Անկարող իշխանություն, խամաճիկ ընդդիմություն, որ երկիր են տանուլ տալիս

Թագավարակի պիկը ենթադրաբար անցավ, բայց առջևում սոցիալական անկման պիկն է` ձմեռնամուտի ժամանակացույցով պայմանավորված:

Եթե դեղ ու դարման չունեցող վարակը պատահական ու անզգույշների ընտրություն էր կատարում, ապա սոցիալական ճգնաժամն առավել մասսայական բնույթ է կրելու` խտրականության ու զգուշավորության միջոցառումները շրջանցելու սկզբունքով: Դիմակ կրելու, ախտահանվելու, տանը նստելու պայմաններն անօգտակար են լինելու, քանի որ սոցիալական ճաքն ու ճեղքվածքը սողոսկելու է տուն, որքան էլ ամուր փակված լինի դուռը, գրվելու է գազի հաշվիչին, հոսանքի հաշվիչին, վեր ու վար է անելու սառնարանի դատարկության մեջ, անփող գրպաններում, ի վերջո, նստելու է մեր սեղաններին: Եվ անկախ մեզանից՝ սոցիալական հեռավորություն ենք պահելու առօրյա պարզունակ ապրելակերպից: Եթե կորոնան վարակ էր, հնարավոր էր պաշտպանվել, ապա սոցիալական ավերը բացիլ է, որ չի խնայելու ոչ մի քիթ ու բերան, ամեն մի մարդկային մարմին` սնվելու և հագնվելու պարտադիր պայմաններից կախված:

Իշխանությունն առավել սնանկ ու անկարող է լինելու իրեն դրսևորել, քան տեսանք անցած վեց ամիսների ընթացքում: Ինչպես այդ օրերին իշխանություններն էին ասում` մեղավորը հասարակությունն է, որ վարակվում է, որ անզգույշ է և չի պահպանում համաճարակին դիմակայելու կանոնները (բայց իրականում քաղաքացին և՛ զգույշ էր, և՛ պահպանում էր` անելով հնարավորը), այնպես էլ ասելու են` մեղավորը ժողովուրդն է, որ կերակուրի ու ջերմության անկարողությունը ձեր մեջ է, կամ ի՞նչ պարտադիր է, որ կերակրվեք ու տաքանաք: Չի վճարելու գազի ու հոսանքի դիմաց, հացի համար, քեզ թողնելու է քո անճարակության հետ: Հիմա էլ կասեն՝ այս ձմեռ էլ այսպես յոլա գնացեք, հեղափոխություն ենք անում:

Եթե հիվանդանոցներն ընդունում ու մահճակալ էին տրամադրում վարակվածներին, ապա նույն համաչափությամբ չեն բացվելու անվճար ճաշարաններ ու ջերմանալու կացարաններ: Այս իշխանությունը ոչ թե չի ցանկանում, այլ չի կարողանում, չի պատկերացնում, թե ինչպե՞ս կարելի է երկիր կառավարել և՛ ներսում, և՛ դրսում, չի էլ տարբերում երկրի ներսն ու դուրսը: Չի հասկանում, և վե՛րջ:

Եթե ես այս նրբությունները գիտակցում ու հասկանում եմ, որը շատ քիչ է երկիր կամ որևէ գործնականորեն պատասխանատու ոլորտ կառավարելու համար, այսինքն` անպետք եմ իշխանավոր լինելու համար, պատկերացրեք, թե իրե՞նք որքան անպետք են, երբ անգամ չեն գիտակցում ու հասկանում:

Իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը Ազգային ժողովում և Ազգային ժողովից դուրս:

Պայքարում է սուպերնախարար Արայիկ Հարությունյանի դեմ` պահանջելով նրա հրաժարականը: Սա՞ է մեր հարցերի հարցը, գերխնդիրը: Արայիկը գնաց, Վաչիկն է գալու, Վաչիկն էլ գնաց, Խաչիկը կգա… Սա կառավարության ծրագիրն է ու մասը, նախագիծ, որ պետք է իրականացվի, քանի դեռ իրենք են իշխում: Փոխարենը պահանջեն կառավարության հրաժարականը` սոցիալական խորացող քանդ ու ավերը օրախնդիր դարձնելով, երկրի ներսն ու դուրսը շիլաշփոթ սարքելու հրամայականի շեշտադրումով: Բայց չէ, չափորոշիչներն էմոցիոնալ դաշտ են շոշափում, ուրեմն խաղանք, որովհետև իրենց գործը խաղալն է: Վախտին Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրն» էր խաղում, հիմա էլ ԲՀԿ-ն կխաղա` վախտ ու անվախտ: «Լուսավոր Հայաստանն» էլ իր նորախաղի մեջ խաղ դարձավ՝ ծիծաղեցնելու առումով: Դե, ՀՅԴ-ն էլ հո նորվա՞ խաղացողը չէ, տնաշենն էնքան է խաղացել, որ վաղուց հին վառված է: Սա հստակ ու նպատակային վարքագիծ է. հասարակությանը շեղել հիմնական խնդրից, որի մատնանշումը վտանգավոր է հենց իշխանության համար: Այսինքն, դարձյալ իշխանության ջաղացին ջուր լցնել, ինչպես նախկինում` այնպես էլ հիմա, միևնույն պահին էժան միավորներ հավաքել ու հնարավորության դեպքում գալ իշխանության և լինել ավելի վատը, քան նախորդներն էին, այնպես, ինչպես սրանք են` նոր Հայաստան շինողները: Սա թշվառություն է: Նույն խամաճիկն է այսօրվա ընդդիմությունը, ինչպես իշխանությունն էր խամաճիկ երեկ, երբ ընդդիմություն էր:

