Սա դառնալու է հերթական պատուհասը
Կառավարությունը պատրաստվում է հաջորդ տարվանից մեկնարկել առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը։ Այժմվանից արդեն սկսել են արշավը, փորձում են համոզել, որ այն լինելու է այս վիճակից առողջապահության փրկության միակ ելքը։
Բայց որքան շատ են խոսում դրա մասին, այնքան բացվում են այդ համակարգի հետ կապված խութերը։
Ապահովագրությունը, անշուշտ, կարևոր դեր ունի բժշկական ծառայությունները հասարակության տարբեր շերտերին հասանելի դարձնելու համար։ Սակայն այն, ինչ ուզում են անել և ինչպես ուզում են անել, դառնալու է հերթական պատուհասը։
Շատերը պարտադրված, բայց պարզապես անկարող են լինելու վճարել դրա համար։ Հատկապես, երբ խոսքը ոչ թե տասնյակ, այլ հարյուր-հազարավոր դրամների մասին է։
Աղքատ հասարակության պայմաններում այսպիսի համակարգի ներդրումը, այն էլ այնպիսի տեսքով, ինչպիսի տեսքով մտադիր է անել կառավարությունը, ոչ թե լինելու է փրկություն, այլ դառնալու է իսկական չարիք։ Դրա հետևանքները շատերը այսօր նույնիսկ չեն էլ պատկերացնում։
Պատրաստվում են պարտադրել վճարել ապագա հիվանդությունների բուժման համար, երբ բազմահազար քաղաքացիներ պարզապես ապրելու և հաց վաստակելու խնդիր ունեն։ Ինչպես պիտի այդ մարդիկ վճարեն ապահովագրական փաթեթ գնելու համար, երբ փող չունեն։
Կառավարությունն այնպես է արել, որ ապահովագրական փաթեթի համար յուրաքանչյուր քաղաքացի վճարի անհատապես՝ սեփական աշխատավարձից կամ ստացած եկամուտներից։ Աշխատող քաղաքացու պարագայում կարծես ամեն ինչ պարզ է՝ նրա աշխատավարձից որոշակի գումար ամեն ամիս կգանձվի հատուկ այդ նպատակով։ Թեև այնպես են արել, որ դա ֆորմալ առումով չլինի հարկի կամ պարտադիր վճարի տեսքով, բայց իրականում հենց այդպես էլ կա։ Այն դառնալու է հերթական ֆինանսական բեռն աշխատող քաղաքացու աշխատավարձի վրա։
Ընդ որում, ոչ պակաս ծանր բեռ՝ հատկապես ցածր աշխատավարձ ստացողների համար։ Ապահովագրական փաթեթը կարող է խլել այս քաղաքացիների ամսական աշխատավարձի 10-15 տոկոսը, որը հսկայական լրացուցիչ ֆինանսական ծանրություն է լինելու նրանց համար։
Դա դեռ միայն մեկ անձի մասով։ Իսկ եթե տվյալ աշխատողի ընտանիքում ևս 1-2 չաշխատող քաղաքացիներ լինեն, որոնք ևս պարտադրված են ապահովագրական փաթեթ ձեռք բերել, այդ դեպքում աշխատավարձի գրեթե կեսը գնալու է ապահովագրությանը։ Ճիշտ է, առողջապահության նախարարության պաշտոնյաներն առայժմ խուսափում են հայտարարել ապահովագրական փաթեթի թեկուզ մոտավոր գինը, այնուհանդերձ կասկած չկա, որ յուրաքանչյուր քաղաքացու հաշվով դա լինելու է ոչ պակաս, քան 150-200 հազար դրամ, եթե ոչ ավել։
Այսինքն՝ եթե ընտանիքում որևէ սոցիալական խմբում չընդգրկված 3 չափահաս մարդ կա, որոնցից միայն մեկն է աշխատում, այդ ընտանիքը միայն այդ աշխատողի աշխատավարձի հաշվին ապահովագրական փաթեթների համար պարտավոր է լինելու տարեկան վճարել առնվազն 450-600 հազար դրամ։
Դժվար չէ պատկերացնել, թե սա ինչ լրացուցիչ ծանրություն է լինելու այսպիսի ընտանիքի բյուջեի վրա։
Ընդհանրապես չաշխատող քաղաքացիների պարտադիր ապահովագրության խնդիրը լինելու է այս համակարգի ամենախոցելի կողմերից մեկը։
Եթե մարդը չի աշխատում, գործազուրկ է, եկամուտ չի ստանում, չի մտնում որևէ սոցիալական խմբում, ապրում է ծնողների կամ հարազատների հաշվին, ինչպե՞ս պետք է մի քանի հարյուր հազար դրամ վճարի ապահովագրական փաթեթ գնելու համար։
Այսօր Հայաստանում, տարբեր հաշվարկներով, 150-200 հազար գործազուրկ կա։ Մարդիկ, ովքեր աշխատանք չունեն ու հազիվ են կարողանում գոյություն պահպանել։ Հիմա այս մարդիկ որտեղի՞ց պետք է վճարեն ապահովագրական փաթեթ ձեռք բերելու համար։
