Աղքատների քանակը «հետհեղափոխական» Հայաստանում ավելացել է 12.000-ով

«Թավշյա հեղափոխականները» եկել էին իշխանության՝ քաղաքացու կյանքը բարելավելու համար։ Քաղաքացու կյանքը բարելավելու փոխարեն՝ տեսնում ենք, թե ինչպես են իրենց կյանքը բարելավել։ Իսկ զուգահեռաբար Նիկոլ Փաշինյանը ժամերով ճառեր է արտասանում սոցիալական արդարության, հասարակության համընդհանուր բարեկեցության մասին։

Բոլորովին վերջերս բյուջեի քննարկումների ժամանակ ասում էր՝ յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը փոխկապակցված է համընդհանուր բարեկեցության հետ։ Երբ հասարակությունը համատարած աղքատության ու թշվառության մեջ է, եթե մեկի բարեկեցությունը բարձրանում է, աչք է ծակում։

Նկատի ուներ դատարկ գրպաններով իշխանության եկածների ու հասարակության միջև առաջացած անջրպետը։ Մինչ հասարակությունն աղքատ է ու թշվառ, դատարկ գրպաններով իշխանության եկածները կարճ ժամանակում հասցրել են այնքան հարստանալ, որ աչք է ծակում։ Հասարակության բարեկեցությունը նվազում է, իրենցն ու իրենց շրջապատինը՝ բարձրանում։ Ու դեռ համոզում են, թե բյուջեն բոլորիս գրպանն է, պետք է բոլորը վճարեն հարկերը, որպեսզի հասարակությունը լավ ապրի։

Բյուջեի եկամուտներն ավելացել են, բայց հասարակությունը, լավ ապրելու փոխարեն, ավելի վատ է ապրում։

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց գրեթե 7 տարի հետո Հայաստանում ավելի շատ աղքատներ կան, քան կային 2018թ.։

Մինչդեռ՝ ժամանակին նույն Նիկոլ Փաշինյանը նախկիներին էր մեղադրում երկրում աղքատությունը խրախուսելու մեջ։ Ասում էր՝ դա ձեռնտու է եղել քաղաքական համակարգին, խրախուսել են աղքատությունը, որպեսզի կարողանան ընտրությունների ժամանակ ավելի հեշտ կառավարել ընտրողներին։ Եթե այդպես է, հիմա՞ ում է ձեռնտու աղքատության խրախուսումը։  

«Իմ խորին համոզմամբ՝ երկար տարիներ Հայաստանում խրախուսվել է աղքատությունը, քանի որ գործող քաղաքական համակարգին ձեռնտու է եղել, որ մարդիկ լինեն աղքատ, քանի որ աղքատ մարդկանց ընտրակաշառքով շատ ավելի հեշտ է ուղղորդել կոնկրետ ընտրության: Մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում լինեն հարուստ մարդիկ»,- 2018թ. նոյեմբերին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից առաջ հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։

Ուզում էին Հայաստանում հարուստ մարդիկ լինեն, իսկապես եղան, բայց եղան իրենք ու իրենց շրջապատը։ Իսկ «հպարտ» քաղաքացին ավելի աղքատացավ։

«Իմ Քայլի» նախընտրական ծրագրում էլ գրել էին, որ՝ մինչև 2023թ. աղքատությունն իջեցնելու ենք առնվազն 10 տոկոսային նիշով` վերացնելով ծայրահեղ աղքատությունը։

Այն ժամանակ շատերն էին հավատում Նիկոլ Փաշինյանին և վստահում նրա ասածներին։ Հույս ունեին, որ այդպես էլ կլինի։ Բայց ինչպես բազմաթիվ խոստումները, այս մեկն էլ գրվեց սառույցին։

Պաշտոնական վիճակագրությունը հրապարակել է 2023թ. աղքատության ցուցանիշները։ Ու դրանց համաձայն, 2023թ. Հայաստանում ավելի շատ աղքատներ են եղել, քան կային 2018թ., երբ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր 10 տոկոսային կետով նվազեցնել աղքատությունը, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ ընդհանրապես վերացնել։

Պաշտոնապես 2018թ. Հայաստանում աղքատ էր բնակչության 23,5 տոկոսը, 2023թ. աղքատ է եղել 23,7 տոկոսը։

Աղքատությունը 2023թ., 2018թ. համեմատ, ոչ միայն 10 տոկոսային կետով չի նվազել, այլև 0,2 տոկոսային կետով ավելացել է։

Ճիշտ է, այս ընթացքում աղքատությունը հաշվելու մեթոդաբանություն են փոխել, բայց անգամ այդ մեթոդաբանությամբ աղքատների քանակը «հետհեղափոխական» Հայաստանում ավելացել է։

2018թ. Հայաստանում աղքատ էր 696,7 հազար մարդ, 2023թ. աղքատ է եղել 708,5 հազար մարդ։

Սրանք պաշտոնական թվեր են, որոնք հրապարակել է պաշտոնական վիճակագրությունը։ Ու դրանք փաստում են, որ Նիկոլ Փաշինյանի ու իր վարչախմբի իշխանության գալուց հետո Հայաստանում աղքատների քանակը ոչ միայն չի նվազել, այլև 11,8 հազարով ավելացել է։

Ավելացել է՝ անգամ վերջին տարիների այդքան գովաբանված «համաշխարհային մակարդակի» տնտեսական աճերից ու բյուջեի եկամուտների ավելացումներից հետո։

Ավելացել է, որովհետև տնտեսական աճի արդյունքներն ու «հերոս» հարկատուների վճարած հարկերն  իրենք են վայելել, իսկ Հայաստանի 3 միլիոն վարչապետից 708,5 հազարն աղքատության մեջ է ապրել։ Այսքան մարդ տառապել է աղքատության մեջ, իսկ երբեմնի սուրճի փող չունեցողները վայելել են կյանքը, հարստացել են, բնակարանների ու մեքենաների տեր են դարձել, արտասահմաններում են անցկացնում իրենց հանգիստը, թանկարժեք հանգստյան տներից, հյուրանոցներից ու բրենդային խանութներից են օգտվում, փոխել են իրենց կենցաղը, մոռացել աղքատության մեջ տառապող «հպարտ» քաղաքացիներին։

Եթե հավատանք այս մարդկանց՝ մինչև 2023թ. Հայաստանում ծայրահեղ աղքատներ պիտի չլինեին։ Բայց ինչքան աղքատությունն են 10 տոկոսային կետով կրճատել ու դարձրել 13,5 տոկոս, այնպես էլ ծայրահեղ աղքատությունն են վերացրել։

Պաշտոնական տվյալներով, 2023թ. Հայաստանում ծայրահեղ աղքատությունը կազմել է 1,1 տոկոս, այն դեպքում, երբ 2018թ.՝ 1 տոկոս էր։

Ինչպես տեսնում ենք, ծայրահեղ աղքատները ոչ միայն չեն վերացել, այլև ավելացել են։

2018թ. ծայրահեղ աղքատ էր 29,6 հազար մարդ, 2023թ. ծայրահեղ աղքատ է եղել 32,8 հազարը։

Ծայրահեղ աղքատները 3,2 հազարով ավելացել են։

Այսպես են վերացրել ծայրահեղ աղքատությունը, իսկ աղքատությունը՝ կրճատել։ Աղքատությունը կրճատելու, իսկ ծայրահեղ աղքատությունը վերացնելու փոխարեն՝ խորացրել են։ Այսքան տարի ոչ մի առաջընթաց չեն կարողացել գրանցել աղքատության կրճատման ուղղությամբ։

Հիմա հասարակությունն իրավունք ունի՞ հարցնել, թե այսքան տարի ո՞ւր են գնացել տնտեսական աճի արդյունքները, «հերոս» հարկատուների վճարած գումարները, միլիարդներով վերցրած պարտքերը, որ հարյուր-հազարավոր քաղաքացիների կյանքը ոչ միայն չի բարելավվել, այլև աղքատներն ավելացել են։

Նիկոլ Փաշինյանն իր այս խոստումը չկատարելու համար ի սկզբանե արդարացում էր մտածել․ իշխանության գալուց կարճ ժամանակ առաջ նա հայտարարում էր, թե «աղքատությունը մարդկանց գլխում է»։

Հիմա նա կարող է հայտարարել, որ ինքը վերացրել է աղքատությունը «մարդկանց գլխում», իսկ բոլոր նրանք, ովքեր ըստ պաշտոնական վիճակագրության, դեռևս աղքատ ու ծայրահեղ աղքատ են, պարզապես ընդդիմանում են «մտածողության փոփոխությանը», քանի որ չեն մասնակցում «կրթվելը նորաձև է» ընտանեկան թամաշային։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս