Եթե չորսն էլ կանգնեին կողք կողքի, ուս ուսի
Հերթական հրապարակման թեմայի ընտրությունն էի կատարում` մտքով կառուցելով ասելիքն ու նպատակը, երբ լսեցի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսը և կտրուկ մտափոխվեցի, ասելիքն ինքնաբերաբար եկավ: Ո՛չ, բնավ էլ նպատակ չունեմ անդրադառնալ ասուլիսին, պարզապես ուղղորդեց որոշ դիտարկում անելու համար: Սերժ Սարգսյանը հարց ու պատասխանով հանդես եկավ, իսկ օրեր առաջ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, թերևս, ուղղակի իմաստով մամուլի ասուլիս չի հրավիրում, բայց պարբերաբար անդրադառնում է երկրում կատարվող դեպքերին ու իրադարձություններին: Վերջերս Տեր-Պետրոսյանը հանդես է գալիս հիմնականում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը աջակցող հայտարարություններով՝ ընդդեմ գործող իշխանություններին քննադատողների: Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և՛ լրագրողների հետ հարցուպատասխանով, և՛ անհարց պատասխաններով` լայվերով, մշտապես է հանդես գալիս Ֆեյսբուքում և այլուր:
Այս ամենը հետաքրքիր է ու ցանկալի, տեղ-տեղ էլ՝ անհրաժեշտ: Սակայն նրանց հանդես գալը` հայացքն ու դիրքորոշումը, եթե ոչ՝ բացահայտ խոսքով, գոնե տողատակում մեկը մյուսի դեմ է: Մեղմ ասած` միասին չեն: Նրանք չորսն էլ խոսում են Հայաստանի անցյալից, ներկայից ու ապագայից, Արցախի հիմնախնդրից, ապրիլյան քառօրյա պատերազմից, Տավուշի հնգօրյա կռիվներից, երկրի արտաքին ու ներքին խնդիրներից: Գրեթե ոչ ոք չի կասկածում այդ մարդկանց հայրենասիրությանը` Հայաստանի իրականով ու տեսլականով տոգորված լինելուն, բայց այդ հարցը մի կողմ թողնենք: Նրանք պայքարում են, և այդ պայքարը միասնական չէ` ուղղված չէ երկրի ներքին և արտաքին անվտանգությանն ու բարեկեցությանը, այդ պայքարն առանձին-առանձին է` բովանդակությամբ ուղղված մեկմեկու դեմ: Չգիտեմ, թե նրանցից ով է հաղթողը, որն էական էլ չէ, բայց պարտվողը Հայաստանն է` մեր երեկվա, այսօրվա և վաղվա օրը. Էականը սա է:
Այդպես ցանկանում է մեր թշնամին: Սա չէր մեր երազած Հայաստանը, բայց սա է մեր իրական Հայաստանը: Այս բովանդակությամբ է ուրվագծվում ու մատուցվում մեզ Նոր Հայաստանը: Այս ներկապնակում երկու գույն չէ` սև և սպիտակ, այլ չորս գույն է, չորս իրարամերժ ու ժխտական երանգ, միմյանց հետ գունային կոլորիտ չստեղծող: Նկարիչը գուցե բնորոշեր, թե ի՞նչ է ստացվում, երբ գույները, թեկուզ արտաքուստ անհաղորդ, ընդհանուր ոչինչ կամ ներքին ներդաշնակություն չեն ունենում կտավի վրա: Ցավոք, այս տեսքը, այս հայացքը ունի մեր նոր` անկախության դիմանկարը, և հենց այդպես էլ ներկայանում ենք մենք մեզ և նայում աշխարհին: Մենք մի վերին հռետորաբանությամբ դրա անունը դրել ենք քաղաքական պայքար, մշակութային պայքար, պայքար արվեստում, գրականության մեջ, փողոցում, մեր տանը… և բորենու ընչաքաղցությամբ միմյանց ենք հոշոտում: Սա վեհանձն մրցակցություն չէ, որի արդյունքում առաքինի ու առավել երկար ճանապարհ են անցնում` արժեքներ դավանելով ու արարելով: Սա ինքնաոչնչացում է, մեր պոչը մեր մարմինն է խայթոցով թունավորում` կարիճի ինքնապաշտպանական բնազդով:
Մեր ատելությունը մեզ է ուղղված, ոչ թե մեզ ոչնչացնելու մոլուցքով պրկված օտար ուժին: Մեր վարքով այդ ուժը մենք ենք դառնում: Եթե վերջին 30 տարվա այս չորս ղեկավարները կանգնեին կողք կողքի, ուս ուսի` մեկմեկու ձեռք ու կռնակ պինդ բռնած, այդ ո՞ր գայլի սիրտ կերածը կհանդգներ երկրիս ասել` աչքիդ վերևում ունք կա: Այդ ո՞վ էր ասելու, թե Ղարաբաղը քոնը չէ, և ո՞ր մեկն էր գլխից դուրս տալու, թե պատերազմ է ուզում: Որևէ մեկը սիրտ կանե՞ր վայրահաչել Հայաստան աշխարհի վրա: Անգամ, եթե շատ սխալվեին ու միջուկային հրթիռ ուղարկեին մեր երկրի ուղղությամբ, տեղ չէր հասնի, սահմանին կոչնչանար ու հօդս կցնդեր` շնորհիվ մեր անսասանության ուժի: Իսկ նման իրավիճակում ամեն այլասերված կարող է ոտք վերցնել մեզ վրա և պնդել, որ բարոյական իրավունք ունի:
Հայաստանը նոր կլիներ, եթե 2018-ի ապրիլից հետո երկրի բոլոր կարող ուժերին, անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, վարչապետ Փաշինյանը հավաքեր շուրջը տիրոջ պես, հոր նման` որպես ընտանիքի գլուխ, և ասեր` մեր երկրի մեջքն ենք շտկում: Ի՞նչ է, չե՞ք սիրում մեր երկիրը, չե՞ք ուզում, որ լավ լինի. հակառակ ընտրությունը դավաճանություն է:
Վստահեցնում եմ, մեր ժողովրդի մեջ երկիր դավաճանողներ չկան: Տեսնելով խոհեմությունը, հայացքն ու ընդգրկուն մտահորիզոնը, եթե այն լիներ, չէր գտնվի մի մարդ, թեկուզ անձնական թշնամանքով լցված, որ գիծ չքաշեր իր և իր անցյալի հակասությունների միջև և չլծվեր երկրի տեսլականը շոշափելի դարձնելու գործին: Խոստացար կարմիր գծերը ջնջել, բայց փոխարենը կարմիր գիծ պետք է քաշեիր թշնամանքից այս կողմ, ասեիր` մենք ենք, մեր երկիրն է, մեր ձեռքերում է, թույլ չպետք է տանք, որ ընկնի, ավելին` բարձրացնում ենք վեր, մեզնից էլ վեր: Ոչ մեկն արեցիր, ոչ էլ մյուսը: Ասացիր` լափածը ետ եմ բերելու, մինչև հիմա չես բերել: Այդ դեպքում ինքն իրեն ետ կգար: Եվ այն բոլոր ասած ու չարածներդ իրականացած կլինեին:
Փոխարենը պետական բյուջեից միլիոնավոր դոլարների պարգևավճարներ է տալիս իր հետհեղափոխության օրերին քայլած կուսակից նախարարներին, կառավարության մյուս անդամներին, պատգամավորներին, քաղաքապետերին, և այլն, ու գյուղական վայրերից մեկից հետդարձի ճանապարհին օրեր առաջ հայտարարում է.
«Ճիշտ են անում, որ ստանում են, դա իմ որոշումն է եղել և ճիշտ որոշում է: Մեր նախարարները, Կառավարության անդամները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն, դա նաև ժողովրդի պատիվն է, որովհետև գործատուի պատիվն է, թե ինքն իր ծառային, աշխատողին ինչպես է պահում և վերաբերվում»:
Քանդելով երկիր չեն կառուցում: Սիրուց է երկիրը սկսվում: Մենք ատելության ճանապարհն ենք ընտրել. բոլորն ատում են բոլորին: Մի դժոխային կաթսայի մեջ ենք, որտեղ չկան յուրայիններ, կան մեկը մեկին խոշտանգողներ: Ամեն օր նոր որոգայթ է լարվում, ամեն րոպե չարության չափաբաժինն է ավելանում: Հարևանը՝ հարևանին, ընկերը՝ ընկերոջը, քաղաքական գործիչը՝ քաղաքական գործչին, ամենքը ամենքին պարզապես թշնամի են տեսնում: Կա՞ աշխարհում էլի մի երկիր, որ այդքան չարություն ու ատելություն ունենա իր ներսում: Գուցե կա, բայց այդ երկրները մեզ ի՞նչ:
Այս հեղափոխություն կոչվածի մեծագույն ձեռքբերումը կուտակվող չարությունն ու ատելությունն է մեր մեջ մեր նկատմամբ: Այդպես ձեռքից բաց ենք թողնելու և Արցախը, և Հայաստանը, մենք մեզ: Ցավոք, անգամ լավագույն ցանկության դեպքում վաղն այս լցվածը չի դատարկվելու` անվնաս անցնելու իմաստով: Այս իշխանափոխության սկսածը շարունակվելու է վաղվա իշխանափոխությունից հետո: Սրանք նախորդներին են դատում, հաջորդներն էլ սրանց են դատելու: Այսօրվա չարությունը վաղվա մեջ է արտացոլված, և տևական ժամանակ չենք ունենալու այն երկիրը, որտեղ մարդը պարզապես կապրի խաղաղ ու անդորր, սիրով ու անչար, բարձր արժեքներ դավանող կյանքով` հանուն ինչի պայքարել ենք: