ԵՄ-ի սին հույսերն ու ռուսական շուկայի կորուստը. թվեր

Նիկոլ Փաշինյանի սիրտը ԵՄ է ուզում է, բայց մտադիր չէ ժամանակից շուտ լքել ԵԱՏՄ-ն։ Դրա համար էլ փորձում է շողոքորթել Ռուսաստանի իշխանություններին, հայտարարում է, թե Հայաստանի իշխանություններն՝ ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ՝ ընտրություններից հետո տրամադրված են զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ և շահագրգռված են ԵԱՏՄ-ին մասնակցությամբ։

Նիկոլ Փաշինյանը լավ գիտի, որ այս փուլում ԵԱՏՄ-ն լքելը լուրջ գլխացավանք կարող է դառնալ իր իշխանության համար։ Հատկապես որ, այդ իշխանությունն էլ ընտրություններից հետո շատ ավելի խախուտ է դարձել։

Ընդամենը 1-1,5 ամիս է, ինչ Ռուսաստանը սահմանափակել է մուտքը հայկական որոշ ապրանքների համար, արդեն տեսնում ենք, թե դա ինչ աժիոտաժ է առաջացրել Հայաստանի տնտեսության մեջ։ Այն պարագայում, երբ դեռ չի սկսվել գյուղմթերքների մասսայական բերքահավաքը։

Որքան էլ իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել, թե ռուսական շուկայի սահմանափակումներից հետո արտահանումները Հայաստանից հաջողությամբ շարունակվում են, նոր շուկաներ են մտնում, պաշտոնական տվյալները փաստում են, որ արգելանքի տակ հայտնված ապրանքների արտահանումներն անգամներով կրճատվել են։

Կարդացեք նաև

Եթե անցած տարվա հունիսին Հայաստանից արտահանվել էր գրեթե 32 հազար տոննա պտուղ-բանջարեղեն, այս տարի արտահանվել է ընդամենը 8 հազար տոննա։

Պտուղ-բանջարեղենի արտահանումը կրճատվել է 4 անգամով։

Ռուսական շուկայի փակումից հետո ծաղիկների արտահանումն էլ ավելի քան կրկնակի է կրճատվել։

Մեծապես կրճատվել է նաև սահմանափակումների տակ հայտնված մյուս ապրանքների արտահանումը։ Արտահանվող երկրների աշխարհագրությունն ընդլայնվել է, բայց արդյունքները տեսանելի չեն։ Իրականացվել են հիմնականում փորձնական, ոչ մեծ ծավալի մատակարարումներ, մի քանի տոննա, երբեմն՝ մի քանի տասնյակ կիլոգրամ, որոնք չեն կարող շոշափելի ազդեցություն թողնել ընդհանուր արտահանումների վրա։

Պաշտոնական տվյալները վկայում են, որ ռուսական սահմանափակումներից առաջ էլ էին Հայաստանից իրականացվող արտահանումները պերմանենտ կրճատվել. Փետրվարին Հայաստանից արտահանվել էր 708 մլն դոլարի ապրանք, մարտին արտահանվեց 594 միլիոնի ապրանք։ Ապրիլին արտահանման ծավալները շարունակեցին կրճատվել ու կազմեցին 548 մլն դրամ։ Մայիսին էլ արտահանվեց 522 մլն դոլարի ապրանք։

Թեպետ Ռուսաստանի կողմից սահմանափակումները մտցվեցին հիմնականում հունիսից, ռուսական շուկայում Հայաստանից արտահանումները դրանից առաջ արդեն սկսել էին նվազել։ Փետրվարին արտահանվել էր՝ 259 մլն դոլարի, մարտին՝ 220 միլիոնի, ապրիլին՝ 208 մլն դոլարի ապրանք։ Արդեն մայիսին դրանք կազմեցին ընդամենը 184 միլիոն։

Հունիսի ցուցանիշները դեռ հայտնի չեն, բայց կասկած չկա, որ այդ ամսին էլ են արտահանումները Ռուսաստան նվազել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանափակումների մեծ մասը գործում է հենց հունիսից։

Ի տարբերություն Ռուսաստանի, այս տարի արտաքուստ Հայաստանից իրականացվող արտահանման շոշափելի աճ է նկատվում դեպի ԵՄ երկրներ։ Եթե անցած տարվա առաջին 5 ամիսներին ԵՄ շուկաներ էր մատակարարվել 239 մլն դոլարի ապրանք, այս տարի այն հասել է 460 միլիոնի։

Առաջին հայացքից՝ այս տարի ԵՄ շուկաներում հայկական ապրանքների ակտիվ արտահանում է տեղի ունեցել, ռեկորդային բարձր աճեր են գրանցվել, մի շարք երկրների հետ արտահանումներն անգամներով են ավելացել։ Բայց դա տեղի է ունեցել ոչ թե հայկական արտադրության բազմաթիվ ապրանքների արտահանման համատարած աճերի, այլ գերազանցապես մեկ-երկու ապրանքների հաշվին։

Խոսքը հանքահումքային ապրանքների մասին է։ Այս տարի հանքահումքային ապրանքների արտահանումը նույնքան կտրուկ աճ է գրանցել, որքան ԵՄ երկրներ իրականացվող մատակարարումները։ Սրանք փոխկապակցված են։ ԵՄ երկրներ արտահանումները կտրուկ աճել են հիմնականում հումքային ապրանքների նույնքան կտրուկ աճերի արդյունքում։

ԵՄ երկրներ Հայաստանից արտահանումն այս տարի ավելացել է 221 մլն դոլարով։ Մինչդեռ Հայաստանից միայն հումքային ապրանքների արտահանումն ավելին է եղել 361 մլն դոլարով։ Ու դեռ հարց է, թե ԵՄ արտահանման 93 տոկոսանոց աճի պայմաններում, հումքայինից դուրս, այլ ապրանքների արտահանումներն ավելացե՞լ են, թե՞ պակասել։ Կարող է հանկարծ պարզվել, որ պակասել են։

ԵՄ որոշ երկրներ արտահանման, երբեմն՝ անգամներով աճի պարագայում, կան երկրներ, որոնց հետ Հայաստանի առևտուրը հետընթաց է գրանցել։ Ու այդ երկրներից մեկն էլ Նիկոլ Փաշինյանի ընկեր Մակրոնի Ֆրանսիան է։

Հայաստանից Ֆրանսիա արտահանումը ոչ միայն շատ փոքր է, այլև շարունակում է փոքրանալ, չնայած թվում է, թե այսօրվա դժվարությունների պայմաններում առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի ընկեր էմանուել Մակրոնը պիտի ձեռք մեկներ նրան։ Այնինչ՝ Ֆրանսիայի հետ Հայաստանի առևտուրը չնչին է. 5 ամսում Ֆրանսիա է արտահանվել ընդամենը 2.1 մլն դոլարի ապրանք, ինչը նույնիսկ 20 տոկոսով պակաս է նախորդ տարվանից։ Թեև նախորդ տարի էլ Հայաստանից արտահանումը Ֆրանսիա մի երևելի չէր, ընդամենը 2.6 մլն դոլար։

Ֆրանսիայի նախագահը որտեղ պետք չէ՝ անհարկի միջամտում է Հայաստանի ներքին գործերին, իսկ որտեղ պետք է՝ այսպես է «աջակցում»։

ԵՄ որոշ երկրների հետ էլ, թեև առաջին հայացքից արտահանումն անգամներով ավելացել է, դրանց ծավալները չնչին են։ Ասենք՝ Դանիա այս տարի արտահանումն աճել է՝ 6.1, իսկ Ֆինլանդիա՝ 5.8 անգամ։ Արտահանման լուրջ աճեր են, բայց անվանական արտահայտությամբ Դանիա է արտահանել՝ ընդամենը 98 հազար, իսկ Ֆինլանդիա՝ 99 հազար դոլարի ապրանք։

Վերջին շրջանում իշխանություններն առիթը բաց չեն թողնում խոսելու հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունները նոր հորիզոնների հասցնելու մասին։ Մինչդեռ՝ ունենք այն, որ Միացյալ Նահանգներ հայկական ապրանքների մատակարարումներն այս տարի ռեկորդային ցածր մակարդակի են եղել։ Հինգ ամսում ընդամենը 15-16 մլն դոլարի ապրանք է արտահանվել։ ԱՄՆ արտահանումները նվազել են 33 տոկոսով։

Նվազել են արտահանումները նաև հարևան Իրան ու Վրաստան։ ԱՄԷ արտահանման նվազման մասին էլ չենք խոսում, որը կրճատվել է 3.7 անգամով։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031