Դու շերիֆը չես, դոնն ես

Հատկապես հեղափոխականների շրջանակում ոչ այնքան հիասթափություն, որքան մանթրաժ վիճակ է առաջացրել Փաշինյանի հևասպառ, առուն դեռ չթռածին հոպլա ասելու պես շնորհավորանքը Լուկաշենկոյին: Ինչո՞ւ: Կեղծված ընտրությունների, քաղաքական կեղծիքի առիթով ընդվզող հասարակության նկատմամբ ոստիկանության կիրառած բիրտ ուժի դեմ պայքարողը ողջունում է նույնանուն քաղաքական հանցագործությունը` իշխանության գալուց երկու տարի անց: Այ քեզ շրջադարձ: Հիմա դու ո՞ր մեկն ես, ո՞ր դիմակի տակ ես հանդես գալիս:

Եթե երկու տարի առաջ Նիկոլին ոմանք համեմատում էին Գանդիի, Կաստրոյի կամ Լյութեր Քինգի հետ, հիմա երկմտում են` արդյո՞ք նրանք նման քաղաքական կեցվածք ու վերաբերմունք կդրսևորեին: Քաղաքական գործիչը, այս դեպքում` հեղափոխականը, իր հստակ դիրքորոշումը, հայացքը, սկզբունքն է ունենում և իրավունք չունի ընկրկելու կամ զիջելու: Դիրքից նահանջը դավաճանություն է այս պարագայում: Հայտնի ասույթը շրջած ասեմ. այն` ինչ կարելի է եզին, չի կարելի Զևսին: Քեզ Զևս է ընդունել այս ժողովուրդը, բայց դու քեզ պահեցիր ինչի՞ պես… Այսինքն` դարձար սովորական ու շարքային աճպարար: Այսինքն` դու Զևսը չէիր: Էդ դեպքում բա ինչո՞ւ էիր Օլիմպոսից իջնում, մեզ էլ հավատացնում, թե ձեռքինդ շանթ է, ուսերինդ` ծիրանի:

Հրապարակ դուրս եկած հասարակությունը, որ հույս էր կապել և հավատում էր իր հույսի իրականացմանը, կարղ էր հաշտվել ամեն արարքի հետ, թե մեր նոր իշխանությունը սույն քայլն անում է հանուն հեղափոխության սկզբունքի, գաղափարի ու հաղթանակի` ավելորդ համարելով իրադարձությունների մեջ խորանալն ու պատճառահետևանքային կապ տեսնելը: Սակայն այս արարքը ոչ միայն ժխտում, հերքում է հեղափոխության սկզբունքն ու գաղափարը` ցույց տալով, որ սին էր, այլև գուժում է հեղափոխության, չեղած հեղափոխության պարտությունը` բացելով խաղաթղթերը: Այսինքն` դու սև խաղացող ես, դու շերիֆը չես, դոնն ես, և կարմիր խաղացողները պարտվեցին:

Հիմա շշմած, շվար ու մոլոր է հեղափոխության դրոշակակիր շարքային քաղաքացին, հասարակության որոշակի մտածող, վերլուծող շերտը. խոսքը ոչ զոմբիի մասին է, ոչ էլ չոբան Չատիի: Հիմա չգիտի, թե ինչպես վարվի: Եթե նախկինում առաջնորդի որևէ արարմունքը կարողանում էր մի գրպանից հանել ու մյուսում դնել, ապա այս մեկը որ գրպանում էլ դնում է` ցցված է մնում, ու չգիտի, թե ո՞ր պուճախը խոթի, որ խորճկվի: Ինչպես ասում են` մախաթը պարկում չես թաքցնի: Իրականում չի էլ ուզում թաքցնի: Եթե նախկինում նայում էր առաջնորդի լուսանկարին և ընդունելին էր տեսնում, հիմա նայում է և մերժելին է տեսնում` սև ու սպիտակ ֆոտոյի մութը:

Մի քանի օր ետ գնանք: Նոր ոստիկանություն, ոստիկանությունում նոր մոտեցում` պարեկային ծառայություն: Գուցե այս դեպքում դարձյալ հեղափոխության պահապանն ասի, որ արվում է հեղափոխությունը հներից պաշտպանելու համար: Չէ, էս անգամ հները դուրս չեն գալու հրապարակ, դու ես դուրս գալու Լուկաշենկոյի շնորհավորանքից ու էլի մեկ-երկու հարկադիր բացահայտումներից հիասթափված, և քեզնից` հեղափոխության պահապանից է պաշտպանելու ձախողված հեղափոխությունը: Ես չգիտեմ, սա օրինաչա՞փ է համաշխարհային պատմական ընթացքի համար, թե՞ մեր իրականության մեջ այդպես ստացվեց` չբերելով ժամանակի պատմական բախտը:

Մի քանի օր էլ ետ գնանք: Ով քննադատեց` քրեական գործ հարուցվեց վրան: Գնդապետ Վանեցյանին գեներալի կոչում շնորհեցիր, այն ժամանակ՝ աչքի լույսի պես էր: Հենց ասաց` «Կա՛նգ առ», ու հրաժարական տվեց, որից հետո էլ սկսեց քննադատել քեզ, դարձավ աչքի փուշ: Հնարավոր է, որ աչքի լույսը մի օր դառնա աչքի փուշ` «Շատ մի սիրի, ատել կա» ասացվածքի նմանությամբ: Բայց ինչո՞ւ քրեական գործ. որովհետև համարձակվել է խոսե՞լ: Ծառուկյանը կոալիցիոն գործընկերդ էր, հեղափոխության վերջին պահին կողքիդ կանգնածն էր: Էն, որ դափնին դնում էիր ճակատիդ, աջ ձեռքդ տակից վեր բոթողն էր, որ դափնեվարդը լավ հագնի ճակատիդ, ասելով` ես էլ կամ Օլիմպոսում, համ էլ չափսերով Զևս էր հիշեցնում: Քանի որ հիշել եմ, ասեմ` կողքից Պրոմեթևս, բան-ման խաղացողներ էլ կային, կրակ էին բերում-տանում:

Միշիկի մասին էլ ասեմ, այսինքն` ինքն է ասում, թե` սսկվի, տեղդ նստի, թե չէ… Բայց քանի որ չսսկվեց, ավելին՝ բացահայտումներ արեց, եղավ թե չէ-ն, և քրեական գործ հարուցվեց: Հլը մի հատ հիշի, քննադատելու համար քեզ վրա քրեական գործ հարուցո՞ւմ էին: Հիմա ասա, էդ հնե՞րն էին հեղափոխության գաղափարին դավաճանում, թե՞ դու` ժողովրդավարության իմաստով: Նրանք ավելի հեղափոխական ու ժողովրդավար էին, քան դու:

Մի՛ հիշեցրու, որ Մարտի 1-ի առիթով նախկինները ոչ միայն քրեական գործ են հարուցել, այլև կալանավորել են: Քանի որ հիշեցրեցիր, ասեմ` էլի ու էլի մի քանի օր ետ գնալով. քո իշխանության 100-րդ օրը հայտարարեցիր, թե մարտի մեկը լիովին բացահայտված է: Ո՞ւր է: 10 զոհ է եղել. սպանողներից գոնե մեկը կա՞: Գուցե բացահայտումը զոհերի ընտանիքներին դրամական փոխհատուցում տա՞լն էր: Կասեն` սրբապիղծ բան ես ասում: Հիմա ե՞ս եմ սրբապիղծը, թե՞ արյան դիմաց փող տվողն ու վերցնողը: Սա քաղաքական ու հասարակական թշվառությունն է, մտավոր ու հոգևոր սնանկություն:

Եվ այսպես, կարմիրները բացում են աչքերը. տեսնում են, որ ժամանակից շուտ խփվել են: Շերիֆին են փնտրում: Հասկանում են, որ շերիֆը դոնն է: Դու սև խաղացող ես: Իսկ ես` կարմիրս, խփված եմ:

Էլի՞ մի քանի օր ու օրեր ետ գնամ… անկեղծ ասած` հավեսդ չունեմ:

Տեսանյութեր

Լրահոս