«Թրամփը սովորության համաձայն իրեն դառը կորիզի պես չի պահել, ինչը բավարար էր, որ հունական մամուլը նման ստորացուցիչ ձևակերպումներ թույլ տար». Արթուր Դանիելյան
«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Թրամփը խոնարհվել է Սուլթանի առջև», – այսպիսի վերնագրով է հանդես եկել հունական «Էստիա» օրաթերթը՝ Անկարայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովից անմիջապես հետո: Պատճառը Թրամփի խոստումն էր՝ Թուրքիային վաճառել Ֆ-35 կործանիչները: Սրանից զատ՝ Թրամփը շատ սիրալիր է արտահայտվել Զելենսկու մասին, անդադար գովել Էրդողանին ու վերանայել է Գերմանիային՝ Թոմոհավկներ չմատակարարելու իր նախորդ որոշումը: ԱՄՆ նախագահն առհասարակ սիրալիր էր բոլորի հետ՝ բացի Իսպանիայից։ Նա հենց ասուլիսի ժամանակ հրամայեց դադարեցնել այդ երկրի հետ առևտուրը:
Անշուշտ՝ Իսպանիայի հետ առևտուրը չի դադարեցվել, Ֆ-35-երն ու Թոմոհավկներն էլ դեռ չեն մատակարարվել, ու մեծ հարց է՝ կմատակարարվեն արդյոք երբևէ: Փաստը միայն այն է, որ Թուրքիան շատ հաջող գագաթաժողով է անցկացրել, որտեղ Թրամփը սովորության համաձայն իրեն դառը կորիզի պես չի պահել: Սա բավարար էր, որ հունական մամուլը նման ստորացուցիչ ձևակերպումներ թույլ տար ԱՄՆ նախագահի հանդեպ, Իսրայելը հենց գագաթաժողովի պահին Իրանին հարվածեր, իսկ Բոսնիայում սերբերի հետ քաղաքացիական բախումներ հրահրվեին, ու մամուլով 31 տարի առաջվա Սրեբրինիցայի դեպքերի մասին մեդիա արշավ սկսեին:
Թեպետ ավանդաբար ամերիկյան ազդեցության տակ գտնվող Արևելյան Եվրոպայի երկները՝ Լեհաստանի գլխավորությամբ, հերթով վատթարացնում են իրենց հարաբերությունները Ուկրաինայի հետ ու հայտարարում, որ այլևս չեն կարող աջակցել վերջիններիս, ՆԱՏՕ-ն՝ Գերմանիայի գլխավորությամբ, հայտարարեց, որ 2026-27 թվականներին 150 մլրդ դոլարի օգնություն կտրամադրի Ուկրաինային:
Հույները, բացի Թրամփից նեղացած հոդված գրելուց, նաև գործուն քայլեր են ձեռնարկում: Գագաթաժողովում Գերմանիայի առաջարկով նորից քննարկվել է Թուրքիայի՝ ԵՄ անվտանգության համակարգին (SAFE կոչեցյալը) միանալը, հույները նորից պնդել են, որ դա թույլ չեն տա, քանի դեռ Կիպրոսի և այլ կղզիների հարցը փակված չէ:
Թրամփից նեղացվածությունն էլ գալիս է նրանից, որ հույները հասկանում են, որ Գերմանիայի դեմ մնում են մեն-մենակ:
Ու որ Թրամփի հետ ոչ մեկ ավել-պակաս հույսեր չկապի, Իրանը գագաթաժողովից երեք օր անց նորից փակեց Հորմուզը, հարվածելով Կիպրոսի դրոշի տակ նավարկող նավին»:

