Տուն գնացածները վերադառնում են փողոց
Ամենասարսափելին քաոսն է, անորոշությունից ավելի սոսկալի: Անորոշությունից ելք կա դեպի որոշակիություն, իսկ քաոսը ճահիճ է: Դեռ երկու տարի առաջ աղոտ զգացողություն կար, հանկարծ չլինի այնպես, որ մի օր արթնանանք և տեսնենք՝ երկիրը վերածվել է քաոսի: Որոշներն ունեին այդ զգացողությունը և ի սրտե ասում էին` Աստված ձայնդ լսի՝ նրանց, ովքեր համոզված վստահեցնում էին, որ նման բան հնարավոր չէ: Սա գուշակություն չէր, ոչ էլ չարակամ մտայնություն, պարզապես եկող օրը տեսնելու թափանցիկ հայացք էր` ներկա օրվա կարողությունը կշռելու դրդումով: Եվ այսօր այդ օրն է, այդ օրվա մոտեցումը որպես շոշափվող միս ու ոսկոր տեսնելը: Ինչպես ասում են` շունը տիրոջը չի ճանաչելու:
Երևանի կենտրոնում հավաքվել են դասախոսներ, ուսուցիչներ, ծնողներ ու դիմորդներ, պարզապես մտահոգ քաղաքացիներ և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականն են պահանջում: Աղբամանում հայտնված նախարարի մեծադիր նկարն է շրջում քաղաքում: Կրթական համակարգում սահմանվող նոր չափորոշիչների շուրջ շաբաթներ շարունակ բորբոքվող կրքերը սրահներից տեղափոխվեցին փողոց: Եվ դրան արգելք ու խանգարող հանգամանք չհանդիսացավ ամիսներ շարունակ երկրում վերահաստատվող արտակարգ դրությունը: Այդ մարդկանց ոչ պակաս զայրացրել է նաև դպրոցներում ներդրվող սեռական դաստիարակության նոր մոտեցումը, այն է` սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին Լանզարոտեի կոնվենցիան, որը մայիս ամսին վավերացրել էր Ազգային ժողովը: Մտավախություն ու տագնապ կա, որ շուտով վատթարագույնն է վավերացվելու` Ստամբուլյան կոնվենցիան:
Ե՛վ պատմությանն ու գրականությանը, նաև եկեղեցու պատմություն առարկային վերաբերող չափորոշիչները, և՛ կոնվենցիաների ներառումը դպրոց ու դասագիրք` գիտական կողմից զատ, առավելապես զգացմունքային տարածք է շոշափում: Որքան էլ պնդեն, թե այդ ամենն արվում է հանուն երեխայի լայն մտահորիզոնի և առողջ ու անկաշկանդ հոգեկերտվածքի, կամ նրա ֆիզիկական անվտանգության համար է, միևնույն է, հասարակությունը, եթե ոչ՝ ամբողջությամբ, ապա՝ զգալի մասով համարում է, որ այս համակարգային փոփոխությունները նպատակաուղղված են մեզ կտրելու մեր արմատներից և աղավաղելու մեր ազգային դիմագիծը: Այս բուռն արձագանքը բնական է ցանկացած մեկի համար՝ ինչպես աշխարհում, այնպես էլ՝ Հայաստանում, քանի որ խոսքը վերաբերում է երեխայի կրթությանը, ձևավորմանը:
Դժգոհողները բթամիտ են համարում որոշողներին, իսկ որոշողները՝ դժգոհողներին` խավարամիտ, հատկապես՝ նախարարը: Սակայն սա այն հարցն է, որ պետք է մեկմեկու հասկանալով՝ լուծեն և գան ընդհանուր հայտարարի: Ցավոք, միմյանց չեն լսում, և արդեն ուշ է, ժամանակը բաց է թողնված ու մասնակի քաոս է: Արդարության համար նշենք, որ երկու կողմի մոտեցումներում էլ ծայրահեղություն կա` վտանգավոր առողջ և վտանգավոր փտած դատողություններով: Եվ այդ հարցը չի լուծվելու հօգուտ երկու կողմի, հանուն ապագա ՀՀ քաղաքացու: Խնդրի խորքում դրված է երկուստեք ժխտողականությունը, ինչն էլ խորացնելու է իր մասով քաոսը:
