Ովքե՞ր են վայելում տնտեսական աճի ու բյուջեի բարիքները
Ֆինանսների նախարարն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «աչքալուսանք» տվեց կենսաթոշակառուներին. հայտնեց, որ հաջորդ տարվա բյուջեով կենսաթոշակների ավելացում չի նախատեսվում: Այնպես, ինչպես չեղավ 2024թ.։
Իհարկե, նա «մոռացավ» ասել, որ նպաստների բարձրացում էլ չի սպասվում։ Բայց թող նպաստառուներն էլ իմանան, որ նպաստները հաջորդ տարի էլ չեն բարձրանալու, ինչպես չբարձրացան այս տարի։ Ավելին՝ կառավարությունը պատրաստվում է շատերին զրկել նույնիսկ եղած չնչին նպաստներից։
Վերջին անգամ կենսաթոշակները Հայաստանում բարձրացել են 2023թ. հուլիսի 1-ից, այն էլ՝ ընդամենը 3 հազար դրամով։ Մինչ այդ էլ բարձրացել էին 2022թ. սեպտեմբերի 1-ից ու կրկին 3 հազար դրամի չափով։
Սա կենսաթոշակների այն ամբողջ բարձրացումն է, որ տեղի է ունեցել 2021թ. հետո։
Երեք տարում այս իշխանությունները, որոնք ժամանակին ներկայանում էին՝ որպես սոցիալական արդարության պաշտպաններ, հիմնական կենսաթոշակի չափը բարձրացել են ընդամենը 6 հազար դրամով։
Հաջորդ տարի որևէ բարձրացում չի սպասվում, ու դա նշանակում է, որ 4 տարում էլ հիմնական կենսաթոշակների բարձրացումը կկազմի ընդամենը 6 հազար դրամ։
Միջին կենսաթոշակի վրա դա նույնիսկ 6 հազար դրամի ազդեցություն չի ունենա։
Պաշտոնական տվյալներով, 2021թ. վերջին միջին կենսաթոշակը Հայաստանում 43 հազար 279 դրամ էր։ 2022թ. վերջին կազմում էր 46 հազար 191 դրամ, իսկ 2023թ. վերջին՝ 49 հազար 131 դրամ։ Այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ միջին կենսաթոշակի չափը Հայաստանում եղել է 49 հազար 171 դրամ։
Պաշտոնական այս թվերը վկայում են, որ վերջին 3 տարիներին միջին կենսաթոշակը Հայաստանում բարձրացել է ընդամենը 5892 դրամով։
Հաշվի առնելով, որ հաջորդ տարի էլ կենսաթոշակների բարձրացում չի նախատեսվում, 4 տարվա արդյունքներով էլ այս ցուցանիշում բան չի փոխվի։
Սա տեղի է ունենում վերջին տարիների իշխանությունների հայտարարած համաշխարհային մակարդակի տնտեսական աճերի և բյուջեի եկամուտների աննախադեպ ավելացումների պայմաններում։
Հիշեցնենք, որ 2022թ. Հայաստանում արձանագրվել է 12,6 տոկոս տնտեսական աճ։ 2023թ. տնտեսական աճը կազմել է 8,3 տոկոս։ Այս տարի էլ կառավարությունը կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ։
Այս աճերն ահա թե ինչպիսի ազդեցություն են ունեցել հասարակության ամենախոցելի խմբերից մեկի՝ կենսաթոշակառուների եկամուտների վրա։
Նշենք, որ Հայաստանում վերջին տվյալներով մոտ 500.000 կենսաթոշակառու կա։
Ու այդքան մարդու եկամուտների վրա 2022-2023թթ. գրեթե 21 տոկոս կուտակային և այս ու հաջորդ տարի սպասվող ավելի քան 11 տոկոս տնտեսական աճն ունենալու է ընդամենը շուրջ 5900 դրամի ազդեցություն։
Այս ընթացքում, ինչպես սիրում են կրկնել, «աննախադեպ» ավելացել են նաև պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերը։ Եթե 2021թ. պետական բյուջեի եկամուտները կազմել էին 1 տրիլիոն 684 մլրդ դրամ, ծախսերը՝ 1 տրիլիոն 988 մլրդ դրամ։ Այս տարվա բյուջեով պլանավորված է 2 տրիլիոն 723 մլրդ դրամի եկամուտներ, 3 տրիլիոն 206 մլրդ դրամի ծախսեր։
Հաջորդ տարի էլ՝ 2 տրիլիոն 873 մլրդ դրամի եկամուտներ և 3 տրիլիոն 482 մլրդ դրամի ծախսեր։
Չորս տարվա արդյունքում բյուջեի եկամուտների ավելացումը կլինի 1 տրիլիոն 189 մլրդ դրամ, ծախսերինը՝ 1 տրիլիոն 494 մլրդ դրամ։
Եկամուտների աճը կկազմի 70 տոկոս, ծախսերինը՝ 75 տոկոս։
Ահա այսպիսի աճերը 500 հազարին մոտ կենսաթոշակառուներն իրենց եկամուտների վրա զգալու են ընդամենը 5900 դրամ ավելացման չափով։
Դա էլ ամբողջությամբ, մի բան էլ ավել, տանում է գնաճը՝ այն համատարած թանկացումների միջոցով, որոնք տեղի են ունեցել ու առաջիկայում դեռ տեղի են ունենալու Հայաստանում։
Այսքանից հետո էլ դեռ խոսում են ներառական տնտեսական աճի մասին։ Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չի թողնում հայտարարելու, թե բյուջեն բոլորիս գրպանն է։ Իսկ թե ինչպես են բաշխում բոլորիս գրպանի փողերը, երևում է այս ցուցանիշներից։ Տնտեսական աճերի արդյունքներն ու բյուջեի եկամուտների ավելացումներն իրենք են վայելում, իսկ հասարակության հիմնական մասն անմասն է մնում դրանից։
Եվ սա միայն կենսաթոշակառուներին չի վերաբերում։ Նույն պատկերն է նաև նպաստառուների ու ընդհանրապես ցածր եկամուտներ ունեցող մյուս քաղաքացիների պարագայում։
Այս ընթացքում նվազագույն աշխատավարձը Հայաստանում մեկ անգամ է բարձրացել՝ 2023թ., այն էլ ընդամենը 7000 դրամով՝ 68.000 դրամից դարձել է 75.000 դրամ։ Նվազագույն աշխատավարձի բարձրացում չի սպասվում նաև հաջորդ տարի։ Այնպես որ, այդպիսի աշխատավարձով ապրող հարյուր-հազարավոր քաղաքացիներ շարունակելու են ստանալ այնքան աշխատավարձ, որքան ստանում էին։
Պարզ չէ՞, թե ինչու այս մարդիկ չեն զգում տնտեսական աճերի, բյուջեի եկամուտների ու ծախսերի «աննախադեպ» ավելացումների ազդեցությունն իրենց սոցիալական վիճակի վրա։
Պետական բյուջեի հաշվին իշխանության մեջ հայտնվածներն իրենց եկամուտները կրկնապատկել ու եռապատկել են, հարյուր-հազարներով ավելացրել են, իսկ կենսաթոշակառուների կենսաթոշակները, նպաստառուների նպաստները, նվազագույն աշխատավարձերը բարձրացրել են ընդամենը 6-7 հազար դրամով։
Զարմանալի չէ, որ հարկատուին հերոս են հռչակում ու բոլորին հորդորում են հերոսանալ, վճարել հարկերը, որպեսզի կարողանան իրենց ավելի շատ պարգևատրել բյուջեի հաշվին ու ավելի շատ հարստանալ։ Մի բան, ինչին վերջին տարիներին տեսնում ենք իշխանավորների ապրելակերպում։ Պատահաբար հայտնվելով իշխանության մեջ, բոլորը միանգամից հարստացան ու, եթե նախկինում անգամ սուրճի փող չունեին, պարտքով էին հեռուստացույց ու «պիլասոս» գնում, վերջին տարիներին թանկարժեք բնակարանների ու ավտոմեքենաների տեր են դարձել, փոխել են իրենց կենսակերպը՝ բարձրակարգ հյուրանոցներից, հանգստյան տներից, ռեստորաններից ու բրենդային խանութներից են օգտվում։
Տնտեսական աճի արդյունքներից ու բյուջեի եկամուտների ավելացումից իրենք ու իրենց շրջապատն են օգտվում, փող ու հարստություն են կուտակում, իսկ հասարակ քաղաքացին մի կերպ գոյություն է քաշ տալիս։
Սա է այս իշխանության բերած արդարությունն ու պետության բարիքները բոլորին հավասար բաժանելու խոստումների կատարումը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