Առաջիկա օրերին շահագործման կհանձնվի Իրանի և Ադրբեջանի միջև խոշորագույն համատեղ ջրային նախագիծը
Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի տարածաշրջանային ջրային ընկերության ղեկավար Յուսեֆ Գաֆարզադեն հայտնել է, որ առաջիկա օրերին շահագործման կհանձնվի Իրանի և Ադրբեջանի խոշորագույն համատեղ ջրային նախագիծը՝ Կիզ Կալասի ամբարտակը: Դրա մասին հայտնել է իրանական Mehr գործակալությունը։ Թավրիզից 220 կմ հյուսիս-արևելք գտնվող Կիզ Կալասի ամբարտակը կառուցվել է Արաքս գետի վրա՝ Իրանի և Ադրբեջանի սահմանին։
Ըստ Գաֆարզադեի՝ երկրի հյուսիս-արևմուտքում կարևորագույն ծրագրի՝ ամբարտակի շինարարական աշխատանքներն ավարտվել են, և առաջիկա օրերին այն կբացվի Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և նրա ադրբեջանցի գործընկերոջ Իլհամ Ալիևի ներկայությամբ:
Գաֆարզադեն ընդգծել է, որ այս նախագիծը, որը ներառում է Արաքս գետից 196 կմ ցած՝ 1,6 միլիարդ խորանարդ մետր տարողությամբ Խոդաաֆերին ջրամբարի պատնեշի ստեղծումը, ամբողջությամբ նախագծել և իրականացրել են իրանցի ինժեներները։
Նա նշել է, որ այս հսկա ջրային նախագծի շահագործումը ոչ միայն ջրով կապահովի հոսանքն ի վար տարածքները, այլև կհանգեցնի գյուղատնտեսական արտադրանքի որակի բարելավմանը, ինչպես նաև տարածաշրջանի տնտեսական և զբոսաշրջության զարգացմանը։
Իրանից պաշտոնյան նախագիծը որակել է որպես տարածաշրջանում մեծաճնշումնավոր ոռոգման խոշորագույն ծրագրերից մեկը: Գաֆարզադեն հավելել է, որ դրա իրականացումը կհանգեցնի ջրային և հողային ռեսուրսների օպտիմալ օգտագործմանը, գյուղատնտեսության ավանդական եղանակների ժամանակակից եղանակների վերածմանը և 40 հազար նոր աշխատատեղերի: