Թրքական հետք՝ հայկական դասագրքերում: Ո՞րն է նպատակը
ԳԱԱ Պատմության ինստիտուտը դիմել է ազգային անվտանգություն` սույն ծառայության ուշադրությունը հրավիրելով պատմության դասագրքեր կազմելու նոր չափորոշիչներում դպրոցական առարկաների փորձագիտական թիմի գործելաոճում թրքական հետք տեսնելու տագնապով: Թրքական ասվածը, պարզվում է, վատի կամ ահավորի հավաքական ու ընդհանրացված բնորոշում չէ, ուղղակի մատնանշում է իրողությունը` իրը կոչելով իր անունով: Ակամա կարկամում ես, ինչպե՞ս է հնարավոր, որ անկախ ու ինքնիշխան Հայաստանում, երբ փաստացի պատերազմի մեջ ենք գտնվում թրքական տարրի հետ, և այդ պատերազմը հարյուրամյակների խորք ու տարեգրություն ունի, հանկարծ որոշվում է դասագրքերը կազմել թրքահաճո չափանիշերով:
Պարզվում է, որ «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն» առարկաների առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագետների թիմի ղեկավար Լիլիթ Մկրտչյանը, մի քանի այլ անձինք ևս, որոնցից ընդգրկված են նաև փորձագետների թիմում, 2017-2019 թվականներին թուրքերի հետ համատեղ հեղինակել են «Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ» աշխատությունը: Սույն աշխատությունը նաև ուղեցույց է, որտեղ մանրամասն ներկայացված է, թե ի՞նչ չափորոշիչներով պետք է առաջնորդվեն Հայաստանում և Թուրքիայում պատմության դասագրքեր կազմելիս։
Այլընտրանքը հավանաբար այն է, ինչպես նշում են մտահոգ մասնագետները, որ հայոց պատմությունը սկսվում է Ուրարտուի պատմությունից։ Այսինքն, ստացվում է, որ դրան նախորդող 2000-ամյա պատմությունն ուղղակի չկա։ Սա հեռավորը` Երկիր Նաիրին, բայց կա նաև մոտավորը` թրքական հոշոտումից Հայաստանը պահպանող հայ կամավորը: Դպրոցական առարկաների փորձագիտական թիմի կազմած ուսումնական ծրագրերից դուրս մնացած կարևորագույն թեմաներից են հայկական կամավորական շարժումները, որոնք մեր ազգային ազատագրական շարժման հիմնական մասն են կազմել։ Կամավորական շարժման թեման դասագրքերից հանելն ինչպե՞ս է պատճառաբանվում, և ո՞րն է այդ մոտեցման տրամաբանությունը։ Գուցե այն, որ թուրքերը չե՞ն սիրում մեր կամավորներին, ֆիդայի անունից արյան գերճնշո՞ւմ են ունենում:
Կամ գուցե այն տրամաբանությամբ, որի նրբերանգներով առաջնորդված Երևանի քաղաքապետարանը որոշում կայացրեց մայրաքաղաքում խոյացնել Մահաթմա Գանդիի արձանը: Այս հետևողական ու սկզբունքային գործիչը հոյակապ կերպար է, բայց ի՞նչ կապ ունի մեր նկարագրի հետ, և ինչո՞ւ հատկապես Գանդիի արձանը: Որովհետև Մահաթման հեղափոխություն է արել Հնդկաստանում, Նիկոլն էլ՝ Հայաստանո՞ւմ: Է’, միանգամից Նիկոլի արձանը դնեիք, էլ ինչո՞ւ եք ձախ ձեռքով աջ ականջը բռնում: Հաջորդ արձանացուն հավանաբար Ֆիդել Կաստրոն է կամ Մարտին Լյութեր Քինգը: Բայց, մեր մեջ ասած, Չէ Գևարան ինձ ավելի է դուր գալիս:
Իսկ որտե՞ղ են դնելու այդքան արձան: Անդրանիկի, Նժդեհի, Արամի արձանները կհանեն և փոխարենը քիմքահաճո գործիչներին կարձանացնեն: Ինչ տրամաբանությա՞մբ… այն տրամաբանությամբ, որի նրբերանգները հենք ստեղծեցին դասագրքերից հանելու այդ անունները, նույն տրամաբանությամբ էլ կհիմնավորվի քաղաքից արձանները հանելը: Եթե նրանք դասագրքերում չկան՝ անուն ու գործունեություն, ուրեմն քաղաքում էլ չպետք է լինեն՝ որպես արձան: Հեչ չէ, կասեն` Անդրանիկը միանգամից երկու ձի է հեծել, Նժդեհը երկար է` սպառնալիք է օդային անվտանգության համար, Արամն էլ` ինչո՞ւ է երեք գույնի հագնվել: Սույն տրամաբանության շրջանակներից դուրս չէ, որ Հայաստանի անունն էլ փոխեն, ասենք, դնեն Ֆստան, ավելի կարճ ու հնչեղ է: Մտքովս ի՞նչ անցավ… հանկարծ Երևանը չվերանվանե՞ն` Նիկոլ, ինչպես պատահեց Աստանայի հետ` Նուր-Սուլթան:
Այո, ծիծաղելի է հնչում: Գաղափարներն այդպես են լինում, սկզբում՝ ծիծաղելի ու անհավանական, հետո դառնում են հնարավոր ու իրական: Երկու տարի առաջ, երբ սկսեց շրջանառվել պատմության դասաժամերը բուհերից կրճատելու և առարկան քննությունից ստուգարքի փոխելու որոշումը, մտածեցինք` երևի այսքանն է: Բայց հետո Հայ եկեղեցու պատմություն առարկան հանելու խնդիրը դրվեց, այսօր էլ այս նոր չափորոշիչները: Էլ չեմ ասում արանքում բարեփոխման անվան տակ կատարված մյուս սեղմումները: Հիմա տեսնում ենք, որ սա մեծ ծրագիր է, և դրա դինամիկան հիմք է տալիս ենթադրելու, որ կարող է դառնալ համազգային փորձադաշտ` երկիրն ընդգրկելով վերից վար: Եվ այդ հայեցողության շոշափելիությունն է դառնում անխուսափելի:
Ենթադրությունս, որպեսզի համոզվեք, որ բնավ էլ սև հումոր չէ, ահա փաստող ևս մի օրինակ, որ նույնպես Պատմության ինստիտուտի մտահոգ մասնագետներն են նկատել: Որ այդ գրքերում Հայկական լեռնաշխարհ, Արևելյան Հայաստան տեղանունների փոխարեն գործածված են բացառապես թրքական տերմիններ՝ Արևելյան Անատոլիա, կամ ուղղակի Կովկաս, այսինքն՝ Արևելյան Հայաստանը դա Կովկասն է: Որ սույն փորձագիտական թիմից հանդիմանում են 12-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքի հեղինակներին, որ դասագրքում ընդգրկել են 2016 թվականի ապրիլյան պատերազմի դրվագները։ Ուշագրավ է նաև, որ նոր պատմության դասագրքերում ոչ մի անգամ օգտագործված չէ հայրենասիրություն բառը։ Փոխարենը՝ նախընտրելի կատեգորիա է դարձել կեղծ խաղաղասիրությունը։
Թուրքը մեկ գերխնդիր ունի` առանց այլընտրանքի, ոչնչացնել հայ գենը: Այդ նպատակի անշեղության մեջ համոզվում է ամեն սերունդ: Եթե սկզբում հայկական միամտությամբ կարծում է, որ գուցե հնարավոր է շրջանցելու ուղիներ գտնել, բայց ի վերջո, ավելի ստույգ` ընթացքում, համոզվում է, որ ուրիշ թուրք չի լինում, և որքան էլ տիղմահամ լինի` ստիպված է կրկնել քննություն բռնած պապենական խոսքը` թուրքը մնում է թուրք: Երկու տարի է՝ խաղաղություն ենք ասում. Է՛լ խաչեր ու ծաղիկներ, է՛լ կոչեր ու հորդորներ, է՛լ կառուցողական ու կիրթ… խաղաղվե՞ց թուրքը: Հարկ չկա երկար ու բարակ բաներ հիշատակելու, այսօրվա Նախիջևանը տեսնեք, հուլիսյան Տավուշը հիշեք, դրանց նախագահների ելույթները, նախագահների կնիկների պատասխանները: Խաղաղության առաջարկն ընկալում են հանձնվել, ինչն էլ ոգևորել է թուրքին` ինչպես տեսնում ենք: Ո՞րն է նպատակը` Հայաստանը սկուտեղի վրա մատուցենք թուրքի՞ն` առանց հայերի: Սա՛ է թուրքի խաղաղությունը: