Կառավարությունում դեռ չգիտեն, թե ինչ են անելու թոշակների հետ

Վերջին անգամ բազային կենսաթոշակը Հայաստանում բարձրացել է գրեթե 4 տարի առաջ։ Այն էլ՝ ընդամենը 3 հազար դրամով։ Այս ընթացքում, թեև շատ ջրեր են հոսել՝ թանկացումների ու քաղաքացիների վրա ծախսերի բեռի ավելացման տեսքով, կառավարությունում դեռ հստակ չգիտեն, թե առաջիկայում ինչքանով հնարավոր կլինի բարձրացնել կենսաթոշակները։

Ֆինանսների նախարարն ասում է՝ հուլիսից սկսած բոլոր գերատեսչությունների հետ քննարկելու ենք իրենց բյուջեները, ծախսերի կառուցվածքը, քաղաքականությունները, ոչ նպատակային ծրագրերը։ Այդ քննարկումներից հետո նոր պարզ կլինի՝ տեղ ունե՞նք աշխատավարձ բարձրացնելու, թոշակների բարձրացումը որքա՞ն և ի՞նչ միջոցներով է տեղի ունենալու։

Նախորդ մի քանի տարիներին որքան էլ Հայաստանում պաշտոնապես գնաճը բարձր չի եղել, այնուհանդերձ, համատարած ամեն ինչ թանկացել է։ Թանկացել են առավելապես պարենային ու առաջին անհրաժեշտության ապրանքները, որոնց կուտակային գնաճը երբեմն հասնում է 50-60 տոկոսի։ Թանկացումներից տուժել են հատկապես այն քաղաքացիները, որոնք ապրում են պետական նպաստների հաշվին։ Խոսքն առաջին հերթին թոշակառուների մասին է, որոնց թոշակներն այս ընթացքում չեն բարձրացել, բայց բոլորի նման՝ նրանք իրենց վրա կրել են թանկացումների ազդեցությունը։

Վերջին անգամ բազային կենսաթոշակը Հայաստանում բարձրացրել են 2022թ. սեպտեմբերին՝ նախկին 18 հազար դրամից դարձրել են 21 հազար դրամ։ Բազային կենսաթոշակի բարձրացում դրանից հետո տեղի չի ունեցել։ 2023թ. կեսերից ևս 1 անգամ կենսաթոշակները բարձրացել են, կրկին 3 հազար դրամով, բայց դա վերաբերել է բացառապես նվազագույն կենսաթոշակ ստացողներին, որոնք կազմում են կենսաթոշակառուների ընդամենը 10-12 տոկոսը։ Այնպես որ, դա, անգամ մեծագույն ցանկության դեպքում, դժվար է թոշակների համատարած բարձրացում համարել։

Կարդացեք նաև

Դրանից հետո, չնայած Հայաստանում կյանքը մեծապես թանկացել է, կառավարությունը՝ ինչպես բազային, այնպես էլ՝ նվազագույն կենսաթոշակների չափերի վերանայում չի արել։ Փոխարենը՝ փորձել է հետվճարի միջոցով տպավորություն ստեղծել, թե կենսաթոշակ է բարձրացնում։

Այն, ինչ արել է, իրականում շատ քիչ կապ ունի թոշակների բարձրացման հետ, որովհետև թոշակառուների մեծ մասը տարբեր պատճառներով չի կարողանում օգտվել հետվճարից։ Օգտվողներն էլ չնչին գումարներ են հետ ստանում։

Ծրագրի մեկնարկից մինչև հիմա հետվճարի միջոցով թոշակառուներին վերադարձված գումարը կազմել է 15-16 մլրդ դրամ։ Առաջին հայացքից թվում է, թե բավական մեծ գումարի մասին է խոսքը, բայց երբ այն բաժանում ենք բոլոր թոշակառուների վրա, չնչին գումար է ստացվում։ Ամսական հազիվ մի քանի հարյուր դրամ։ Ու դա կառավարությունը ներկայացնում է՝ որպես կենսաթոշակների բարձրացում։

Թե դա ինչքանո՞վ է նպաստել թոշակառուների եկամուտների ավելացմանը, տեսնում ենք միջին կենսաթոշակի ցուցանիշներում։ Պաշտոնական տվյալների համաձայն, 2020թ. վերջին միջին կենսաթոշակը Հայաստանում 43.590 դրամ էր, 2021թ. վերջին՝ 43.279 դրամ, 2022թ. վերջին՝ 46.191 դրամ, 2023թ. վերջին՝ 49.132 դրամ, 2024թ. վերջին՝ 49.098 դրամ։

Հինգ տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ական վարչախումբը միջին կենսաթոշակը ավելացրել է ընդամենը 5.508 դրամով՝ միջին տարեկան 1.1 հազարով։

Սա է այն ամբողջը, որ կենսաթոշակների բարձրացման տեսքով ստացել է թոշակառուն։ Իսկ թե այդ ընթացքում ինչքանո՞վ են ավելացել նրա ծախսերը, նույնիսկ անիմաստ է ասել։

Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրով խոստացել են մինչև 2026թ. նվազագույն կենսաթոշակի ու միջին կենսաթոշակի չափերը համապատասխանեցնել պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին։ Մինչև 2026թ. հաշված ամիսներ են մնացել, իսկ նվազագույն ու միջին կենսաթոշակների չափերն էապես զիջում են պարենային ու սպառողական զամբյուղներին։ Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն այս պահին 75.8 հազար դրամ է, իսկ միջին կենսաթոշակը 49.5 հազար դրամի սահմաններում է։ Տարբերությունը գերազանցում է 26 հազար դրամը։

Նվազագույն սպառողական զամբյուղի և նվազագույն կենսաթոշակի միջև տարբերությունը նույնիսկ խորացել է։ Վեց տարի առաջ նվազագույն սպառողական զամբյուղի ու նվազագույն կենսաթոշակի միջև տարբերությունը 35.6 հազար դրամ էր, հիմա դարձել է գրեթե 40 հազար։ Սա նշանակում է, որ այս մարդկանց կյանքն անհամեմատ ավելի մեծ տեմպերով է թանկացել, քան թոշակների այն բարձրացումը, որը տեղի է ունեցել այս ընթացքում։

Եթե թոշակների պարագայում դեռ աղոտ հույսեր կան, որ անկախ ամեն ինչից, կգնան որոշ բարձրացման՝ հաշվի առնելով սպասվող ընտրությունները, նվազագույն աշխատավարձերի դեպքում այդ հույսերն էլ չկան։ Վերջին անգամ նվազագույն աշխատավարձը բարձրացրել են 2023թ.՝ 68 հազարից դարձնելով 75 հազար դրամ։ Նախատեսել էին մինչև 2026թ. հասցնել 85 հազարի։ Բայց այսօր արդեն ֆինանսների նախարարը խիստ կասկածանքով է խոսում նման հնարավորության մասին։

Որքան էլ արտաքուստ ուզում են ցույց տալ, թե բյուջեն խնդիրներ չունի, իրականում լուրջ խնդիրներ են կուտակվել։ Անցած տարվա եկամուտները չկարողացան հավաքել, այս տարվա երկրորդ կիսամյակի կատարողականը ևս հարցականի տակ է։ Նախորդ տարիներին բյուջեի փողերն այնպես են մաս-մաս արել, որ հիմա շատ դժվար է լինելու բյուջեում լրացուցիչ գումարներ գտնելը։ Դրա համար են ամեն տեղ փորձում հարկային բեռ ավելացնել։ Բայց ինչպես տեսնում ենք, դա էլ արդեն արդյունք չի տալիս։ Բյուջեի եկամուտները դադարել են այնքան ավելանալ, որ հնարավոր լինի փակել առաջնային կարևորության սոցիալական ծախսերը։

Ժամանակին, երբ հնարավորություններ կային, առաջնային իրենց աշխատավարձերն էին անգամներով բարձրացնում, փոխարենը՝ մի քիչ էլ մտածեին սոցիալական խոցելի խմբերի եկամուտներն ավելացնելու մասին։ Դրա համար իրենք դարձել են մեծահարուստներ ու իրենց շրջապատել ճոխություններով, իսկ սոցիալական խոցելի խմբերը մնացել են մի քանի հազար դրամ կենսաթոշակի ու աշխատավարձի հույսին։ Հույս էլ չկա, որ առաջիկայում այս առումով մեծ փոփոխություններ կարող են լինել։ Լավագույն դեպքում էլի մի քանի հազար դրամով թոշակ կբարձրացնեն ու կհամարեն, որ իրենց խնդիրը կատարել են։

Մեկ անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանը թոշակների բարձրացումը բեռ է համարել բյուջեի վրա։ Իրենց աշխատավարձերի կրկնապատկում-եռապատկումը, թանկարժեք գնումների, ճոխ ծախսերի կատարումը, անհեթեթ միջոցառումների անցկացումը բեռ չէ բյուջեի վրա, թոշակների, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի բարձրացումը, որն առնչվում է, այսպես կոչված՝ աշխատող աղքատներին, բեռ է։ Վաղուց սոցիալական արդարությունից հրաժարված իշխանությունը հակված չէ մտնել նման բեռի տակ։ Ոչինչ, որ հարյուր-հազարավոր քաղաքացիներ այդ մի քանի հազար դրամի հույսին են։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս