Բաժիններ՝

Աշխարհի խոշորագույն լուսանկարչական մրցույթում Հայաստանն իր ակտիվությամբ գրավել է 4-րդ տեղը

«Վիքին սիրում է հուշարձանները», որը Գինեսի գրքի կողմից ճանաչվել է աշխարհի խոշորագույն լուսանկարչական մրցույթը, տեղի է ունենում ամեն տարվա սեպտեմբերին։ Մրցույթի մասնակիցները լուսանկարում են հուշարձաններ և լուսանկարները բեռնում Վիքիպեդիա հանրագիտարանի քույր նախագիծ Վիքիպահեստում: Այս տարի մրցույթին մասնակցած ավելի քան 50 երկրների շարքում առաջին անգամ մասնակցում էր նաև Հայաստանը: Մրցույթի հայաստանյան կազմակերպիչն է «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հ/կ-ն:

«Վիքին սիրում է հուշարձաններ» մրցույթին հայաստանյան մասնակիցները ներկայացրել են մոտ 24 հազար լուսանկար: Իրենց ակտիվությամբ (լուսանկարների քանակով) մեր մասնակիցները միջազգային մրցույթում 4-րդ տեղն են գրավել` Լեհաստանից, Գերմանիայից և Ուկրաինայից հետո:

«Եթե հաշվի առնենք այն, որ այս մրցույթին Հայաստանից մասնակցում ենք առաջին անգամ, ապա մենք բավական լավ արդյունք ենք արձանագրել քանակի առումով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Վիքիմեդիա Հայաստանի» խորհրդի անդամ, Հայերեն Wikipedia-ի խմբագիր-ադմինիստրատոր Վաչագան Ղռաթյանը` նշելով, սակայն, որ այժմ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել լուսանկարների որակին, ինչը դեռևս բավարար չէ:

«Մրցույթի հայաստանյան մասնակիցներից պրոֆեսիոնալ տեսախցիկներով արված լուսանկարներ շատ քիչ էին ներկայացված կամ գրեթե չկային, իսկ եվրոպական երկրների մասնակիցները հիմնականում պրոֆեսիոնալ տեսախցիկներով էին լուսանկարներ ներկայացրել, ինչն, իհարկե, կարևոր է միջազգային մրցույթում հաղթող ճանաչվելու համար»,- ասաց Վ. Ղռաթյանը:

Նշենք, որ «Վիքին սիրում է հուշարձաններ» մրցույթի 10 միջազգային հաղթողները հայտնի են դարձել դեկտեմբերի 10-ին, առաջին մրցանակը ստացել է Շվեյցարիան։ Երկրորդ և երրորդ տեղերը գրավել են, համապատասխանաբար` Թայվանը և Հունգարիան։ Բոլոր 10 լուսանկարները կարող եք տեսնել  այս հղումով՝  http://www.wikilovesmonuments.org/and-the-winner-is-2/:

Տեղեկացնենք նաև, որ «Վիքին սիրում է հուշարձաններ» միջազգային լուսանկարչական մրցույթի հայաստանյան փուլի մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ին, որտեղ մրցանակակիրներին սպասվում էին պրոֆեսիոնալ ֆոտոխցիկ, պլանշետային համակարգիչ և այլ պարգևներ:

«Մրցույթը հաջորդ տարի տեղի կունենա կրկին սեպտեմբերին, այդ ժամանակ կարծում եմ ավելի որակյալ և պրոֆեսիոնալ լուսանկարներով կներկայանանք»,- ասաց Վ. Ղռաթյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս