
Որքան կդիմադրի իշխանությունը․ գնդակը բիզնեսի դաշտում է

Անցած տարի, երբ իշխող վարչախումբը, արհամարհելով տարբեր տեղերից հնչող մտահոգությունները, բազմաթիվ ոլորտներում շըփ-թըփ անելով՝ օրենքներ էր փոխում ու ավելացնում էր բիզնեսի հարկային բեռը, մեծացնում էր քաղաքացիների ֆինանսական ծանրաբեռնվածությունը, հավանաբար չէր սպասում, որ կարող է հայտնվել հասարակական այսպիսի դժգոհությունների ալիքի տակ։ Այսօր, սակայն, դա իրողություն է։
Համատարած դժգոհություններ են հնչում իշխանությունների նկատմամբ։ Որոշ տեղերում դա գուցե բացահայտ չի արտահայտվում, բայց չի նշանակում, թե չկա։
Դժգոհում են և՛ քաղաքացիները, և՛ բիզնեսը։ Բողոքում են հարկային օրենսդրության բարեփոխում կոչված փոփոխություններից, բեռի ավելացումներից, ծախսերի ավելացումներից, թանկացումներից։ Բողոքում են, որ ամենուրեք ծախսերն ավելանում են, իսկ եկամուտները չեն աճում։
Տնտեսական իրավիճակը երկրում լավ չէ, չեն կարողանում ապահովել բյուջեի եկամուտները, փորձում են բացը լրացնել բիզնեսի ու քաղաքացիների վրա ֆինանսական բեռն ավելացնելու միջոցով։ Բյուջեի հաշվին կատարվող իրենց ճոխ ծախսերից ոչ մի կերպ չեն ուզում հրաժարվել՝ հարկային ճնշումն են մեծացնում, որպեսզի կարողանան բյուջեն լցնել։ Բյուջեն լցնելը դարձրել են կյանքի նպատակ։
Թիրախում են հայտնվել շատերը, և հատկապես՝ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները։ Բայց արդարության համար պետք է ասել, որ սրա մեղավորը նաև իրենք են։
Ժամանակին շատերն էին զգուշացնում, որ իշխանությունների նախաձեռնած հարկային բեռի այսպիսի կտրուկ ավելացումներն անելանելի վիճակի առաջ են կանգնեցնելու փոքր ու միջին բիզնեսին։ Շատերը ստիպված են լինելու փակվել, դադարեցնել իրենց գործունեությունը։ Բայց լսող չկա։ Մինչև դանակը ոսկորին չհասավ, տեղից չշարժվեցին։ Մինչդեռ, եթե ժամանակին պայքարեին իրենց իրավունքների համար, հիմա այսպիսի իրավիճակի առաջ կանգնած չէին լինի։
Փոքր ու միջին բիզնեսի հարկերը կրկնապատկել են, ասում են՝ խոշոր բիզնեսի ստվերի դեմ ենք պայքարում։
Խոշորներին չեն համարձակվում նեղացնել՝ փոքրերին են ճնշում, որպեսզի նրանք պայքարեն խոշորների ստվերի դեմ։
Թե ինչպես կարող է փոքր բիզնեսը ստիպել խոշորներին դուրս գալ ստվերից, դժվար է անգամ պատկերացնելը։ Բայց իշխանությունները շարունակում են համառորեն առաջ տանել այդ թեզը։ Ու չնայած արդեն տևական ժամանակ փոքր բիզնեսի ներկայացուցիչները պայքարում են իրենց իրավունքների համար, պահանջում են վերացնել հարկային բեռի աննախադեպ ծանրացումները, կառավարությունը հակված չէ զիջումներ անել։ Ասում են՝ դրա համար հիմքեր չկան։
«Մեր պատասխանը միանշանակ էր`այն, ինչ մենք ընդունեցինք ծանրակշիռ փաստարկների հիման վրա, չի կարող չեղարկվել առանց շատ ավելի ծանրակշիռ փաստարկների»,- կառավարության դիրքորոշումը փոխանցում է ֆինանսների փոխնախարարը։
Ավելին, մեղադրում է փոքր բիզնեսին. հայտարարվում է, որ հարկման նոր դրույքաչափերը ձեռնտու չեն միայն նրանց համար, ովքեր ստվերում են աշխատում։ Տրամաբանությունը հուշում է, որ նոր համակարգի դեմ հանդես են գալիս նրանք, ովքեր ցանկանում են շարունակել աշխատել ստվերում։
Այնինչ՝ խնդիրն ամենևին էլ ստվերում աշխատել-չաշխատելու ցանկության մեջ չէ։ Ստեղծած պայմաններն են մղում բիզնեսին՝ մտնել ստվեր, այլապես անհնարին է լինելու աշխատել։ Այն, ինչ հիմա փորձում են պարտադրել փոքր բիզնեսին, միանշանակ տանելու է ստվերի խորացման, փոքր բիզնեսի մրցունակության անկման։
Առանց այդ էլ՝ փոքր ու միջին բիզնեսը մրցունակ չէ, այսպիսի հարկային քաղաքականության պայմաններում ընդհանրապես կորցնելու է մրցունակությունը։ Տուժելու է՝ ինչպես բիզնեսը, այնպես էլ՝ պետությունը։
Փոքր բիզնեսի շրջանակները նեղանալու են, շատերը ստիպված են լինելու դադարեցնել իրենց գործունեությունը, իսկ բյուջեի եկամուտների ավելացման, ստվերի կրճատման հետ կապված ակնկալիքները մնալու են անկատար։
Սրա պատճառն այն քաղաքականությունն է, որն իրականացնում են իշխանությունները։ Հարկային օրենքները պարբերաբար փոխում են, ավելացնում են հարկային բեռը՝ առանց մտածելու դրա տնտեսական հետևանքների մասին։ Հարկային քաղաքականությունն ընդամենը մեկ նպատակ է հետապնդում՝ բյուջեն լցնելը, թե ինչ կլինի հետո, իշխանության համար միևնույն է։
Չկա նպատակային, առավել ևս՝ երկարաժամկետ հեռանկարների վրա հիմնված տնտեսական քաղաքականություն։ Դրա համար էլ անընդհատ տնտեսությանը ցնցումների առաջ են կանգնեցնում՝ հարկային օրենսդրության փոփոխություններով։
Բյուջեն լցնելը դարձրել են նպատակ ու փորձում են ճնշել փոքր բիզնեսին։
Նախորդ տարվա հարկային եկամուտները չկարողացան կատարել՝ 223 մլրդ դրամով թերակատարեցին։ Նույնը սպասվում է նաև այս տարի։ Այլևս չկան արտաքին գործոնների հետ կապված նախկին ակնկալիքները, բյուջեի ֆինանսական խնդիրները գնալով սրվում են, ու դրա համար հնարավոր բոլոր տեղերում ավելացրել են հարկային բեռը՝ փոխարենը վերլուծեին ու հասկանային մուտքերը չապահովելու պատճառները։
Հարկերը՝ տնտեսությունը զարգացնելու ու ընդլայնելու հաշվին ավելացնելու փոխարեն, հույսը հարկային բեռի բարձրացումների վրա են դրել։ Նման մոտեցումը երբեք լավ բանով չի վերջանալու։ Ու այն, որ փոքր ու միջին բիզնեսը բախվել է գործունեությունը շարունակելու խնդիրների հետ՝ դեռ առաջին ծիծեռնակն է։ Հետևանքների ամբողջ «հմայքը» հետո է երևալու։ Բայց այդ հեռանկարն էլ չի կանգնեցնում իշխանություններին։
Չնայած համատարած դժգոհություններին և օրենքի կիրառումը գոնե ժամանակավորապես կասեցնելու պահանջներին, կառավարությունում հակված չեն ընդառաջել փոքր բիզնեսին։ Պատրաստվում են բավարարվել միայն որոշ կոսմետիկ փոփոխություններով, որոնք ոչինչ չեն տալու։ Թե ինչպես փոքր ու միջին բիզնեսը դուրս կգա այս իրավիճակից, կախված է առաջին հերթին՝ հենց փոքր ու միջին բիզնեսից։ Ինչքանո՞վ կկարողանան տեր կանգնել իրենց իրավունքներին, այնքանով էլ կլուծվեն խնդիրները։ Այլևս պարզ է, որ իշխանությունները հակված չեն բավարարել նրանց պահանջները։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