Սա՝ այստեղ, իսկ այլուր համավարակից մահացածների հարազատները պատրաստվում են դիմել դատական ատյաններին` հետաքննություն սկսելու նպատակով, թե ինչպես են մահացել այդ մարդիկ, որոնք բազմաթիվ են:
Իսկ առողջապահության նախարար, այս ամենի գլխավոր պատասխանատու Արսեն Թորոսյանը տեղում չէ: Գուցե զոհը մատուցվա՞ծ է: Գուցե հաջորդ զոհը Արայիկ Հարությունյա՞նն է, նայած հանգամանքների սրման: Դիմակ չկրելու համար տուգանվածներին համաներելու կամ չեղարկելու հարցն է փողոցային օրակարգ մտել: Այստեղ ո՞ւմ կամ ի՞նչ են զոհաբերելու և որքա՞ն, քանի որ փողոցային օրակարգն այսքանով չի սահմանափակվում և օր օրի ավելի է բորբոքվում ու եռում:
Վարկերի տակ կքած ու դրա ծանրությունից պատռվող քաղաքացիները Կենտրոնական բանկից վարկային արձակուրդ են պահանջում արդեն նստացույցով, և չեն զիջելու, խոստանում են բազմանալ հարկ եղած դեպքում: Երևանում` հացադուլ, մեկը մյուսին է փոխարինում, Գյումրիում` հացադուլ. երիտասարդը դուրս գալով հացադուլից՝ խոստացավ գնալ շրջաններ և իր նմաններին հավաքել ու գալ Երևան:
Սա դեռ ամբողջը չէ, Գագիկ Ծառուկյանն էլ մարզերում է սկսել իր հանդիպումների շարքը: Սրանք տարերային ցնցումներ են, որ օր օրի ավելանում են և ամբողջանալով՝ վերածվելու են քաոսի: Փողոց դուրս եկած հասարակությունը, որ լի հույսերով՝ տուն էր գնացել, նորից վերադառնում է փողոց: Թե դժգոհ էր, հիմա ավելի դժգոհ է, հուսախաբ: Որովհետև Ռոբին Հուդի կերպարով ու վճռականությամբ հրապարակում ներկայացած հեղափոխության առաջնորդը, որ վարչապետի աթոռին հասնելուց հետո պետք է հարուստների թալանածը խլեր և բաժաներ աղքատներին, չարեց, մեղմ ասած: Հավանաբար 21-րդ դարը Ռոբին Հուդի ժամանակը չէ, և վարչապետն էլ հասկանում է, որ այդ հերոսի չեղարկումով իր ժամանակն էլ է սպառված: Ի՞նչ անել:
Փաստաբան Նորիկ Նորիկյանի ֆեյսբուքյան էջում կարդում ենք, որը մեջբերում եմ մասնակի. «Նիկոլ Փաշինյանն այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում պետական բարձր պարգևներ՝ «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը, ինչպես նաև «Մարտական խաչ» շքանշաններ է հանձնել այդ կոչումներին արժանացած մեր փառապանծ զինվորականներին: ՀՀ սահմանադրության 136-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով, շնորհում է պատվավոր կոչումներ: Նույն օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պետական պարգևները և պատվավոր կոչումները հանձնում է Հանրապետության Նախագահը կամ նրա լիազորած անձը։
Պարո՛ն վարչապետ, շատ խիստ կասկածում եմ, որ նախագահն է հաստատել այսօրվա պետական պարգևների շնորհման կարգը, վայրը, ժամը, մասնակիցների ցանկը և Ձեզ էլ լիազորել իր անունից հանձնել պետական պարգևները… Բոլորն էլ շատ լավ գիտակցում են, որ ամեն ինչ որոշում եք Դուք… »:
Սա Ռոբին Հուդից մնացած հիշողության վերականգնում է, դատարկն ինչ-որ կերպ լցնելու փորձ: Փրկելով սեփական անձը` փրկել հերոսական օրերը վախճանից, քանի որ հստակ գիտակցում է հասունացող քաոսը: Մի մոտիկ օր տեսնելու ենք՝ ամբողջ երկիրը քաոսի մեջ է, անկառավարելի, տարերային ու անհասկանալի: Սա է սարսափելին: Եվ ի՞նչ ենք անելու: Այդ դեպքում ո՞ւմ ենք զոհելու կամ մեդալ տալու: Դրա կարիքն այլևս չի լինի: