Չի բացառվում, որ Պեկինը կարող է դիտարկել «պատասխան» ակտիվություն ՆԱՏՕ անմիջական շահերի «ավազանում», տվյալ պարագայում՝ Սերբիայում. Հակոբ Բադալյան
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Սերբիա կատարելիք այցից առաջ, ուր մեկնելու է Ֆրանսիայից՝ եվրոպական շրջագայության շրջանակում, նամակ է հղել Բելգրադ, որտեղ հիշեցրել է ՆԱՏՕ օդուժի՝ Սերբիայի ռմբահարման ընթացքում Չինաստանի դեսպանատան թիրախավորումը:
Ցզինպինը նամակում գրել է, որ դա չեն մոռանա երբեք: «Հիշաչարությունը» բնորոշ չէ չինական քաղաքականության ոճին: Իհարկե դրա գիտակ չեմ, բայց կարծես թե չեմ մտաբերում այդօրինակ շեշտադրումներ: Պեկինը մշտապես փորձում է իր ձեւակերպումներում լինել հանդարտ, հազվադեպ է, որ «կարող է դուրս գալ ափերից»:
Մի քանի շաբաթ առաջ Սերբիայի նախագահը հայտարարել էր, որ երկրին սպասվում է շատ բարդ ու ծանր ժամանակաշրջան:
Պեկինի հիշեցումն արդյո՞ք ակնարկ է, որ Չինաստանը կարող է Սերբիայի հետ քննարկել ընդհուպ անվտանգության հարցեր: Բանն այն է, որ ՆԱՏՕ բավականին շոշափելի հետաքրքրություն է սկսել դրսեւորել Ասիա-խաղաղօվկիանոսյան ռեգիոնի հանդեպ, ինչը հիմնականում դիտվում է հենց Չինաստանի զսպման տրամաբանության մեջ: Չի բացառվում, որ Պեկինը կարող է դիտարկել «պատասխան» ակտիվություն ՆԱՏՕ անմիջական շահերի «ավազանում», տվյալ պարագայում՝ Սերբիայում:
Բոլոր դեպքերում, հնգամյա դադարից հետո Չինաստանի նա»խագահի այցը Եվրոպա անշուշտ հետապնդում է ռազմավարական նպատակներ»: