Տնտեսական աճի իմիտացիայի ռեսուրսները սպառվում են, իրական տագնապները՝ ավելանում

Հայաստանի տնտեսության համար վերջին շրջանում ստեղծված բարձր տնտեսական աճի ռեսուրսները գնալով սպառվում են։ Տնտեսական աճի սպասումները հուսադրող չեն, չկան նախկին բարձր աճի ակնկալիքները։

Ավելացել են տագնապները՝ կապված այն գործոնների չեզոքացման հետ, որոնք վերջին տարիներին դարձել էին տնտեսության բարձր աճերի հիմքը։ Երբեմնի բարձր աճերով հպարտացող քաղաքական արկածախնդիրների իշխանությունն այդպես էլ ոչինչ չկարողացավ անել առաջացած հսկայական հնարավորությունները մեր տնտեսության երկարաժամկետ ու կայուն աճին ծառայեցնելու համար։ Հնարավորությունները գնալով սպառվում են՝ լուրջ ռիսկեր ստեղծելով՝ ինչպես տնտեսության, այնպես էլ՝ պետական բյուջեի համար։

Նախորդ շրջանի ժամանակավոր ֆինանսական հոսքերի արդյունքում այնքան են ծանրաբեռնել բյուջեն, որ հիմա ստիպված են ամենուրեք ֆինանսական բեռ ավելացնել՝ ծախսերի, այդ թվում՝ առաջնային ու պաշտպանված ծախսերի կրճատումից խուսափելու համար։ Չնայած դեռ վաղ է ասել, թե այս քաղաքականությունը որքանո՞վ կարդարացնի իրեն։

Հարկային բեռի ու ճնշման մեծացումը միշտ չէ, որ բերում է բյուջեի եկամուտների ավելացման։ Հաճախ ճիշտ հակառակն է լինում։ Բիզնեսը խեղդվում է հարկային բեռի տակ, կորցնում մրցունակությունը։ Թեև այնպես չէ, որ նախկինում, երբ հայտնի գործոնների արդյունքում բարձր տնտեսական աճեր էին գրանցվում, բիզնեսը, առավել ևս՝ բիզնեսի արտադրական ու արտահանման հատվածը, իդեալական վիճակում էր։ Պատահական չէ, որ ինչքան արտաքին ռեսուրսները թուլանում են, այնքան ներքին տնտեսական իրավիճակը վատանում է։ Շուտով հետևանքներն ավելի տեսանելի ու ծանր կլինեն։

Կարդացեք նաև

Տնտեսությունն արդեն հասցրել է մեծապես կորցնել նախկին բարձր ակտիվությունը։ Աճի տեմպերն էապես ընկել են։ Վաղուց արդեն անցյալում են տնտեսական ակտիվության երբեմնի երկնիշ աճերը։ Տեմպերն անգամներով նահանջել են։

Անցած տարվա առանձին ամիսներին տնտեսական ակտիվությունն ընդհուպ մոտեցավ զրոյին։ Սպասվում է, որ այս տարի իրավիճակը շատ ավելի բարդ է լինելու։ Արտաքին ռեսուրսները մաշվում են, ներսում նորերը չեն ստեղծվում։ Կա՞ մեկը, ով կարող է ասել, թե վերջին տարիների այդքան հորջորջվող համաշխարհային մակարդակի տնտեսական աճերի պայմաններում՝ Հայաստանում քանի նոր գործարան է կառուցվել, քանի՞ նոր արտադրություն է բացվել, ինչքանո՞վ են ավելացել տնտեսության իրական հատվածում կատարվող ներդրումները, որոնք հետո պիտի նպաստեին եղած արտադրական հզորությունների մեծացմանն ու արտադրության ծավալների ավելացմանը։ Թվում է, թե արձանագրվող բարձր աճերի պայմաններում ներդրողները պիտի վազելով ներդրումներ կատարեին

