«Առաջինին կկապեն ծառից, վերջինին կուտեն մրջյունները»

Գաբրիել Գարսիա Մարկեսի մահվանն առաջիններից արձագանքեցին ՌԴ նախագահ Պուտինն ու ԱՄՆ նախագահ Օբաման: Նրանց ցավակցական հեռագրերից պարզ դարձավ, որ Օբամայի երիտասարդության շրջանի ամենասիրելի գրողը Գարսիա Մարկեսն էր: ԱՄՆ նախագահն անգամ գրողի ընծայագրով գիրք ունի, որը մինչ օրս պահում է՝ իբրև մասունք: Պուտինն էլ, պարզվում է, գրողի մեծ երկրպագուներից է. ՌԴ նախագահը գրողի այրուն ուղղված ցավակցական նամակում Գարսիա Մարկեսին համարում է ոչ միայն մեծագույն գրող, այլև խոշոր մտածող, «հումանիզմի լուսավոր իդեալներին հավատարիմ» մեկը: Թե ով էր Գարսիա Մարկեսը ՀՀ նախագահի համար, չենք կարող ասել. նա նրբանկատորեն չի արձագանքել գրողի մահվանը:

Նայում ես բարեհամբույր ժպտացող, կատակասեր Պուտինին, ենթակաների հետ ամեն առավոտ այնքան անբռնազբոս ողջագուրվող Օբամային, համակ բարություն, պարզություն են: Շվարցի հերոսներից Լանցելոտին քաղաքացիները պատմել էին, որ Վիշապն ունի երեք գլուխ, հսկայական ճանկեր, խոսելիս՝ երախից հուրուբոց է ժայթքում: Եվ մեծ էր Լանցելոտի զարմանքը, երբ Վիշապի տան շեմին տեսավ իրեն՝ Վիշապին. նա բավական համակրելի և ներկայանալի տղամարդ էր՝ մեկ գլխով, առանց ճանկերի, հաճելի՝ որպես զրուցակից: Լանցելոտը չթաքցրեց զարմանքը.

– Իսկ Ձեր մասին ասում են, որ երեք գլուխ ունեք, ճանկեր, Ձեր բերանից կրակ է ժայթքում…

– Պարզապես այսօր որոշեցի պարզ ներկայանալ, առանց ձևականությունների, աստիճանների,- բարեհամբույր ժպտում է Վիշապը:

Աշխարհի հզորների արձագանքը թարմացրեցին փոշոտված այնպիսի հարցեր, ինչպես, օրինակ, ինչո՞ւ են մարդիկ ընթերցում, ինչո՞ւ են հրատարակվում ու վերահրատարակվում փիլիսոփայական աշխատությունները: Ի՞նչ է տալիս երաժշտությանը, գրականությանը, նկարչությանը, կինոյին առնչվելը… Գուցե այս հարցերը տարօրինակ են հնչում, եթե հաշվի առնենք պատրաստի պատասխանների ցանկը՝ արվեստը լայնացնում է մտահորիզոնը, սովորեցնում է մտածել, խորհել, և այլն, և այլն…

Այն, որ երկու հզոր պետությունների ղեկավարները կարդացել են Գարսիա Մարկես և հիացել, լրիվ հավատալի է: Դրանից առաջ նրանք, ինչպես նաև աշխարհի շատ այլ նախագահներ, կայսրեր, տիրաններ, թերևս, կարդացել են Դոստոևսկի, Ֆոլկներ, Սերվանտես, Շեքսպիր, Սվիֆթ, Ռաբլե, Հոմերոս… Լսել են Բախի, Հենդելի երաժշտությունը: Բայց ի՞նչ է ստացվում. եթե մարդիկ ընթերցում են փիլիսոփաներին, գրողներին, խորհում են, բայց աշխարհում ոչինչ դեպի լավը չի փոխվել և ոչ մի սանտիմետրով, այդ դեպքում ստացվում է, որ արվեստն ունի կարճաժամկետ ազդեցություն: Դուրս եկար համերգասրահից, թանգարանից կամ փակեցիր գիրքը, կյանքն ապրելու մոտիվներն անցնում են բնազդային դաշտ:

Հասկանալի է, որ կյանքն ամեն վայրկյան չի կարող լցված լինել բարձր մատերիաների մասին զրույցներով կամ խոհերով. ի վերջո, ամենամեծ արվեստագետներից շատերն էլ կյանքում մարդկանց հատուկ շատ թուլություններ են ունեցել:

Խնդիրն այն է, որ 21-րդ դարում, գիտության և տեխնիկայի զարգացման անգամ այս պայմաններում մարդն իր նախնադարյան եղբորից առաջ է գնացել միայն նրանով, որ քարե մուրճի փոխարեն՝ ձեռքին այփադ է, թզան տերևի փոխարեն՝ պայմանականորեն ասած՝ հագուստ Յուդաշկինից: Հակառակ դեպքում՝ այսօր ճշգրտության վրա զարմացած՝ չէինք մեջբերի Խորենացու «Ողբը»՝ գրված 5-րդ դարում: Իսկ կարծես գրած լինի հենց այսօր, այս պահին: Իսկ Գարսիա Մարկեսի գեներա՞լը՝ «Նահապետի աշունից», որքա՞ն հարազատ է: Գրոտեսկային գեներալը հարկում էր անգամ ստվերոտ մայթերը, մեր իրական «գեներալն» ավելի ճարպիկ է, գիտի՝ ձմռանը, ամպոտ եղանակին ստվեր հարկել հնարավոր չէ, իսկ կարմի՜ր գծերը կարելի է հարկել տարվա բոլո՛ր եղանակներին…

Մարդիկ նույնն են եղել բոլոր մեծագույն մտածողների, արվեստագետների շրջանում: Թե՛ Քրիստոսից առաջ: Այսօր էլ մեծագույն բարդություն է, կարելի է ասել՝ գրեթե անհնար է կատարել աստվածաշնչային պատգամները՝ դե գնա՛ ու սիրի՛ր մերձավորիդ, թե կարող ես: Ստացվում է, որ աշխարհի բոլոր գրքերը, արվեստի բոլոր ճյուղերը հրաշալի են, հանճարեղ են, ուսանելի են, քաղաքակրթական առումով մեծագույն առաջըթաց են, սակայն կիրառական առումով դրանք չեն աշխատում. թո՛ղ մարդուն մի քանի ժամ քաղցած, ցրտի կամ չափազանց շոգի պայմաններում, և նա, անկախ իր ընթերցած գրքերից, նախընտրած երաժշտությունից ու դավանած բարձր մատերիաներից, դառնում է այն, ինչ դառնում էին մարդիկ Օրուելի«1984»-ի 101-րդ սենյակում:

Մարդկանց համար լավ գրքեր ընթերցելն ու ֆիլմեր դիտելը թույլ են տալիս լավ հասարակությունում հաճելի զրուցակից համարվել, տեղին կամ սրամիտ մեջբերումներ անել՝ ակնարկելով, որ համաշխարհային գրականության հետ «դու»-ով են: Սակայն կյանքի, գոյատևման կանոններում արվեստին քո առնչությունն այնքան էլ էական չէ, եթե չասենք՝ առհասարակ էական չէ: Այդ առումով կարող եմ հերթական անգամ բերել հայրիկիս մոր՝ իմ Արյուսակ բաբոյի օրինակը: Նա տառաճանաչ չէր, հետևաբար՝ չէր կարդացել և ոչ մի գիրք: Դասական երաժշտություն լսելիս՝ նա զարմացած շուրջբոլորն էր նայում. «Քոռանամ ես, էս աղմուկն ինչպե՞ս են լսում էս իմ խեղճ էրեխեքը»: Սակայն այդ կինն ուներ ամենակարևոր ձեռքբերումը, որը նրան տրված էր. ներդաշնակության՝ արտաքին աշխարհի ու իր միջև:

Մյուս կողմից՝ եթե աշխարհում ամեն ինչ այնքան ներդաշնակ ու հրաշալի լիներ, կունենայի՞նք մենք Սվիֆթի «Գուլիվերի ճանապարհորդությունը», Սերվանտեսի «Դոն Քիշոտը», Ռաբլեի «Գարգանտյուա և Պանտագրյուելը»: Ի վերջո, կունենայի՞նք Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը»: Իսկ Պուտինին, Օբամային, մյուս փոքրիկ բռնակալներին վերագրած մեծ պատմական դերերը պարզապես հնարովի են. նրանք ունեն մեկ դեր՝ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը» դարձնել իրապատում:

Տեսանյութեր

Լրահոս