Նիկոլ Փաշինյանի կառավարությունը՝ «լիխարադկայի» մեջ

Կառավարությունը չի դադարում մեծ տեմպերով ավելացնել պետական պարտքը։ Ինչպես կասեր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը՝ «լիխարադկայի» մեջ է։ Վերջին տարիներին այնքան են ավելացրել պետական պարտքը, որ ստիպված են անընդհատ նոր պարտքեր վերցնել նախկին պարտքերը սպասարկելու համար։

Այնքան անճարակ են, որ չեն էլ կարողանում գոնե էժան պարտքեր վերցնել։ Աստղաբաշխական գներով պարտքեր են վերցնում ու փաթաթում ժողովրդի վզին։ Ժողովուրդն է ճռռալու այդ պարտքերը հետագայում փակելու համար։

Պարտքը սպասարկելու համար հերթական եվրոբոնդերն են թողարկել ու 750 մլն դոլարով ավելացրել պարտքը։ Նախատեսում էին 500 միլիոն դոլար վերցնել, բայց 750 միլիոն են վերցրել։ Հավանաբար մտածել են, որ բյուջեի եկամուտներն այնքան չեն լինի, որպեսզի նախատեսված ծախսերն անեն ու դրա համար 250 միլիոն էլ ավելի են վերցրել։

Գոնե էժան լիներ, դեռ կարելի էր հասկանալ։ Բայց չափազանց թանկ պարտք են վերցրել, գրեթե կրկնակի թանկ, քան նախորդ թողարկման ժամանակ ներգրավված պարտքը։

Կարդացեք նաև

Անցած թողարկման գինը 3,8 տոկոս էր, այս թողարկմանը՝ 6,75 տոկոս։

Որ ասում են, թե պարտատոմսերի թողարկումը վկայում է միջազգային ներդրողների կողմից Հայաստանի տնտեսության նկատմամբ ունեցած բարձր վստահության մասին, այստեղ է երևում այդ վստահությունը։ Ռիսկեր են տեսնում, դրա համար էլ բարձր տոկոսով են տալիս։

Իսկ թե Հայաստանի իշխանություններն ինչո՞ւ են այդքան թանկ պարտք վերցրել, երևի արդեն պարզ է. էժան պարտք տվող չկա, դրա համար, ինչ էլ առաջարկում են, վազելով համաձայնում են։

Քիչ է, թանկ պարտք են վերցրել, մի բան էլ ավել են վերցրել՝ սպասվող ընտրություններից առաջ հերթական անգամ ժողովրդին ասֆալտով «կերակրելու» համար։ Այսքան տարի, այդքան արհավիրքներից հետո, պարտքերով արված ասֆալտով են փակել ժողովրդի աչքերը։

Երբ հպարտանում են, թե ճանապարհ, դպրոց ու մանկապարտեզ են կառուցել, ջրագիծ, ջրատար ու լուսավորության ցանց են անցակացրել, ժողովրդը պիտի իմանա նաև ճշմարտությունը՝ այդ բոլորը պարտքերով են արել։ Պարտքեր են վերցրել ու թողել պետության վրա։ Վաղը այդ ամենը ժողովրդի գրպանից է դուրս գալու, ժողովուրդն է աշխատելու, որպեսզի փակի պարտքերը։

Վերջին տարիներին այնքան են պարտքերով ծանրաբեռնել պետությանը, որ արդեն տարեկան 1 մլրդ դոլար ենք վճարում պարտքերի միայն տոկոսները փակելու համար։ Պարտքի սպասարկումը այդպիսին չէր լինի, եթե ագահորեն այնքան պարտք չվերցնեին, որ 7 տարում հասցնեին պարտքը կրկնապատկել։

ՔՊ-ականներն իրենց իշխանության ոչ ամբողջական 7 տարիներին արդեն հասցրել են գրեթե 7 մլրդ դոլարի պարտք վերցնել։ Այդ գումարների հաշվին արված ասֆալտով են խաբել ժողովրդին ու դեռ այնպես են ներկայացնում, թե նախկինները ոչինչ չէին անում, իսկ իրենք տասնյակ տարիներով քարուքանդ եղած, ցեխերի մեջ կորած գյուղական ճանապարհներն ասֆալտապատել են։

Այսքան պարտք ով էլ վերցներ, ճանապարհները չէ, բակերն ու նույնիսկ դաշտերն էր ասֆալտապատել։ Ժողովրդի հաշվին, ժողովրդի աչքին թոզ են փչել։

Մինչև իրենց իշխանության գալը պետական պարտքը 6,7 մլրդ դոլար էր, այս տարվա փետրվարի վերջի դրությամբ անցել է 13 միլիարդից։ Սրա մեջ դեռ չի մտնում այն 750 մլն դոլարը, որը օրերս են վերցրել՝ եվրոբոնդերի թողարկումով։ Եթե սա էլ ավելացնենք՝ պարտքը կդառնա 13 մլրդ 777 մլն դոլար. ուղիղ 7 միլիարդով ավել, քան մինչև քՔՊ-ականների իշխանության գալը։

Ավելին՝ սրա մեջ չի մտնում նաև այն 150 մլն դոլարի երաշխիքը, որը վերջերս տրամադրեցին Ամուլսարի ծրագիրը մեռյալ կետից հանելու համար։ Բայց դա էլ պարտք է, որը պետության վրա է մնում։ Ու եթե հանկարծ այնպես ստացվի, որ ծրագիրը չիրականացվի կամ ձախողվի, պետությունն է պարտավոր այն վերադարձնել։

Հիմա պատկերացրեք, թե այս բոլոր պարտավորություններով հանդերձ, մինչև ուր են հասցրել պետական պարտքը։ Տարեսկզբի երկու ամիսներին էլ՝ հունվար-փետրվարին, պարտքն ավելացրել են 185 մլն դոլարով՝ գերազանցապես կառավարության պարտավորությունների մասով։

Առանց այդ էլ կառավարության պարտքային պարտավորությունները շատ մեծ են։ Այս տարիներին բացառապես կառավարության պարտքի հաշվին է ավելացել պարտքը։ Փետրվարի վերջի դրությամբ այն անցնում է 12,5 մլրդ դոլարից։ Երբ եկան իշխանության ընդամենը 6,1 միլիարդ էր, 6,4 միլիարդով ավելացրել են՝ չհաշված վերջին ավելացումները։

Ու որ շատ ավելի վատ է՝ պարտքն են սարսափելի թանկացրել։ Թանկ ու էժան չեն նայել՝ միայն թե փող լինի՝ ծախսեն։ Յոթ տարում կառավարության պարտքի միջին տոկոսադրույքը հասցրել են 7,3-ի։ Սա շատ դեպքերում գերազանցում է անգամ առևտրային վարկերի տոկոսներին։ Անցած տարվա դեկտեմբերին պարտքի տոկոսը 0,1 տոկոսային կետով նվազեց, բայց այս տարվա սկզբին կրկին բարձրացավ։ Առաջիկայում, երբ պարտքի ցուցանիշներում կներառեն նաև 750 մլն դոլարանոց թանկարժեք եվրոբոնդերի գումարը՝ պարտքի գինը էլի կբարձրանա։

Շարունակում է կրճատվել պարտքի սպասարկման ժամկետը՝ ավելացնելով ճնշումը բյուջեի վրա։ Այդ ցուցանիշով պարտքը արդեն «վառվում է»։ Սահմանված նվազագույն 7 տարվա փոխարեն, փետրվարի վերջին այն կազմել է 6,8 տարի։ Անցած տարին փակվել էր 6,9-ով։

Պարտքերի վերջին շրջանի շռնդալից ավելացումներից հետո, պարտքի բեռն ու սպասարկման ծախսերն առաջիկայում շատ ավելի մեծ տեմպերով կաճեն։ Արդեն այս տարի պարտքի ընդհանուր սպասարկումը՝ տոկոսներն ու մարումը միասին, պետական բյուջեի վրա նստելու են 1 տրիլիոն 117 մլրդ դրամ։ Եթե վերածենք տարադրամի, կստացվի ավելի քան 2,8 մլրդ դոլար։ Այդքան գումար կառավարությունը պետք է վճարի վերցրած պարտքերը փակելու համար։ Հարկերը համատարած բարձրացնում են, ժողովրդին համատարած թալանում են քիչ է, մի բան էլ նոր պարտքեր են վերցնում՝ նախկին պարտքերը մարելու համար։

Այսպես որ գնա, առաջիկայում շատ ավելի են ծանրացնելու քաղաքացիների բեռը։ Պարտքերը, որոնք վերցնում են, քաղաքացիներն են փակելու՝ իրենց վճարած հարկերով։ Ինչքան դրանք շատ լինեն, այնքան ավելի շատ են քերելու ժողովրդից։ Պարտքերը վերցնում են ցոփ ու շվայտ ծախսում, շռայլում են, բեռը թողնում ժողովրդի վրա։ Թռիչքային տնտեսական աճերից են խոսում, երբ պարտքերն են թռիչքային ավելացրել ու երկիրը ներքաշել պարտքային տենդի մեջ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս