Եվրոպական արժեքները փլուզվեցին մեկ հարվածով

Արդեն մեկ ամիս է, արցախաադրբեջանական սահմանագծի ողջ երկայնքով ծավալված պատերազմի հենց սկզբից, Եվրոպայում և Ամերիկայում սփյուռքահայությունը բազմահազարանոց հանրահավաքներ է կազմակերպում` դատապարտելով թուրք-ադրբեջանական ագրեսիան արցախահայության նկատմամբ: Հորդորում է եվրոպական պետություններին և ակնկալում, որ նրանք նույնպես դատապարտեն Թուրքիայի մասնակցությունը պատերազմին: Ապացուցված է վարձկան ահաբեկիչների միջազգայնորեն անթույլատրելի ներգրավումն ադրբեջանական կռվող բանակի առաջնագծում, պարզ տեսանելի է Թուրքիայի հայերին վերջնականապես բնաջնջելու ցեղասպան ծրագիրը, բայց լուռ են եվրոպական պետությունները, միջազգային կշիռ ունեցող կազմակերպություններն ու միությունները՝ պետական ու բարձր մակարդակով:

Նույնանուն ցույցեր ու հավաքներ են կազմակերպվում նաև Հայաստանում առկա եվրոպական երկրների դեսպանատների ու ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց` պահանջելով հստակ քայլեր ձեռնարկել Արցախում Թուրքիայի և Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դադարեցնելու ուղղությամբ և կոնկրետ գնահատականներ տալ տեղի ունեցողին։ Նրանք ոչ միայն անտարբեր են, այլև հաճախ արհամարհանքի են արժանացնում բռնության ենթարկվող մարդկանց իրավունքները բարձրաձայնող և ռազմական հանցագործությունները դատապարտող ցուցարարներին, Արցախից ստիպված տեղահանված կանանց ու երեխաներին: Ասում են, որ կարող են միայն նամակ ընդունել, որ վաղը եկեք` դեսպանատնից որևէ մեկի հետ հանդիպման համար, կամ, լավագույն դեպքում, թե մենք տեղյակ ենք խնդրին:  Հարց է ծագում, իսկ ի՞նչ գործ ունեն այդ կառույցները մեր երկրում, եթե մեր արդար պահանջն անգամ լսելու ցանկություն չունեն, եթե մեր արդար դատին պաշտպան կանգնելու անկարող են: Մենք առանց ձեզ էլ յոլա կգնանք` ինչպես գնում ենք, եթե նույնն է ձեզ հետ և առանց ձեզ:

Ցածրում կանգնածներս, քանի որ նոր ենք բռնել ժողովրդավարացման ուղին և դեռ երկար պիտի քայլենք լուսին հասնելու համար, մեր հավատավոր հայացքն այսօր ուղղել ենք այդ լույսը մատնանշող բարձր Եվրոպային, չէ՞ որ փրկությունն այնտեղից է գալիս, այդպես են մեզ համոզել: Իսկ Եվրոպան լուռ է ու անտարբեր, տեսնում է ու չի խոսում: Մարդու իրավունքներ քարոզող և ուսուցանող Եվրոպան լռում է, անտարբեր է, թմբիրի մեջ: Կարծես մարդկային բարձրարժեք չափանիշերն են իրագործվում երկրի վրա, և այդ հաճույքից նիրվանայի մեջ է ընկնում: Ընդամենը մի խումբ լուսավոր անհատներ Եվրոպայում և Ամերիկայում իրենց տագնապն են հնչեցնում և դատապարտում թուրք-ադրբեջանական ռազմական հանցագործությունները, որպես սենատոր ու մշակութային անհատ:

1915 թվականին նույնպես համաշխարհային մամուլը ողողված էր Արևմտյան Հայաստանում հայերի ցեղասպանությունը պատկերող հոդվածներով ու լուսանկարներով: Դարձյալ քար անտարբերություն էր եվրոպական ու ամերիկյան պետությունների բարձր պալատներում: Որևէ մեկը չփորձեց բռնել Թուրքիայի արյունոտ ձեռքը: Այն ժամանակ էլ մի խումբ լուսավոր անհատներ էին տագնապում ու բարձրաձայնում: Նույն Եվրոպան է, հատկապես, որ կարդում ենք այդ աշխարհամասը ճանաչող մեր մեծերի 100-150 տարի առաջ գրած հոդվածները, հասկանում ենք, որ ոչինչ չի փոխվել: Եվրոպան իր շահն է գնահատում, նյութական շահ ունի Թուրքիայից և Ադրբեջանից, սա է իրականում Եվրոպայի դավանած արժեքը: Իսկ ինչո՞ւ է հումանիզմ քարոզում մեզ` խաբելով նախ՝ իրեն, հետո` մեզ պես հավատ ընծայողներին: Չէ՞ որ այդ արժեքները փլուզվում են ընդամենը մեկ թեթև հարվածով և իրենց սին լինելն օդում փոշու պես տարածում:

