Թուրքիայում կցուցադրվի Արա Գյուլերի «Գումգափուի ձկնորսները» ֆոտոշարքը

Թուրքիայում տեղի կունենա պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ-լրագրող Արա Գյուլերի հոդվածաշարն ուղկեցող նկարներից կազմված «Գումգափուի ձկնորսները» ֆոտոշարքի ցուցահանդեսը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Գումգափուի հայ ձկնորսների հետ միասին» հոդվածաշարը, որի հիման վրա կազմվել է ֆոտոշարքը, հրապարակվել է 1952-ի մայիսի 21-ից 27-ը՝ Ստամբուլում տպագրվող հայկական «Ժամանակ» օրաթերթում:

Գյուլերի կողմից 24 տարեկանում գրի առնված հոդվածներում նկարների ուղեկցությամբ պատմվել է ձկնորսների կացարանի, այդտեղ աշխատող մարդկանց և նրանց ապրելակերպի մասին:

Պատմության էջերում այն մնացել է որպես Գյուլերի հաջողած ֆոտոռեպորտաժներից մեկը, որն իրեն մոտ ապագայում պետք է հաջողություններ բերեր՝ միջազգային կարիերա կերտելու տեսանկյունից:

Հատկանշական է, որ աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրողի արխիվներից Գումգափուի հետ կապված նկարներն առաջին անգամ են հանվում ցուցադրության:

Ցուցահանդեսը մեկնարկելու է մայիսի 8-ին Արա Գյուլերի թանգարանում և տևելու է մինչև այս տարվա հոկտեմբերի 27-ը:

Հնարավոր է լինելու նաև գնել ցուցահանդեսի նույնանուն գիրքը՝ թանգարանում գտնվող խանութից:

Տեսանյութեր

Լրահոս