«Կրեմլի ագենտ թեզով՝ այս իշխանությունը, թուրքի և ադրբեջանցու նման, հային համարում է կամազուրկ. Էդգար Էլբակյան
Հայ Առաքելական եկեղեցու դեմ այս իշխանության կողմից տարվող արշավն անսահման է. այս ատելությունը սահմաններ չունի, որովհետև այս մարդիկ պայքարում են իրենց աթոռներն անսասան պահելու համար, ինչը, իրենց ընկալմամբ, իրենց անձնական անվտանգությունն է ապահովելու, իսկ եկեղեցին կարող է սասանել այդ իշխանությունը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Էդգար Էլբակյանը՝ անդրադառնալով Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման վերաբերյալ Հայաստանի իշխանության դաշտ նետվող պախարակիչ թեզերին և չփաստարկված քննադատությանը։
«Ո՞վ ասաց իրենց, որ եթե եկեղեցին դարեր առաջ կարողացել է ունենալ պետականապահպան առաքելություն, հիմա դա չի կարող ունենալ, չէ՞ որ պետականության մի բացակայություն էլ այս փուլն է»,- ասաց Էլբակյանը։
Նրա դիտարկմամբ՝ հասարակությունը պետք է չտրվի իշխանությունների կողմից տարածվող լուրերին, թե եթե Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը հաջողության հասնի, դա կհանգեցնի Հայաստանի դեմ պատերազմի, որովհետև պատերազմները կանխելու առաջնային պատասխանատվությունը կրում են իշխանությունները, ինչը պարզ քաղաքագիտական ճշմարտություն է։
«Եթե երկրի ներսում մի իրավիճակ է, երբ իշխանությունն ասում է, թե պատերազմ է լինելու՝ ընդդիմադիր շարժման պատճառով, հարց է առաջանում՝ ինչո՞ւ է թշնամին հարձակվելու, իսկ կարո՞ղ է հարձակվելու են Փաշինյանի իշխանությունը պաշտպանելու համար։ Ի դեպ, ադրբեջանական լրատվամիջոցներում կար հրապարակում, որ Փաշինյանն իրենց օգնության կարիքն ունի»,- ասաց Էլբակյանը՝ շեշտելով, որ հայ ժողովուրդը պետք է մտածի հատկապես այն մասին, թե պատերազմի կառավարումն ում է տալու, արդյո՞ք թողնելու է այս իշխանությանը, որն Արցախի օրինակով ցույց է տվել, թե ինչպես է այդ գործն անում։
Ըստ Էլբակյանի՝ այս իշխանության համար իշխանության մնալը կենաց-մահու կռիվ է, նրանք շատ լավ գիտեն, թե ինչ են իրենք արել հայոց պետականության համար, ուստի որքան ավելի շատ կարողանան խորացնել եկեղեցու նկատմամբ ատելությունը, այնքան լավ կլինի իրենց համար։
«Կրեմլի ագենտ թեզով՝ այս իշխանությունը, թուրքերի և ադրբեջանցիների պես, հայերին համարում են կամազուրկ, հպատակ. ըստ իրենց՝ Արցախյան առաջին ազատամարտի հաղթանակն արել է Մոսկվան, 1940-ականների Հայրենական պատերազմից հետո հակաթուրքական տրամադրությունների տարածումը ևս արել է Մոսկվան. սա այն է, ինչ ասում են թուրքերը»,- ասաց նա։
Քաղաքագետի համոզամբ՝ ստեղծված իրավիճակում հարցի լուծումը կախված է լինելու՝ ինչպես ուժային կառույցների հպատակության աստիճանից, այնպես էլ՝ մի շարք այլ գործոններից։
«Չկա նման թիվ, թե քանի հոգու փողոցում հայտնվելու պարագայում ուժայինները կկանգնեն փողոցում հավաքվածների կողքին։ Ինչպես ասում էր Վազգեն Սարգսյանը, կարող է 100 հազար մարդ դուրս գա փողոց, ոչինչ չստացվի, 1500-ը դուրս գա՝ հարցը լուծվի»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։