավորել զուգահեռ օրակարգեր՝ չընկնելով նրա ստի ու մանիպուլյացիաների թակարդը։ Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց «Դիվանագետների համահայկական խորհրդի» համահիմնադիր, ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար (2018-2021թթ.), արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը՝ խոսելով Հայաստանի ներկայիս աղետաբեր ընթացքը կասեցնելու գերնպատակի և այն հարցի շուրջ, թե իրականում ովքեր են «հիբրիդային պատերազմ» վարում Հայաստանի դեմ։

«Քանի դեռ ընդդիմադիր դաշտը մշտապես ընկնում է իշխող վարչակազմի ստի ու մանիպուլյացիաների թակարդը, այս ամենն անընդհատ շարունակվելու է, որովհետև անսահմանափակ է այդ սուտ կոչվածը, այնքան են մարդկանց ստով կերակրում, մինչև որ մարդիկ սկսեն դրան հավատալ։ Ստի և կեղծիքի ստրատեգիան հենց դա է։ Դրա համար պետք չէ մխրճվել նիկոլական օրակարգերի մեջ, այլ պիտի զուգահեռ օրակարգերը ձևավորել և ցույց տալ մեր ժողովրդին, որը մեծ սպասելիքներ ունի։ Չպետք է հերթական անգամ ջարդել ժողովրդի մեջքը։ Շատ վատ խոսք կա՝ մենք արժանի ենք այս իշխանություններին։ Մոռացե՛ք այդ խոսքը։ Ժողովրդի վրա երբեք մեղքը մի գցեք։ Ժողովուրդը միշտ ոտքի կկանգնի, եթե ճիշտ առաջնորդող լինի»,- կարծում է Վահագն Մելիքյանը։
Խոսելով դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ծավալված տագնապալի իրադարձությունների և խռովարար եպիսկոպոսների կոչով այնտեղ եկած ամբոխի լկտի պահվածքի՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականի կոչերի և երեկոյան ժամերգության ժամանակ Մայր Տաճարը գրոհելու փորձի մասին՝ Վահագն Մելիքյանը պատմեց, որ սարսափելի խայտառակ իրավիճակի է ականատես եղել, սակայն ամենակարևորն այն էր, որ մայրաթոռապաշտպան ու եկեղեցապաշտպան հոծ բազմության ճիշտ կեցվածքի և ձևավորած մթնոլորտի շնորհիվ հնարավոր եղավ խուսափել շատ ավելի աղետալի զարգացումներից։
Վահագն Մելիքյանի խոսքով՝ տիրադավ եպիսկոպոսների և նրանց ուղղորդողների, այսպես ասած, գրոհի կամ սադրիչ գործողությունների ծրագիրն այդ օրը ձախողվեց, բայց համոզված է, որ դեկտեմբերի 18-ը «փորձնական փուչիկ» էր կամ, ռազմագիտական լեզվով ասած՝ «մարտական հետախույզ» նրանց կողմից, և առջևում ավելի մեծ փորձություններ են սպասվում.
«Չեմ ուզում որևէ կանխատեսում անել, բայց կարծում եմ՝ պետք է ավելի վատին սպասել։ Կարող եմ ասել, որ այդ «գնդակը» կոկորդներում մնաց, և նրանց փորձը խափանվեց այն պարզ պատճառով, որ Եկեղեցու պաշտպանների միակուռ և միաբան բազմությունն իր ներկայությամբ ուղղակի պատնեշավորեց և թույլ չտվեց, որ շատ ավելի աղետալի հետևանքներ լինեն։ Եվ չեմ կարծում, որ սա վերջն է։ Սա ես համարում եմ Մայր Աթոռի վրա վերջնական գրոհի սկիզբը։

Ինչ քայլեր կձեռնարկեն՝ ժամանակը ցույց կտա, բայց կարծում եմ, որ պետք է պատրաստ լինել ցանկացած գործողության։ Պատրաստ լինելը չի նշանակում տանել բախումների։ Այստեղ է ամբողջ խնդիրը, որ իշխող վարչակազմն անընդհատ փորձում է ցույց տալ, որ այս հատվածը գնում է բախումների։ Այդ բախումները հենց իրենց են հարկավոր։ Իրենց օդի ու ջրի պես հարկավոր է, որ լինեն բախումներ, որից հետո պիտի ձեռնարկվեն, այսպես կոչված՝ համապատասխան քայլեր՝ լռեցնելու և մարելու նոր առաջացող կրակը։ Իսկ այդ կրակն այլևս անշեջ է»։
Խոսելով անելիքների և ելքերի հարցի շուրջ՝ դիվանագետն ընդգծում է՝ նախ, պետք է խուսափել Նիկոլ Փաշինյանի պարտադրած օրակարգերի մեջ մխրճվելուց, այլ փոխարենը պետք է ձևավորել զուգահեռ օրակարգեր, իսկ այս առումով Հայաստանի ամենամեծ խնդիրը շարունակում է մնալ խնդիրների անձնավորումը և անձերի վրա գերկենտրոնացումը, որը նսեմացնում է գերնպատակը՝ այս իշխանությունը չպետք է շարունակի կառավարել Հայաստանում.
«Մեր ազգի արգանդը չի չորացել, հասկանո՞ւմ եք, և ասել, որ սրանցից բացի՝ ուրիշ որևէ մեկը չկա, չի կարող այդպիսի բան լինել։ Ոչ թե անձերի վրա պետք է կենտրոնանալ, այլ գաղափարի և նպատակի։ Նպատակ պիտի սահմանել, գերնպատակ պիտի սահմանել, հետո այդ անձերի խնդիրը կարող է առաջ գալ։ Իսկ այդ գերնպատակն այս աղետաբերն ընթացքը կանգնեցնելն է, որովհետև մեզ իսկապես լավ օրեր չեն սպասվում։ Մենք չենք կարող թողնել և կողքից դիտորդի կարգավիճակով նայել, թե ինչպես է ապամոնտաժվում մեր սիրելի հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը, որն այդքան դժվարությամբ ու մեծ գնով կարողացել ենք ձեռք բերել»։
Նա նաև նշեց. «Այդ չորրորդ կարգի ցորենի կամ 22 վագոն ադրբեջանական բենզինի կարո՞տն էիք մնացել, որ ամեն ինչ զիջեցիք և ուղղակի նվեր տվեցիք հակառակորդներին ու հայ ազգի հավերժ թշնամիներին։
Լավ, ինչքա՜ն տկար և սնանկ պիտի լինես գիտելիքից, որ չհասկանաս, որ սրա վերջնարդյունքում առաջին հերթին հենց քեզ են հեռացնելու։ Հայաստանի դեմ պատերազմ է հայտարարել հենց այսօրվա վարչակազմը, չգիտեմ՝ ինչից դրդված և ինչքան ատելություն պիտի ունենաս սեփական ժողովրդի նկատմամբ, որ գնաս դրան։ Այդ 22 վագոնը չի հարստացնի ադրբեջանական բանակը։ Խնդիրն ուրիշ տեղ է թաքնված. փորձելու ես գնալ մի ճանապարհով, որի անունը դրել եք «դիվերսիֆիկացիա» և բացարձակապես չեք հասկանում այդ բառի իմաստը և ընդհանրապես չեք հասկանում՝ դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականությունն ինչ է։

Դրանով մի ավելորդ լծակ ես տալիս հակառակորդին, որպեսզի երբ ուզենա՝ այդ գնացքը գա, երբ ուզենա՝ գնացքը կանգնի։ Այսինքն՝ հաջորդական շղթաներ չես կարողանալու ապահովել։ Պարզից էլ պարզ է, որ սա լծակային մոտեցում է։ Սա է ամբողջ խնդիրը, այդ կեղծ երկընտրանքը՝ խաղաղություն կամ պատերազմ, ցույց տալը, որ նայեք՝ խաղաղությունն ինչ հզոր բան է, որ Ադրբեջանը մեզ նավթ է տալիս։ Բա մեր տղե՞րքը, բա մեր հերոսները ինչի՞ համար էին կանգնած խրամատներում։ Բա էդ կոչե՞րը, որ դուք անում էիք բունկերներից և մնացած ուրիշ տեղերից, բա ինչի՞ համար էիք էդ ամենը անում։ Ինչի՞ այդ պատերազմը 44 օր տևեց, եթե վերջում պիտի գայիք, հասնեիք սրան։ Բա մի ամբողջ սերունդ մատաղ անե՞լը։ Էդ տղերքը դիրքը չտալու համար իրենց պայթեցրել են։ Դուք էսօր հայտարարում եք՝ կռվող չի եղել, փախել են»։
Այս համատեքստում «Դիվանագետների համահայկական խորհրդի» համահիմնադիրն անդրադարձավ Փաշինյանի վերջերս ասած խոսքերին՝ «այսքան զոհ տվեցինք, բայց այդ ճանապարհին մեր աչքերը բացվեցին»։
«Նրանց հայրերին, մայրերին հարցրե՞լ եք՝ այդ զոհերն ինչի՞ համար եք տալիս։ Հիմա այդ մարդկանց վիճակը պատկերացրեք։ Մարդիկ ասում են. «Այսինքն՝ այս ամենին, փաստորեն, մեր էրեխեքը, մեր գյոզալ տղե՞րքն էին խանգարում։ Դուք այս ամեն ինչն ուզում էիք անեիք, դրա ճանապարհին պատնեշը մեր տղերքն էին, որ տարաք, մատաղացու սարքեցիք էդ էրեխեքին»։ Մի ամբողջ սերունդ գնաց ու կորավ, որ հետո հայտարարեք՝ մեր աչքերը բացվեցին, կամ՝ Արցախը կորցրեցինք, որ ինքնիշխանություն ձեռք բերե՞նք։ Ախր ո՞նց ասեմ, որ եթերային լինի։ Դուք գոնե կարողանո՞ւմ եք հասկանալ՝ Արցախի լինելիությունն ընդհանրապես ինչ է եղել, թե՞ ձեզ թվում է՝ Արցախը միայն ուտել-խմելու, զխտկվելու տեղ է եղել։
Արցախը մեր պատվարը, մեր ամրոցն է եղել։ Դուք այդ ամրոցը գետնին եք հավասարեցրել և դռները բացել եք՝ բանալիները տալով թշնամիների ձեռքը։ Դուռը բացել եք, ասել եք՝ «էստի համեցե՛ք»։ Արցախը այդ նշանակությունն է ունեցել Հայաստանի անկախության, հզորության և պետականության կայացման համար։
Որտե՞ղ եք անկախացել, որ գնում եք՝ Եվրոպայից ծնկաչոք աղերսում եք, որ ձեր համար տեխնոլոգիաներ ու գումար բերեն, որ անհասկանալի «հիբրիդային պատերազմի» կարողանաք դիմագրավե՞լ։ Դուք եք այդ պատերազմի ստեղծողները, մտածողները, առաջ բերողները, դուք էլ պիտի պատասխան տաք դրա համար»,- նշեց դիվանագետը։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։
