Երկիրը Բաբելոնի վերածած պատիժը կամ նեռի սև առաքելությունը
Մենք դիվոտում ենք ճիշտ խոսքից, մեր մեծագույն թշնամին ճշմարտությունն է: Մեր գլուխը պտտվում է հաճույքից, երբ դատարկ տեղը մեր ինքնասիրությունը շոյող կեղծիք ենք լսում, երբ մեր գլխի տակ փափուկ բարձ են դնում, որ լցված է օդով, և փուչ միջոցներով մեր արժանապատվությունն են ընդգծում` սուտ ասելով: Մենք պատրաստ ենք անգամ դրա համար վճարել, հյուրասիրել, միայն թե շարունակ թմրեցնող խաբկանքի չափաբաժինն ապահովվի: Այդ նույն հաճույքով երկուսուկես տարի է` լսում ենք` Հայաստանի հպարտ քաղաքացի, թեպետ 80 տոկոսիս վրայից թշվառություն է թափվում: Իրականությունը կոծկելով` այլ իրականության մեջ չենք հայտնվի: Ինչպես լսեցինք, որ այս պատերազմում տեղեկատվական կեղծիքը 100 տոկոս էր: Սա էր 44 օր կեղծիք լսելուց հետո միակ տեղեկատվական ճշմարտությունը: Մեզ թվում է, թե նահանջը հաղթանակ ներկայացնելով` կխուսափենք պարտությունից: Այդպես կեղծիքն ու շինծուն ենք լսել պատերազմից առաջ շուրջ երկուսուկես տարի, լսում ենք զինադադարից հետո շուրջ երեք շաբաթ առայժմ:
Այսօր էլ շարունակվում է թմբիրի նման ներարկվել սուտն ու խաբեությունը. նոր ճանապարհային քարտեզ, Ադրբեջանի հետ տնտեսական կապեր, առևտուր, զարգացում ու առաջընթաց: Ասողներն իրենք իրենց խոսքին չեն հավատում, բայց մենք նորից վստահում ենք, մեր լույսը տեսնում ենք ստի մեջ և սպասումով առաջ նայում, որտեղ դարձյալ Նիկոլն է՝ նոր որոգայթով: Նիկոլը կարողացավ մեր լեզուն խառնել և մեզ վերածել Բաբելոնի: Հիմա մենք խոսում ենք և միմյանց չենք հասկանում: Չենք հասկանում, որ կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը, և մնացածն ու ամբողջն է վտանգված, մեր անկախությունն է առկախված: Զարմանում ենք, թե ինչո՞ւ է ժողովուրդը քնած, թմբիրի մեջ է և ոչ մի կերպ, որևէ ցնցումից չի արթնանում, չի սթափվում, միահամուռ չենք և չենք ընդվզում այս խայտառակության ու ամոթի առաջ: Էլ ի՞նչ պետք է լիներ ամենաթանկից` հայրենիքը կորցնելուց ավելի ահավոր, որ մարդիկ ընդվզեին, տեր կանգնեին իրենց ազգային արժանապատվությանը: Որովհետև իրար չենք հասկանում, սև ենք ու սպիտակ, նախկին ենք ու նոր: Մենք հիմա չգիտենք, թե ով ենք, չենք հասկանում, թե ինչ ենք ուզում, չենք գիտակցում այն իրավիճակը, որին մատնել են, որի մեջ հրել են մեզ: Նիկոլին հաջողվեց Բաբելոն ստեղծել, ոչ միայն մեր աշտարակաշինությունը կասեցնել, այլև քանդուքարափ անել մինչ այդ սարքածը, և նպատակասլաց գնում է մինչև հիմնահատակ անելը: Սա Նիկոլի սև հաջողությունն է, մթին առաքելությունը: Եթե Հին Բաբելոնն Աստծո կամքով էր, ապա Նոր Հայաստանը սատանայի վճիռն է:
Մենք տեսանք մեր ոգին ամրացրած մեր հերոսներին` պատերազմ հաղթած հերոսներին՝ դատարանում, և ծափ տվեցինք, ուրախացանք: Մենք տեսանք մեր ինքնությունը պահպանած Հայ Առաքելական եկեղեցու արժեզրկումը, Հայոց Վեհարանի պղծումը, և օվսաննա կանչեցինք ու ցնծացինք: Մենք տեսանք մեր պատմության խեղաթյուրումն ու աղավաղումը նոր դասագրքերում, ողջունեցինք և հիացանք: Մենք տեսանք մեզ արմատից կտրելը, մեր ազգային դիմագիծը դատարկության փոխելու անորոշությունը և մեզ հպարտ զգացինք` այլևս մեզ համարելով աշխարհի առաջադեմ քաղաքացի:
Մենք նախընտրեցինք աշխարհի սկզբից եկող այն ծեսը, որով սնում են ամբոխին` հաց և թամաշա: Հացը չեղավ, բավարարվեցինք թամաշայով: Այսօր ո՞ւմ բռնեցին, այսօր ո՞վ է դատվում, նայենք և ուրախանանք` ձեռքներս խփելով դատարկ ստամոքսներիս` վաղվա յուղոտ պատառի ակնկալիքով: Ումի՞ց է Նիկոլը բիզնեսը խլելու` բերի մեզ բաժանի: Նոյեմբերի 10-ին մեզ չէր հուզում, տեղ չէր հասնում, որ հայրենիք ենք կորցրել, մեկս մյուսին ոգևորությամբ հարցնում էինք, թե «Նիկոլը ե՞րբ է վերջապես Ծառուկյանին ծակը խոթելու»: Նիկոլը շատ լավ գիտի, թե հիմա ինչ է մեզ թև տալիս, և Ծառուկյանին մանդատից զրկելու ազգային գերխնդիրն է առաջ մղել՝ որպես փրկության ծրագիր: Սա է մեզ համար հաղթանակը, «հաղթելու ենք»-ը, ի վերջո, իրականության մեջ տեսնելը: Մենք հիմա հյութը դատարկած անոթ ենք, որ լցվում է ամենայն աղտեղությամբ: Թամաշայով ապրող ժողովուրդը չի կարող պատերազմ հաղթել: Մեզ սկզբում թվում էր, թե այս պատերազմը հերթական թամաշան է, և հենց այդպես էլ Նիկոլը 44 օր մատուցում էր: Մեզ թամաշա ընտրող դարձրեց Նիկոլը` երկիրը վերածելով սատանայի պարահանդեսի: Իրականում մենք դարձանք աշխարհի համար թամաշա:
Նիկոլն ասում է, որ պետք է հետևողականորեն իրականացնի եռակողմ ստորագրած հայտարարության բոլոր կետերը: Բայց դրան զուգահեռ՝ մեկ այլ իրականություն կա: Մենք ամեն օր լսում ենք, որ Արցախի տարածքից բացի, Հայաստանի Հանրապետության տարածքներն է Ադրբեջանը հեշտ ու դյուրին վերցնում, Մեղրիից` գյուղեր, Տավուշից` գյուղեր, Կապանի օդանավակայանի կեսը կամ հարակից տարածքները, Սյունիքի արոտավայրերը, Սոթքի կեսը… և չգիտենք, թե վաղն ինչ նոր անակնկալներ են սպասվում: Այս հայրենատվությանը ոչ միայն ընդդիմացող չկա, այլև բուռն ու պատրաստակամ ընդառաջում է Նիկոլը` արդարացնելով Ադրբեջանի ցանկացած փայասիրություն, թե՝ Խորհրդային Միության քարտեզով այդպես է գծված: Էդ տնաշեն Սովետը Հայաստանին հեչ բան չի թողե՞լ, ամբողջն Ադրբեջան է գծե՞լ: Ադրբեջանը նաև հավակնություններ ունի Հայաստանի ջրային պաշարների նկատմամբ` Սևանի և այլնի: Գուցե վաղը Նիկոլն այդ ցանկությունը բավարարելն արդարացնի` ասելով, թե Սովետի քարտեզով կամ չգիտեմ ինչ հեռահար նկարչությամբ այդպես էր պայմանավորված:
Ադրբեջանը տեսնում է, որ Հայաստանում անիշխանություն է, տեր չկա, ժողովուրդն էլ անհասկանալի ու չգիտակցող վիճակում է, և տանում է` ինչ հնարավոր է, քանի որ մենք տալիս ենք հանգիստ, առանց ընդդիմանալու` այդպես պետք է լինի: Թումանյանական աղվեսի ու կկվի առակն է, մեզ էդ խելքը գլխին ագռավն է պետք: Ե’վ Հայաստանը, և’ Ադրբեջանը երազի մեջ են. մեր չար երազն է իրականանում, նրանց` բարի երազը: Իսկ Ադրբեջանի համար այսրոպեական ամենամեծ ու դարավոր երազը Զանգեզուրն է: Ադրբեջանը Հայաստանից 50 միլիարդ դոլար է պահանջում՝ որպես փոխհատուցում, և միջազգային ատյաններում հնչեցնում է, թե քանի որ Հայաստանն ի վիճակի չէ վճարել, թող Զանգեզուրը տա փոխարենը: Հիմա մենք հին հռհռոցի սովորույթով դարձյալ ծիծաղում ենք, թե՝ թող ուզի, տվողն ո՞վ է: Այդպես վստահ էինք Արցախի համար պատերազմից առաջ, թե ոչ ոք չի կարող թուղթ ստորագրելով Արցախ հանձնի, բայց տեսանք, որ հանձնեց: Այդ հանձնողը նույն ստորագրությամբ հանձնելու է նաև Զանգեզուրը` ասելով, թե՝ հանուն Հայաստանի փրկության: Բայց թուրքն այդքան չի ձգձգի գործը: Այսօր տեսնում է անիշխան, պարտված ու իրեն կորցրած Հայաստան. ճիշտ պահն է Զանգեզուրը պոկելու: Եվ հավանական է, որ գարնանը կլինի նոր պատերազմ` լավագույն դեպքում՝ այս հետևանքներով, որովհետև աղվեսի դիմաց հիմար կկուն է, ոչ թե խորամիտ ագռավը: Արցախը հանձնելով` կհանձնենք Զանգեզուրը: Նիկոլն Արցախը հանձնել է, պետք է այնքան կառչած մնա աթոռին, որ Զանգեզուրն էլ հանձնի: Սատանան կիսատ չի մնում, իր գործն ավարտում է կատարյալ ու ամբողջական: Նիկոլի վերջին ողբերգությունն այն է, որ չի գիտակցում՝ ինքը սատանան է: Գուցե գիտակցո՞ւմ է: