Պորտուգալական լեգենդներ և առակներ
Լեգենդ դրախտի մասին
Աստված արարեց մարդուն և բնակեցրեց նրան դրախտում, իսկ մի երկու օրից հայտնվեց ու հարցրեց.
– Դե, ո՞նց է քեզ համար այստեղ:
– Հյուսիսից շատ ուժեղ փչում է, լրիվ սառել եմ:
– Աստված պատ կանգնեցրեց, որպեսզի մարդուն պաշտպանի հյուսիսային քամիներից: Իսկ հետո դարձյալ հայտնվեց ու հարցրեց.
– Դե, իսկ հիմա ո՞նց է:
– Իսկ հիմա հյուսիսից է փչում, միևնույն է, մրսում եմ:
Աստված մի նոր պատ կանգնեցրեց: Անցնում է մի քանի օր, դարձյալ
Աստված հայտնվում է մարդուն և հարցնում.
– Դե, հիմա լա՞վ է:
– Իսկ հիմա վերևից անձրև է տեղում:
Աստված պատերի վրա տանիք կապեց, որպեսզի մարդուն անձրևից պատսպարի:
Հետո դարձյալ հայտնվեց նրան:
– Դե, իսկ հիմա ո՞նց է:
– Նստած եմ մեն մենակ չորս պատի արանքում, միայնակ մնալուց ուրախությունը քիչ է:
Եվ այդժամ Աստված արարեց կնոջը և բերեց նրան մարդու մոտ: Եվ դարձյալ հայտնվեց նրան: Իսկ նա նորիցնոր բողոքում է.
– Ինքս քաղցած նստած եմ, և կնոջս էլ տալու բան չունեմ:
Այդժամ Աստված դիմեց հողին, թող, իբր, մարդուն կերակրի: Իսկ հողը պատասխանում է.
– Ես համաձայն եմ նրան կերակրել, բայց նա թող ինձ վերադարձնի այն, ինչը որ ինձանից կվերցնի:
Ահա թե ինչու մարդը, հողից վերցված, վերադարձվում է հողին:
Կնոջ արարումը
Մի անգամ կինը վիճեց սատանայի հետ: Այդժմ Աստված ուղարկեց սուրբ Պետրոսին` վեճը հանդարտեցնելու: Իսկ սուրբը կտրեց նրանց երկուսի գլուխներն ու վերադարձավ:
Աստված նրան հարցնում է.
– Դու ի՞նչ արեցիր, Պետրոս:
– Քանի որ նրանք չկամեցան հաշտվել, դե, ես էլ նրանց գլուխները կտրեցի:
Աստված նրան ասում է.
– Ես քեզ չեմ հրամայել դա անել, գնա և նրանց գլուխները տեղը դիր:
Սուրբ Պետրոսը գնաց գլուխներն իրենց տեղերը դնելու և սատանային դրեց կնոջ գլուխը, իսկ կնոջը` սատանայի գլուխը: Ահա թե ինչու կանայք ադքան չարաբաստիկ գլուխներ ունեն:
Արևն ու լուսինը
Մի ժամանակ լուսինն այնքան հիասքանչ էր, որ գերել էր Արևին, և նա որոշել էր ամուսնանալ նրա հետ: Բայց գեղեցկուհին ծիծաղեց սիրահարի վրա: Լուսատուն զայրացավ և ծաղրաբանի երեսին մի բուռ մոխիր շաղ տվեց: Լուսինն ի պատասխան` նրա վրա ասեղներ նետեց: Այդ ժամանակից ի վեր խամրեց լուսերեսը, իսկ Արեգակն, ընդհակառակը, առավել շլացուցիչ շողաց:
Այժմ էլ Արևն ու Լուսինը լեզու չեն գտնում: Եվ երբ նրանք մարտնչում են, խավարում է լինում:
Քամին
Ասում են, հնում քամին շրջում էր երկրի երեսին մարդու կերպարանքով:
Մի անգամ նրան պատահեց մի կին: Նա գլխի վրա ցախով լիքը տոպրակ էր տանում: Փչեց չարաճճին ու ողջ ցախը շաղ տվեց ճանապարհի վրա: Կինը հարձակվեց նրա վրա, սկսեց նզովքներ լցնել նրա գլխին: Այդժամ քամին բողոքեց Աստծուն կնոջից: Իսկ նա ասաց.
