Բաժիններ՝

Թմրաշղթան բացահայտվեց

Թմրամոլության և հատկապես ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում ոստիկանության բացահայտումները հաճախ արդյունք են համագործակցության:

Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացվեցին ապրիլի 23-ին: Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ու Բաղրամյանի բաժնի ծառայողների և մարզի պարեկների համատեղ միջոցառման արդյունքում Դալարիկ-Մյասնիկյան ճանապարհին, ենթադրյալ հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել և, «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Բաղրամյանի բաժին են տեղափոխվել Մյասնիկյան գյուղի բնակիչ 48-ամյա վարորդն ու նրա համագյուղացի 49-ամյա ուղևորը:

Խուզարկությամբ ուղևորի ձեռքի պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող մոտ 332 գրամ զանգված: Հայտնաբերվածի վերաբերյալ նա հայտնել է, թե այն կանեփից պատրաստված թմրամիջոց է, պատկանում է իրեն:

Համատեղ միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ խուզարկությամբ հայտնաբերված զանգվածը, հետագայում վճարելու պայմանով, մեկ միլիոն դրամի դիմաց նրան իրացրել էր Քարակերտ գյուղի 56-ամյա մի բնակիչ: Նույն օրը հայրենի գյուղում 56-ամյա տղամարդը ձերբակալվել և նույնպես տեղափոխվել է ոստիկանության Բաղրամյանի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է թղթե փաթեթ` լցված մարխուանայի նմանվող զանգվածով: Ըստ նրա` հայտնաբերվածը կանեփից պատրաստված թմրամիջոց է` անձնական օգտագործման համար:

Շարունակելով համագործակցված աշխատանքը` իրավապահներին հաջողվել է պարզել, որ 56-ամյա տղամարդուց մեկ միլիոն դրամով գնված մոտ 332 գրամ թմրանյութը 49-ամյա տղամարդը Երևան քաղաքի մի ընկերոջ միջոցով պետք է իրացներ մի երրորդ անձի` յուրաքանչյուր մեկ գրամի դիմաց ստանալով երկու հազար դրամի շահույթ:

Ձեռնարկվում են միջոցառումներ երևանցիներին հայտնաբերելու ուղղությամբ։

48, 49 և 56 տարեկան տղամարդիկ ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն, քննիչի որոշմամբ ձերբակալվել և տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր:
Նշանակվել են փորձաքննություններ, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս