Վաղը սպասվող Փաշինյան-Պուտին հանդիպումը երկկողմ հարաբերություններում էական ոչինչ չի փոխի․ Լուկիանով
Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության նիստին։ Տեղեկությունը նախօրեին հաստատեց Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հավելելով, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո Պուտին-Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի։
«Այդ երկկողմ շփումը շատ բովանդակալից կլինի, շատ հարցեր կան քննարկելու։ Վերջին շրջանում Ռուսաստանի ու Հայաստանի միջև կուտակվել են խնդիրներ, որոնք, մենք հույս ունենք, թափանցիկ կերպով կքննարկեն առաջնորդները։ Հենց ինքը՝ Փաշինյանն է ապրիլին ասել, որ Մոսկվայի հետ հարաբերությունները լավագույն ժամանակները չեն ապրում: Վերջին շրջանում նկատելիորեն նվազել են մեր երկրների միջև շփումները տարբեր մակարդակներում։ Քննադատության է ենթարկվում՝ ինչպես Ռուսաստանը, այնպես էլ՝ ՀԱՊԿ-ը»,- նշել է Ուշակովը։
Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այս հանդիպմանը, ասել է, որ Մոսկվայում նախագահելու է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բարձրագույն խորհրդի նիստը, որից հետո երկկողմ հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Օրակարգը շատ բազմազան է Ռուսաստանի հետ։ Այս ընթացքում կան բազմաթիվ կուտակված խնդիրներ, որոնց մի մասը բարձրաձայնվել է։ Մենք երբեք այն կարծիքին չենք եղել, որ այդ հարցերը բարձրաձայնվում են բարձրաձայնվելու համար։ Մենք այն կարծիքին ենք եղել, որ այդ հարցերը բարձրաձայնվում են, այդ թվում՝ Հայաստան-Ռուսաստան բարեկամական հարաբերությունների համատեքստից նեգատիվ նյուանսները հանելու նպատակադրումով»,- ասել է Փաշինյանը։ Նույն ասուլիսի ընթացքում նա նաև հաղորդեց և ակնարկեց, որ չի մասնակցելու մայիսի 9-ի Հաղթանակի մոսկովյան զորահանդեսին։
Հիշեցնենք, որ այսօր՝ ԵԱՏՄ նիստի նախորդ օրը՝ մայիսի 7-ին, տեղի ունեցավ Պուտինի երդմնակալության արարողությունը: Օտարերկրյա պետությունների ղեկավարներին հրավերներ չեն ուղարկվել։ Հրավիրված են Մոսկվայում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները։
Նախօրեին հայտարարել էր Վլադիմիր Պուտինի օգնականը։ Նա նաև ասել էր, թե Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին։
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ երկու կողմից էլ մայիսի 8-ին սպասվող հանդիպումն ու բանակցությունները սպասված են, քանի որ այս տարի առիթ չի եղել բացարձակ շփումներ ունենալու, թեև հայտարարությունների պակաս հարաբերություններում չի եղել։ Այսինքն, ըստ նրա, դժգոհությունները կան, հայտարարությունները կան, սակայն քննարկում, հարաբերություն և շփում կողմերի միջև բացակայում է։
«Բնական է, որ վաղվա հանդիպումը պետք է որ բավականին բովանդակային լինի քննարկումների տեսանկյունից։ Թե որքան այն կլինի թափանցիկ ու հրապարակային` բարդ է ասել, քանի որ ՌԴ քաղաքական շրջանակները նման քննարկումները հրապարակային դաշտ չեն բերում։ Սակայն կարծում եմ՝ հանդիպման փակ հատվածում կքննարկվեն՝ ինչպես ավանդական երկկողմ հարցերն ու ընթացիկ խնդիրները, այնպես էլ՝ ավելի գլոբալ ֆոն ունեցող հարցերը՝ ՀՀ արտաքին քաղաքականության շրջանակում երևացող փոփոխությունները և ՌԴ-ի հետ հարաբերությունների հետագան»,- ասաց վերլուծաբանը։
Լուկիանովը գտնում է, որ առանձին քննարկումներ կծավալվեն նաև հայ-ադրբեջանական խնդիրների շուրջ։
«Վերջերս Մոսկվայում կայացան Պուտին-Ալիև ինտենսիվ բանակցություններ, փոխըմբռնում բավականին լայն օրակարգի շուրջ, ինչպես նաև ռուս-ադրբեջանական ռազմավարական բնույթի հարաբերությունների շեշտադրում տեղի ունեցավ, որին հաջորդեցին նոր թեմաներ հայ-ադրբեջանական օրակարգում, որոնք սկսեցին առաջ մղվել Մոսկվայի և Բաքվի կողմից։ Կարծում եմ՝ այդ օրակարգը, այդ թվում՝ եռակողմ հայտարարությունները, կքննարկվեն։ Սակայն հրապարակային դաշտում, կարծում եմ՝ ռուսական կողմը հակված չէ հանդիպումը տեղեկատվական նյութեր ստեղծող բովանդակության վերածելը։ Աշխատանքային մթնոլորտում կքննարկվեն որոշ հարցեր։
Սակայն, ըստ իս, արմատական փոխըմբռնում, խնդիրների լուծում, հայ-ռուսական հարաբերությունների մթնոլորտի փոփոխություն այս հանդիպումը չի բերի, քանի որ հարաբերություններն այս հանգրվանին են հասել, որից ցանկության դեպքում կարելի էր երկխոսությամբ խուսափել, խուսափել նաև խնդիրները հրապարակային դաշտ բերել, քննարկելով դրանք աշխատանքային միջավայրում։ Սակայն տեղի ունեցավ հակառակ գործընթացը՝ խնդիրները քննարկվեցին միմիայն հրապարակային դաշտում, իսկ կողմերի միջև բնականոն աշխատանքային մթնոլորտ չկա։ Իսկ գլխավոր պատասխանն այս ամենի այն է, որ դժգոհելով Ռուսաստանի անվտանգային երաշխիքներից ու ներկայությունից՝ ՀՀ-ն եվրոպացի դիտորդներ հրավիրեց ռեգիոն, գովերգեց նրանց դերակատարությունը, սակայն կրկին ներկայումս խոսում են պատերազմի վտանգի մասին, թեև այս դեպքում ԵՄ-ին ուղղված դժգոհություններ չկան»,- ասաց Լուկիանովը։
Ուստի, ըստ նրա, հասկանալով այս ամենը՝ Ռուսաստանը հակված չէ անել որևէ քայլ՝ այս փուլում փոխելով հարաբերությունների տրամաբանությունը։
«Այստեղ, թերևս, հասկանում են, որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն չի լքելու, ուստի դժվար է պատկերացնել, որ հարաբերություններում է՛լ ավելի վատթար հանգրվաններ կարող են լինել, քանի որ իրատեսական այլընտրանք այնուամենայնիվ Արևմուտքը չի տրամադրում»,- նկատեց նա։