– Տեղն է քեզ, սրանից հետո կփչես այնպես, որ քեզ չտեսնեն:
Կուզիկները
Մի տեղանքում ապրում էին երկու կուզիկ, նրանք վաղուց ծանոթ էին և ընկերություն էին անում: Մի անգամ նրանցից մեկը մոլորվեց և հայտնվեց անտառի թավուտում, ուր կախարդուհիները պարում էին իրենց հյուղակում` ասելով.
– Ուրբաթը հինգշաբթիի ետքից, աճապարելով, վազում է, իսկ ուրբաթի ետքից` շաբաթը, օրը, երբ պարելու ախորժակ կա…
Կուզիկն ավելի մոտ եկավ, բազում զանազան ուտեստներ տեսավ և հյուրասիրվելու հույս ունենալով` սկսեց կախարդուհիների համար երգել.
– Ուրբաթը` հինգշաբթիի ետքից, աճապարելով վազում է, իսկ ուրբաթի ետքից` շաբաթը, օրը, երբ պարելու ախորժակ կա…
Կախարդուհիները դիմավորեցին կուզիկին` որպես թանկագին հյուրի, նրան փառավորապես հյուրասիրեցին, և հրավիրեցին իրենց հետ պարելու, և երբ կեսգիշերը վրա հասավ, սկսեցին իրար մեջ խոսել.
– Մինչև մեր այստեղից թռչելն ի՞նչ անենք սրա համար:
– Եկեք նրան լիքը փող տանք:
Իսկ մի կախարդուհի ասաց.
– Եկեք նրան կուզից ազատենք:
Կուզիկը վերցրեց փողը, կախարդուհիներին թողեց իր կուզը և տուն դարձավ, այնտեղ նա հանդիպեց իր մտերմին, մյուս կուզիկին, և նա սկսեց նրան հարցնել, թե ինչպես նրան հաջողվեց կուզից ազատվել: Բուժված կուզիկն ամեն ինչ, որ տեղի էր ունեցել իր հետ, ընկերոջը պատմեց և նրան բացատրեց, թե ինչպես հասնի անտառի թավուտը, ուր ապրում են կախարդուհիները: Հենց նույն օրը երկրորդ կուզիկն ուղևորվեց անտառ և տեսավ, թե ինչպես կախարդուհիները շուրջպար բռնած երգում են.
– Ուրբաթը հինգշաբթիի ետքից, աճապարելով, վազում է, իսկ ուրբաթի ետքից` շաբաթը, օրը, երբ պարելու ախորժակ կա…
Նա սկսեց նրանց համար երգել և շարունակեց, որպեսզի ցուցադրի իր ջանադրությունը.
– Շաբաթվա ետքից` կիրակին, ահա, թե երբ խրախճանք կլինի:
Բայց հայտնի է, որ կախարդուհիների մոտ ավելի լավ է կիրակի օրվա մասին ծպտուն չհանել, և այդ պատճառով, հենց նրանք լսեցին այդ խոսքերը, ապա մեկեն հարձակվեցին կուզիկի վրա, և նրան մի լավ ծեծելուց հետո` սկսեցին իրար մեջ ասել.
– Դե, սրա հետ ի՞նչ անենք:
– Եկեք նրան դնենք երկրորդ կուզը, որ նախորդ կուզիկն էր մեզ թողել:
Եվ դժբախտ կուզիկը քարշ եկավ տուն, մի կուզը` ետևում, մյուսը` առջևում:
Էշը
Արարեց Տեր Աստված կենդանիներին, և հայտնի բան է, նրանց զանազան անուններ տվեց: Մի քանի օր անց եկավ ստուգելու` արդյո՞ք հիշում են նրանք իրենց դասը: Բոլոր կենդանիների գլխում իրենց անունը պինդ նստել էր, միայն էշն էր գեշ վիճակում` չի հիշում, և ի՞նչ կարող ես անել: Այդժամ Տերը բռնեց նրա ականջներից և ինչքան ուժ ուներ սկսեց քաշել. «Էշ ես դու,- ասում է,- և միշտ էլ էշ կմնաս»:
Լուսնի վրայի պուտերը
Մի կիրակի մի մարդ գնաց հատապտուղ հավաքելու: Իր համար հատապտուղ է հավաքում և մեկ էլ տեսնում է` Աստված իր առջև է:
– Չէ՞ որ այսօր կիրակի է, իսկ դու աշխատո՞ւմ ես,- արտաբերեց Ամենակալը:
– Տեր իմ, չէ՞ որ ինձ այստեղ ոչ մեկը չի տեսնում:
– Դե դու սպասիր, քեզ բոլորը կտեսնեն:
Եվ Աստված այդ մարդուն նետեց լուսնի վրա, և քայլում է նա այնտեղ` պայուսակն ուսին գցած, և մարդկանց թվում է, թե դրանք պուտեր են գիշերային լուսատուի վրա:
Մորաքույր Աղքատությունը
Իր արարման սկզբից ապրում էր երկրի երեսին մի զառամյալ պառավ, ում անունն էր մորաքույր Աղքատություն: Նա շատ դժբախտ էր ու շատ աղքատ` միայն ուներ մի խարխուլ հյուղակ և մի տանձենի դռան առաջ: Բայց բոլոր դժբախտություններն ու անհաճո բաները տանում էր հեզ և համբերատար, միայն երեխաները, որ առանց իր թույլտվության մագլցում էին տանձենու վրա և քաղում էին պտուղները, վրդովեցնում էին նրան: Դե, ինքը պատրաստ էր բոլոր տանձերն անխտիր նրանց տալ, բայց գողությունն իր սրտով չէր:
Մի անգամ մի չքավոր նրա դուռը թակեց: Նա նրան ընդունեց իր տանը և կերակրեց` տալով նրան իր վերջին փշուր հացը, որ պահել էր սև օրվա համար: Առավոտյան հյուրը սկսեց հաջողություն ասել և շնորհակալություն հայտնելով հյուրասիրության համար` ասաց, որ պատրաստ է կատարել նրա ուզած ցանկությունը:
– Դե ես միայն մի ցանկություն ունեմ,- ասաց պառավը,- որպեսզի նա, ով մագլցի տանձենու վրա առանց իմ թույլտվության, չկարողանա ծառից իջնել:
Հաջորդ օրը, դեպի փողոց նայող դուռը բանալով` նա տեսավ տանձենու վրա նստած երեք թոկից փախածների:
– Օխ, մորաքույր Աղքատություն,- պաղատեցին նրանք,- Աստծո սիրույն, ներիր մեզ: Օգնիր մեզ իջնենք, մենք ինքներս չենք կարող:
– Ճիշտ է. ճիշտ: Իսկ ո՞վ էր ասում, որ իմ տանձերը չի պոկում: Այս անգամ կօգնեմ, բայց եթե մյուս անգամ էլ գաք, ապա ողջ կյանքում կնստեք ծառի վրա:
Այդ ժամանակից ի վեր երեխաները երբեք առանց թույլտվության տանձ չէին քաղում:
Մի օր մորաքույր Աղքատության մոտ մի անծանոթ կին եկավ, չափազանց տարօրինակ, ամբողջովին սևով պատված և ձեռքին գերանդի:
– Քեզ ինձնից ի՞նչ է պետք,- հարցրեց Աղքատությունը` վախենալով:
– Քո ետևից եմ եկել: Ես Մահն եմ:
– Ինչպե՞ս թե, արդե՞ն: Իսկ գուցե մի տարի սպասե՞ս:
– Ոչ, ժամն է արդեն,- ասաց Մահը:
– Դե ինչ, այդժամ կատարիր իմ վերջին ցանկությունը, պոկիր ինձ համար այն տանձը, որ կախված է ամենավերին ճյուղից, մեն միակն է, որ պահպանվել է: Ուզում եմ այն ուտել:
Մահը մագլցեց ծառը, և այդպես պոկած տանձը ձեռքին մնաց ճյուղի վրա նստած: Սկսեց նա մորաքույր Աղքատությանը ձայն տալ: Իսկ նա նրան ի պատասխան ասաց.
– Համբերիր: Այդտեղ դու մեկ դար չէ, որ նստելու ես: Քեզանից միայն դժբախտություն է գալիս: Քանիսի՞ն ես որբ թողել:
Եվ ահա անցնում են օրերը, իսկ Մահը նստած է ծառի վրա: Այդժամ մորաքույր Աղքատության տան մոտ սկսեց ժողովուրդ հավաքվել` ամենատարատեսակ` բոլոր նրանք, ովքեր Մահվան հետ գործնական հարաբերությունների մեջ էին: Անփող մնացած քահանաները` թաղում չկա ու չկա, նոտարները, որ մահացածների թղթերն էին կարգավորում, որբերի գործերով զբաղվող ոստիկանները, դե էլ ով ասես: Եվ բոլորը դիմեցին մորաքույր Աղքատությանը մի խնդրանքով, որպեսզի թույլ տա, որ Մահը ծառից իջնի: Բայց մորաքույր Աղքատությունն անհողդողդ էր` ոչ, ոչ և ոչ:
Այդժամ Մահը փոխզիջման գնաց` մորաքույր Աղքատությանը հավերժական կյանք առաջարկելով, եթե նա իրեն օգնի: Մահը դարձյալ հայտնվեց երկրի երեսին: Աղքատությունը համաձայնվեց: Ահա և Մահն էլ շրջում է երկրի երեսին, իսկ Աղքատությանը վերջ կտրվի միմիայն աշխարհի վերջի հետ:
Ինչպես զինվորն ընկավ դրախտ
Երկու պատանիների զինծառայության ժամը եկավ: Նրանց նույն օրը կանչեցին, և ծառայության ժամանակ նրանք ընկերացան: Նրանց ծառայությունն էլ ավարտվեց նույն օրը, և նրանք գնացին տուն: Նրանք տարբեր վայրերից էին: Սկսեցին միմյանց հրաժեշտ տալ, և մեկը մյուսին ասաց.
– Մի օր ինձ հյուր կանչիր, ես միշտ ուրախ կլինեմ քեզ այցելելու, իսկ հետո ես քեզ կհրավիրեմ, և դու անպատճառ պիտի ինձ մոտ լինես:
Շուտով այնպես պատահեց, որ նրանք հանդիպեցին, և դարձյալ մեկը մյուսին ասում է.
– Ես քեզ հրավիրում եմ, խոստացիր, որ անպայման կգաս:
Իսկ երկրորդը նրան պատասխանում է.
– Դե ես չգիտեմ, թե դու որտեղ ես ապրում:
– Արի քո տան անկյունը, այնտեղ մի կապած էշ կտեսնես: Հեծնիր, և նա քեզ կբերի, ուր որ հարկն է:
Պատանին այդպես էլ արեց: Էշը նրան երկար տանում էր, վերջապես նրանք ինչ-որ գյուղ հասան, այնտեղ ժամատուն կար, և հենց այդ պահին պատարագ էր: Պատանին մտավ ժամատուն և մնաց մինչև պատարագի վերջը: Հետո դարձյալ հեծնեց էշին ու շարունակեց ճամփան: Մի ամբողջ օր ճամփա անցնելուց հետո նա մոտեցավ տոնականորեն զարդարված մի պալատի, ուր նրան դիմավորեց ընկերն ու թագավորական ընդունելության արժանացրեց, փառավորապես նրան հյուրասիրեց, նրան երաժշտություն և զանազան այլ բաներ հրամցրեց, իսկ խրախճանքի թեժ ժամին հանկարծ նրան ասաց.
– Ժամն է, որ դու արդեն գնաս, բարեկամս:
– Ոչ, ոչ, ես դեռ չեմ ուզում գնալ:
– Քեզ ասում եմ, գնա, քո ժամը դեռ չի եկել, հետո դու կվերադառնաս այստեղգ
Հյուրը ստիպված եղավ հեծնել էշն ու ետ ուղևորվել: Անցնելով այն գյուղի ճանապարհով, ուր երեկ պատարագի էր ներկա, պատանին տեսավ, որ ժամատունը քանդված է, և դրանից լոկ ավերակներ են մնացել, որ ծածկվել են փոշով: Նա հարցրեց ճախարակ մանող կնոջը.
– Ի՞նչ է ձեզ մոտ պատահել:
– Դուք այդ ինչի՞ մասին եք ասում:
– Դե այդքան փառավոր ժամատուն էր կանգնած, և սոսկ ավերակներն են մնացել:
Իսկ կինը նրան`
– Դե դա վաղուց, շատ վաղուց է քանդվել:
– Ինչպե՞ս թե վաղուց, երբ ես երեկ անցնում էի այստեղով, այնտեղ պատարագ էին մատուցում;
– Լսեք ինձ, բարի մարդ, երևի թե ձեր խելքը թռել է, ասում եմ ձեզ, այս ժամատունը վաղուց ավերակ է:
– Բայց ես հենց երեկ էի այստեղ:
– Գնացեք, գնացեք այստեղից, տեսնում եմ` լրիվ եք խելքներդ թռցրել:
Պատանին տուն վերադարձավ, իսկ երեք օրից ննջեց հավերժական քնով ու ընկավ դրախտ:
Աստծո և Սատանայի հետ
Մի աղքատ գյուղացի, ազնիվ և աստվածավախ, գնում էր մի անգամ անտառային արահետով, և մեկ էլ, որտեղից որտեղ, ծլեց նրա առաջ սատանան ու ասաց.
– Ես Աստծո դեմ թշնամության մեջ եմ, իսկ դու հեզաբարո ես նրա առաջ: Բայց գիտցիր, իմ թշնամիների ընկերը` իմ թշնամին է: Իսկ քանի որ դու իմ թշնամին ես, ես քեզ կդժբախտացնեմ ողջ կյանքով մեկ, և ոչ ոք քեզ չի օգնի, թեկուզ և դու զօրուգիշեր աղոթես, և բոլոր սրբերը քեզ ապավեն լինեն:
Գյուղացին վախից ոտից գլուխ դողաց ու ասաց.
– Բայց ես ամենևին էլ ձեր թշնամին չեմ, սենյոր սատանա, չէ՞ որ դուք ինձ ոչ մի չարիք չեք պատճառել: Եվ ինչո՞ւ ես չլինեմ ընկերը նրա, ով ծննդյանս օրից ինձ չի նեղացրելգ
– Դե լավ, լավ: Ես քեզ կսպասեմ կամրջի մոտ, և այնտեղ կտեսնենք, թե դու ում ընկերն ես ավելի շատ` Աստծո՞, թե՞ իմ:
Եվ սատանան անհետացավ:
Գյուղացին սատանայական սպառնալիքից նույնիսկ քրտնեց և, սաստիկ վշտացած` շարունակեց ճամփան: Գնաց, գնաց և վերջապես հասավ կամրջի մոտ: Բայց հազիվ էր ոտքը դրա վրա դրել, և կամուրջը քանդվեց, և բոլոր տախտակները ջուրը թափվեցին, մնաց մեն միակ մի տախտակ, և գյուղացին հազիվ էր դրանից բռնվել, այն տարուբերվում էր և նրա ծանրության տակ թեքվում: Սատանան կանգնել էր կամրջի սկզբում, իսկ Աստված` վերջում: Վախենալով գետն ընկնել և չկամենալով ոչ Աստծո և ոչ էլ սատանայի զայրույթը հարուցել, գյուղացին դանդաղ քայլերով շարժվում էր տախտակի վրայով և մորմոքելով շշնջում էր.
– Աստված, ներիր, և սատանա, պահպանիր…
Երկու խաբեբա
Ապրում էին երկրի երեսին երկու եղբայր: Նրանք շատ աղքատ էին և ոչնչով չէին կարողանում ապրուստի համար վաստակել: Եվ ահա մի անգամ ավագ եղբայրը կրտսերին ասաց.
– Լսիր մի, եղբայր: Ես մի միտք հղացա: Իսկ ի՞նչ, եթե մենք աշխարհով մեկ շրջենք և ստի առևտուր անենք: Մեզնից մեկն առջևից կգնա, իսկ մյուսը որոշակի տարածության վրա` ետևից: Նա, ով առաջից կգնա, զանազան ստեր կփչի, իսկ նա, ով ետևից է` կհաստատի ասածները:
Նրանք մանրամասնորեն ամեն ինչի մասին պայմանավորվեցին ու գնացին: Մեկը մյուսի ետքից: Եվ ահա առաջին իսկ պատահած գյուղում նա, ով առջևից էր քայլում, սկսեց ասել, որ այնպիսի նորություն գիտի, որը բոլորին կապշեցնի: Բայց խոստացավ պատմել, եթե իրեն վարձատրեն: Լսելով նորության մասին, նրա շուրջը հետաքրքրասերների ամբոխ կուտակվեց: Եվ հենց այդժամ էլ նա ասաց.
– Մի կալվածքում յոթ ձեռնանի մանուկ է ծնվել:
Ժողովուրդը, այդպիսի նորություն լսելով, զարմացավ, և ինչպես պայմանավորվածությունն էր, նրան վարձատրեցին: Խաբեբան շարունակեց իր ճամփան, և անվստահներից ոմանք կասկածեցին, և որոշելով անձամբ համոզվել, ճամփա ընկան: Եվ այդտեղ էլ վրա հասավ մյուս եղբայրը, նա, ով ետքից էր գնում, և ասաց, թե իբր այդ այնտեղից է գալիս: Այդտեղ գյուղացիները շրջապատեցին նրան, և բոլորը միայն մեկ հարց ունեին` արդյո՞ք նա տեսել է յոթձեռնանի մանկանը:
– Ոչ,- պատասխանեց նա,- յոթձեռնանի երեխային ես չեմ տեսել, բայց յոթը թևքերով վերնաշապիկը, որ կախված էր պարանից և քամու տակ չորանում էր, տեսել եմ:
– Մեզ ճիշտ են ասել,- որոշեցին գյուղացիները, և նրան փող տալով, հանգիստ գնացին իրենց տները:
Այդ ընթացքում ավագ եղբայրը պատմում էր փչոցներն արդեն մեկ այլ գյուղում: Թե իբր նա տեսել է կաղնու գլխին մի ջրաղաց: Բոլորին զարմացրեց, նորության համար նա իր վարձատրությունը ստացավ, և այն է` պատրաստվում էր ճամփան շարունակել, և եկավ երկրորդ եղբայրը, և երբ գյուղացիներն իրենց հարցմունքներով շրջապատեցին նրան, թե արդյոք նա չի՞ տեսել կաղնու կատարի ջրաղացը, ասաց.
– Ոչ, ջրաղացը ես չեմ տեսել, բայց ահա տղային, որ ցորենով լիքը պարկը ուսին բարձրանում էր կաղնու վրա, նա էր:
Ժողովուրդը զարմացավ.
– Այ քեզ բան: Ջրաղացպանը` կաղնու գլխին: Ինչ ասես, որ չի լինում երկրի երեսին:
Զարմացան ու փող տվեցին, և եղբայրները գնացին դարձյալ ժողովրդին խաբելու: Գուցե և մինչև հիմա էլ գնում են:
Մահը
Մի կին մշտապես պնդում էր ամուսնուն, որ Աստծուն միայն մի բան է խնդրում` առաջինը մեռնել: Սակայն ամուսինն այնքան էլ դրան չէր հավատում: Մի անգամ նա որոշեց ստուգել, արդյո՞ք կինը կեղծավորություն չի անում: Երեկոյան, քնելուց առաջ, նա կնոջն ասաց, որ մահը շրջում է երկրի երեսին` փետրահան աքաղաղի տեսքով: Հաջորդ առավոտ կինն ամուսնուց շուտ արթնացավ, իսկ նա պառկած սուտքուն է դրել: Հանկարծ կինը տեսնում է, որ տուն է մտնում փետրահան եղած մի աքաղաղ, և նրան թվաց, թե իբր մեկի անդրշիրիմյան ձայնն արտաբերում է.
– Մահն է գալիս:
Վախեցավ կինը, որ աքաղաղը սկզբում իրեն կմոտենա, կողմ ցատկեց ու շշնջաց.
– Գնա ամուսնուս մոտ, նա քնած է, և չի իմանա, թե ինչից է մահացել:
Հանելուկ ասացվածքներով
Մեկ անգամ մի արքայի մտքով անցավ փորձել իր երեք խորհրդատուներին: Նա գնաց նրանց հետ զբոսնելու և դաշտում բրիչով ծերունու տեսնելով, այսպիսի խոսքերով դիմեց նրան.
– Դե ինչ, սարերում ձյունը շա՞տ է:
– Էհ, ինչ անես, երևի թե ժամանակն է,- պատասխանեց ծերունին, և քթի տակ խորամանկ ժպտում է:
Խորհրդականները միմյանց են նայում, ոչ մի կերպ գլխի չընկնելով, թե ինչի մասին է խոսքը, չէ՞ որ ամառվա ամենաթեժ պահն է:
– Իսկ քանի՞ անգամ է քո տունը վառվել,- հարցնում է թագավորը:
– Դե, արդեն երկու, սենյոր:
– Դե, իսկ ի՞նչ ես կարծում, քանի՞ անգամ դու դեռ կխանձվես:
– Դե, երևի թե ի երեք անգամ էլ:
Խորհրդականներն էլ ավելի շատ են զարմանում, դե, իսկ թագավորն ասում է.
– Այստեղ քեզ այցի կգան երեք սագ, աշխատիր նրանց լավ փետրահան անել:
– Թող քո ասածը լինի, իմ արքա, ամեն ինչ կանեմ, ինչպես որ հրամայում ես:
Արքան շարունակեց իր ճամփան, քմծիծաղում է խորհրդականների վրա, սպառնում է ծառայությունից ազատել, եթե իրենց զրույցը չմեկնաբանեն: Խորհրդականները մտորմունքի մեջ ընկան, խոնարհաբար ծերունու մոտ գնացին, կամենում են հարցուփորձել, թե ինչ էր զրուցում արքայի հետ: Գյուղացին ի պատասխան` ասաց.
– Թող այդպես լինի, կպատմեմ, միայն թե ձեր բոլոր փողերը, և ի հավելումն` նաև ձեր հագուստը, հանեք:
– Դե ինչ արած,- համաձայնվեցին խորհրդականները:
Ծերունին սկսեց.
– Դե, ուրեմն, այսպես.
«Սարերում ձյունը շատ է»` դա այն պատճառով, որ ի գլխին լեփ-լեցուն են ճերմակ մազերը: «Ժամանակն է արդեն»` նշանակում է, որ տարիքս առել եմ: «Քանի՞ անգամ է քո տունը վառվել»` դա, ինչպես ժողովրդի մեջ է ասվում` «Քանի՞ անգամ է վառվել քո տունը` քանի՞ աղջիկ ես ամուսնացրել: Ես արդեն երկուսին ամուսնացրել եմ, գիտեմ, թե ինչն ինչոց է: Դեռ երեքին էլ պիտի ամուսնացնեմ, այդ պատճառով էլ դեռ երեք անգամ պիտի խանձվեմ: Այդ մասին է խոսքը մեկ այլ ասացվածքում` «Աղջկադ ամուսնացնես` ինքդ անփետուր կգնաս»: Իսկ երեք սագը, որ արքան հրամայեց, որ ես փետրահան անեմ` դա, ինձ մի դատապարտեք, սիրելի պարոններ: Դուք պատրաստ եք ձեր վերջին հագուստը տալու, միայն թե պարզեք, թե ես արքայի հետ ինչ էի զրուցում:
Խորհրդականներն, այն է, արդեն ուզում էին բարկանալ, բայց այդ պահին ժամանեց ինքն` արքան, ու ասաց, որ եթե կամենում են պալատ հագնված ներկայանալ, թող որ քսակները պարպեն ծեր գյուղացու աղջիկների համար:
Ուսանողը
Ուսանողն արձակուրդներին տուն էր եկել և որոշել էր ծնողների առաջ պարծենալ իր գիտունությամբ: Ուշ ժամ էր, հայրն ու մայրը նրան չէին սպասում, և այդ պատճառով ընթրիքին երկու հավկիթ էին խաշել: Ուսանողը նստեց սեղանի մոտ և սկսեց ծերունիներին ապացուցել, որ երկուսը` միևնույն է, ինչ երեքը: Հայրը լսում էր որդուն, լսում էր, և, երբ նա լռեց, վերցրեց ձուն, մեկը մեկնեց կնոջը, մյուսն իրեն թողեց և ասաց.
– Եթե ըստ քո ասածի է, որ երկուսը միևնույն է, ինչ երեքը, ապա մի ձուն էլ մայրիկին, մյուսը` ինձ, իսկ դու, մեր գիտուն որդի, քեզ երրորդը վերցրու:
Ռուսերենից թարգմանեց ՎԱՐԴԱՆ ՖԵՐԵՇԵԹՅԱՆԸ