Փողոցից իշխանությանը պալատ բերած ժողովուրդը երկու տարի անց տնից փողոց ընկավ: Մարդիկ գիշերում են այգում՝ ծառերի տակ, որովհետև Ռուսաստանի քաղաքացի են և հնարավորություն չունեն գնան` իրենց տուն ու տեղին հասնեն: Ցերեկը փողոցում են, պահանջում են, որ վարչապետը պալատից իջնի փողոց, հանդիպի, լսի իրենց դարդ ու ցավը: Կար ժամանակ, որ նույն մարդը` ներկա վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանը, նույն փողոցում էր, միասին էին փողոց փակում, ռուսաստաններից եկել` հեղափոխություն էին անում, և այդ նույն փողոցը նրան վարչապետ հռչակեց: Իսկ հիմա հպարտորեն քնեք ծառերի տակ:

Մաքսային հարկից շվարած հագուստ ներկրողներն են վարչապետ Նիկոլ Փաշինյանին կանչում փողոց, երկու տարի առաջ նրանք նորից նույն փողոցում էին` ապագա վարչապետի հետ, հիմա` առանց նրա:

Խաղողի մթերման ցածր գնից դժգոհ այգեգործներն են փողոց փակում, դարձյալ վարչապետը չկա: Հիմա այգուց լայվ մտնելու, հեղափոխությունից խթանված՝ գերաճ տվող խաղողը գովելու ժամանակը չէ: Երկու տարի առաջ էլ էր ժողովուրդը փողոցում, հիմա էլ:

Երկու տարի առաջ ժողովուրդը դուրս էր եկել փողոց, որ հոգսը թեթևացնի, հիմա դուրս է եկել փողոց, որովհետև հոգսն է ծանրացել: Նիկոլի հետ և առանց Նիկոլի: Երկու տարի առաջ Նիկոլն էր, հիմա չիրականացած խոստումները, հակախոստումներն են իր փոխարեն:

Այս ամենի վրա ընդդիմությունը թքած ունի, ինչպես իշխանությունը: Թքած ունի քաղաքացու վրա, թե ինչ աղետի մեջ է ներսում, ինչպես իշխանությունը: Թքած ունի երկրի վրա, թե ինչ աղետի մեջ է արտաքին աշխարհում, ինչպես իշխանությունը: Սարերով ու անտառներով կֆռֆռա, սևաններում՝ փարթի-մարթի, ձի կքշի, լայվ կմտնի, ընդդիմությունն էլ ծափ կտա, ջան ուրախություն… Մի գործընթաց են նախաձեռնել, որ նախապես գիտեն՝ չլինելու բան է, որ խորհրդարանական իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը չի քվեարկելու հօգուտ Արայիկ Հարությունյանի հրաժարականի: Ախր, էստեղ էլ եք ժողովրդին խաբում և այդ խաբկանքից շահույթ քամում: Այդպե՞ս եք ուզում գալ իշխանության՝ մարդկանց զգացմունքների վրա խաղալով, չարաշահելով, քաղաքացու հոգևոր արժեքների համար վայ-վույ անելով, բայց թքած ունենալով նույն քաղաքացու լինելիության վրա, երկրի գոյության վրա:

Զգացմունքների շահարկումը հեշտ է, շահեկան է, բայց հաշվարկը սխալ է, ինչպես սխալ էր «Սասնա ծռերի» դեպքում, երբ գրավի դիմաց երաշխավորում էիք ազատ արձակել՝ ԱԺ ընտրություններում մեծ ձայներ հավաքելու ակնկալիքով, ինչը չեղավ, փուչ դուրս եկավ: Գագիկ Ծառուկյան, Էդմոն Մարուքյան, դուք ձեր կյանքում գոնե մեկ վայրկյան ընդդիմություն եղե՞լ եք, տո դուք գոնե մեկ վայրկյան դիմություն չեք կարող լինել: Ո՞ւմ եք խաբում, ախր, խաղաքարտերը բաց են:

Տեսանյութեր

Լրահոս