Ի դեպ, նշված 150-200 հազարի մեջ չեն մտնում այն առնվազն 300 հազար գյուղացիական տնտեսությունները, որոնք դասվում են զբաղվածների շարքին։ Նրանք գործազուրկների մեջ հաշվառված չեն, և հիմա կառավարությունն ասում է՝ հողից ստացած քո եկամուտներից մեկ անձի հաշվով տարեկան առնվազն 150-200 հազար դրամ պիտի վճարես պետությանը, որպեսզի 1 տարի, 2 տարի, 10 տարի կամ գուցե 50 տարի հետո, երբ հիվանդանաս, քեզ անվճար բժշկական ծառայություն մատուցեն։
Դեռ չենք ասում, թե ինչ որակի և ինչպիսի ծառայության մատուցման մասին է խոսքը։ Դա էլ հետո կերևա, չնայած այսօր արդեն խիստ կասկածներ կան, որ անգամ համապարփակ ապահովագրության ինստիտուտի ներդրումից հետո քաղաքացին կկարողանա պատշաճ ծառայություն ստանալ։ Մեր առողջապահության համակարգի վիճակը նման հույսեր չի տալիս։
Բայց ընդունենք, որ համակարգում ամեն ինչ նորմալ է։ Իսկ պատրա՞ստ է այսօր գյուղացին իր ստացած սուղ եկամուտների մի մասն էլ հատկացնել պարտադիր ապահովագրությանը։ Հատկապես որ, երբեմն հարկադրված է լինում դառը դատել, դատարկ նստել։
Եթե նույնիսկ համարենք, որ մի քանի հարյուր հազար դրամի էլ եկամուտ է ստացել, դրանով պիտի ապրի՞, թե՞ վճարի ապահովագրության փաթեթի համար։
Սա լուրջ խնդիր է, որը վաղը չոքելու է յուրաքանչյուր գյուղացու դռանը։
Գյուղական բնակավայրերում, ինչպես հայտնի է, աշխատատեղեր հիմնականում չկան, ու մարդիկ ապրում են մեծամասամբ հողից ստացվող եկամուտներով։ Այդ եկամուտներով շատերը հազիվ ծայրից ծայր են հասցնում։ Շատերն էլ չեն հասցնում ու վարկեր են վերցնում՝ գյուղատնտեսական աշխատանքներն իրականացնելու համար։ Գյուղացիների մեծ մասն այսօր ճռռում են վարկերի տակ, որովհետև եկամուտները չեն փակում ծախսերը, ու դա քիչ է, հիմա էլ մի քանի հարյուր հազար դրամ պիտի վճարեն ապահովագրական փաթեթ գնելու համար։
Ի դեպ, սրանով կառավարությունն անուղղակիորեն փորձում է քաղաքացիներից վերցնել այն գումարների մի մասը, որոնք ստացվում են դրսից՝ տրանսֆերտների տեսքով։ Դրանք համարելու են եկամուտ ու այդ եկամուտների հաշվին էլ պարտադրելու են, որպեսզի վճարեն ապահովագրական փաթեթ գնելու համար։
Երկար ժամանակ էին մտածում այդ գումարներից պետության բաժինը վերցնելու մասին և ահա գտել են դրա ձևերից մեկը։ Մյուսն էլ լինելու է եկամուտների հայտարարագրում, որը ևս վաղը դառնալու է միջոց՝ տրանսֆերտները հարկելու համար։
Առողջության պարտադիր ապահովագրության ներդրումը դառնալու է իսկական չարիք շատերի համար։ Այն լուրջ ֆինանսական ծանրություն է լինելու հազարավոր ընտանիքների համար։ Դա ոչ այնքան անհատական, որքան ընտանեկան բեռ է ենթադրում, որովհետև առնչվելու է ընտանիքի յուրաքանչյուր անդամին, անկախ նրանից՝ վերջինս եկամուտ ստանո՞ւմ է, թե՞ չէ։ Եթե չի ստանում, նշանակում է, պետք է ապահովագրական փաթեթ գնի ընտանիքի մյուս անդամների եկամուտների հաշվին։ Իսկ դա մեծ բեռ է դառնալու հատկապես նրանց համար, ովքեր ունեն ցածր եկամուտներ։ Այդպիսիք այսօր մեր հասարակության մեջ քիչ չեն։ Հաստատապես քիչ չեն լինելու նաև վաղը, երբ կառավարությունը սկսի պարտադրել առողջության ապահովագրության փաթեթները։
Այն, որ պետությունը մտադիր է սուբիդավորման միջոցով ստանձնել բեռի մի մասը, մեծ բան չի փոխում։ Ժամանակը ցույց կտա, որ կառավարության մասնակցությունը լինելու է սիմվոլիկ և էական խնդիր չի լուծելու քաղաքացիների մեծ մասի համար։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