Մեզ շարունակ ու հետևողականորեն քարոզում են եվրոպական արժեքներ և մեր հայացքն ուղղորդում դեպի Եվրոպա ամեն 10 տարին մեկ, այդպես՝ 100 տարի, գուցե արդեն՝ 1000 տարի: Վերևից ներքևում կանգնածին նայողի քամահրական կեցվածքով և պատիվ անողի մեծահոգությամբ ուսուցանում են, որ Եվրոպան է քաղաքակրթության կենտրոնը, մարդկային բարձր արժեքների հավաքակայանը, մարդասիրության, խղճի, երազայինի սերմանողն ու ամբարողը: Որ հենց Եվրոպան է մարդկային նվիրական գաղափարներով լուսավորում Հյուսիսն ու Հարավը, Արևելքն ու Արևմուտքը: Ոգեղեն բարձր զգացմունքների կերտողն է ու պահպանողը: Իսկ մենք, ըստ Եվրոպայի, մեր մութ ու անծակոտկեն անձավում խարխափողներս, պարտավոր ենք հավատալ ու դավանել այդ արժեքներին և վազել դրանք պատուհաններից սփռող «Եվրոպա» ճեպընթացի հետևից, քանի որ նրա սուրացող ընթացքին չհասնելու իրավունքը չունենք, չէ՞ որ այնտեղ են մարդկային իդեալները:

Մենք վստահում ենք մեր սերտած դասին և համոզված ենք, որ չի կարելի ոտնահարել մարդու իրավունքները, որովհետև Եվրոպան տեսնում է, որ չպետք է թույլ տալ բարբարոսություն, որովհետև Եվրոպան դատապարտում է, որ Եվրոպան ուշադիր է և ձեռքը բռնում է անեն մի անմարդկային արարք թույլ տվողի: Մենք տարաբնույթ կոնվենցիաներ ու բանաձևեր ենք ընդունում ու վավերացնում, անգամ՝ մեր ազգային դիմագծին ու բարոյական ըմբռնումներին հակասող: Մեզ ինչ պարտադրում ու ստիպում են` համաձայնում ենք, որպեսզի հասնենք Եվրոպայի լուսավոր մտքին ու բարձրությանը, սահմանած մարդասեր ու հանդուրժող նշաձողին: Մեզ սովորեցնում են, թե ինչպես պետք է ապրել` լիարժեք մարդ կոչվելու համար, որ մենք սխալ ու թերի ենք ապրում, և մեր արժեքները ցածրակարգ են, որ իրենք բարձր արժեքներ կամրագրեն մեր մեջ` համապատասխան օրենսդրությամբ ու սահմանումներով, որոնք մենք պարտավոր ենք ընդունել: Հակառակ դեպքում կդիտվենք բարբարոս ու վայրենի և տեղ չենք ունենա բարձր ու ժողովրդավար երկրների շարքում, որոնք կոչված են աշխարհում կանխելու բռնությունն ու անօրինականությունը:

Եթե Հայաստանում կամ Արցախում մի արվամոլի կամ սեռափոխվածի անհանգստացնեին, այդ ժամանակ Եվրոպան վայնասուն կբարձրացներ, կարթնանար լեթարգիական թմբիրից և հուր ու կայծակ կժայթքեր: Սա է քո դավանած արժեքը, Եվրոպա, իսկ սպանվող երեխայի, կանանց, ծերերի ու հաշմանդամների իրավունքները պաշտպանելը քո արժեքը չէ: Ադրբեջանում նվաստացնում, տանջամահ են անում, գլխատում հայ ռազմագերուն, իսկ մենք նրանց վիրավոր գերեվարվածին վիրահատում ենք, օրը երեք անգամ կերակրում, գլխի տակ փափուկ բարձ դնում, հանկարծ տեղը չցավի: Սա է հումանիզմը: 10 տարի առաջ էլ էինք նույնը, 100 տարի առաջ էլ, երբ մեր երկրում կանայք ընտրելու իրավունք ունեին և մեր խորհրդարանում կին պատգամավորներ կային, ինչին շատ եվրոպական երկրներ դեռ չէին հասել: 1000 տարի առաջ` նույնպես. ուսումնասիրեք Անիի քաղաքակրթությունը և բարքերը: Գնացեք ավելի հետ` Պապ թագավոր, և շատ ավելի հետ, ու մեզ էլ կշռեք, ձեզ էլ, համեմատեք, թե ով՝ ում իրականում սովորեցնելու բան ունի:

Տեսանյութեր

Լրահոս