Հայաստանի տնտեսության մեջ, բայց եղած ներդրողներն էլ հեռանում կամ հանում են իրենց ներդրումները։ Հայաստանի տնտեսությունը ներդրումային արտահոսքի մեջ է։ Ներդրողները հանում են իրենց միջոցները, որովհետև վստահություն չունեն ոչ միայն մեր տնտեսության, այլև երկրի ու հատկապես քաղաքական իշխանության նկատմամբ։ Երկրի ինքնիշխանությունն այնտեղ են հասցրել, որ Հայաստանի սեփական տարածքում Ադրբեջանն է որոշում դեռևս պահպանվող սակավաթիվ ներդրումների աշխարհագրությունը։ Կուզի՝ կթողնի ներդրումներ անել, չի ուզի՝ խոչընդոտներ կստեղծի ու կստիպի հրաժարվել։

Զարմանալի չէ, որ այսքանից հետո Հայաստանում ներդրումներ չեն կատարվում, ներդրումային կապիտալն է դուրս բերվում։ Սրա տնտեսական հետևանքները հետո են երևալու։ Ինքնաբերաբար արձանագրվող բարձր աճերը, որոնք 2-3 տարի տեղի ունեցան մեր տնտեսության մեջ՝ իրականում նույնիսկ տնտեսական էլ չէին, մեծամասամբ առևտրի վրա հիմնված աճեր էին։

Պարզապես միջազգային խաղացողները Հայաստանի իշխանություններին շանս տվեցին ինչ-որ ժամանակ շրջանցել Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները։ Բայց ավարտվում է նաև դրա ժամանակը։ Արտաքին առևտուրը գնալով կորցնում է իր ազդեցությունը Հայաստանի տնտեսության ցուցանիշների, ինչպես նաև պետական բյուջեի մուտքերի վրա։

Անցած տարի դա արտահայտվեց առաջին հերթին ավտոմեքենաների վերաարտահանումների սառեցման տեսքով։ Հայաստանի միջոցով ԵԱՏՄ երկրներ ավտոմեքենաների տեղափոխումը դադարեց գրավիչ լինել՝ մեծապես ազդելով այստեղից ստացվող բյուջեի եկամուտների վրա։

Միլիարդավոր դրամներ, որոնք ակնկալվում էին, չեղան։ Իշխանությունների ագահությունը հանգեցրեց նրան, որ բյուջեի եկամուտների այս աղբյուրը գրեթե չորացավ։

Անցած տարվա բյուջետային մեծ ճեղքի առաջացման հիմնական պատճառներից մեկը սա էր, որը քաղաքական իշխանության օրենսդրական ու վարչարարական անգրագիտության ուղղակի հետևանք էր։ Նույնպիսի հետևանքի առաջ են կանգնած նաև բազմաթիվ այլ ոլորտներ։ Ու եթե ավտոմեքենաների պարագայում դա կապված էր արտաքին առևտրի հետ, այս անգամ կապն ուղիղ ներքին տնտեսության հետ է։ Միկրոձեռնարկատիրության, փոքր ու միջին բիզնեսի նկատմամբ իրականացվող այն քաղաքականությունը, որը որդեգրել է քաղաքական իշխանությունը, տանում է նրան, ինչ տեղի ունեցավ ավտոմեքենաների վերաարտահանման բիզնեսի հետ։

Արտաքին ռեսուրսները քիչ է, սպառվում են, ներսում էլ իշխանություններն են փակում տնտեսության օդերը։ Փոքր ու միջին բիզնեսի գործունեությունը Հայաստանում վտանգված է։ Վերաարտահանումների վրա հիմնված տնտեսական աճերի հնարավորություններն են թուլանում։ Արտաքին ֆինանսական հոսքերն են կրճատվում։ Դրսից տեղափոխված բիզնեսն է արտագաղթում, մարդկային կապիտալն է արտահոսում։

Բանկային համակարգի ակտիվության ու բարձր շահութաբերության ռեսուրսներն են սպառվում, վարկային ռիսկերն են ավելանում, ֆինանսական ռիսկերն են ավելանում։ Այս ամենը ի վնաս Հայաստանի տնտեսության է ու ֆինանսական համակարգին։ Մարտահրավերները համատարած են, այնինչ՝ անհոգների իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ֆեյսբուքներից ու տիկ-տոկներից դուրս չի գալիս՝ քաղաքական խարդավանքներով են զբաղված, նախընտրական արշավների մեջ են, կեղծ ժողովրդավարություն են խաղում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս