Ատելության կնքահայրը, որ կուրության մեջ չի խնայում անգամ իրեն
Քափ-քրտինք կտրած` նորից Նիկոլը մեղավորներ է փնտրում, դավաճաններ մատնանշում: Այս անգամ մենակ չէ, նեցուկ ունի Արայիկին: Երկու հայկական պետությունների ղեկավարները միահամուռ են: Հետպատերազմյան դուետ է, հարմոնիա: Պատերազմում պարտվելու համար մեղավոր է բանակը` չկռվեց, մեղավոր է կամավորը` դասալիք եղավ, մեղավոր է ժողովուրդը՝ աշխարհազոր չդարձավ, մեղավոր են նախկին իշխանավորները, մեղավոր են ապագա իշխանավորները, բոլորը: Անմեղ են միայն Նիկոլն ու Արայիկը:
Ավարայրից սկսած մենք եղանն ու փոցխն առնում ու գնում ենք մարտադաշտ` մարտական իրավիճակների համար վարժեցված ու հարբած փղերի դեմ, հիմա էլ երկփողանի որսորդական հրացանով, լավագույն դեպքում՝ ինքնաձիգով պետք է գնայինք Բայրաքթարի դեմ: Կամ բանակ ունես, կամ չունես, կամ պատերազմում ես, կամ` ոչ: Աշխարհազորը չի հաղթել կանոնիկ բանակին և ոչ մի դարում: Մեզ համոզում էիք, որ մեր բանակը տարածաշրջանում ամենահզորն է, անվտանգության երաշխավորն ու եղանակ որոշողը: Դրա վառ ապացույցը բանակին ելակով կերակրելն էր: «Ելակը մտավ զորամաս»,- 2020թ․ ապրիլի 8-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր Նիկոլը։ Հիմա էլ ասում են, թե իբր նախկինները զինվորին սոված էին պահում, դա էր պատճառն ու մեղավորությունը, որ պատերազմում պարտվեցինք:
Բանակի մարտունակությունը բարձրացնելու փոխարեն՝ Նիկոլը հասարակությանը մարտական վիճակում պահելու թույնի չափաբաժինն էր օր օրի ավելացնում` խորացնելով ատելությունը մեկը մյուսի նկատմամբ: Ժողովրդին երկու բանակի էր բաժանել, որոնք միմյանց էին հոշոտում ամեն վայրկյան` պատրաստ արնահեղության: Ցավոք, այսօր էլ այդ բաժանարար գիծը կա և ավելի պայթյունավտանգ: Կարևորը սահմանից ներս իշխանությունը պահելն է, ոչ թե սահմանին հայրենիքի անվտանգությունը պահպանելը: Սա ճկուն ու հետևողական կերպով հաջողվեց սույն գործչին պատերազմից առաջ ավելի քան երկու տարի, հաջողվեց անգամ պատերազմի օրերին` հին ու նախկին հորջորջված գեներալներին պատերազմից հեռու պահելու փորձով: Իսկ այդ քստմնելի համաձայնագիրը ստորագրելուց 2-3 ժամ անց լայվ մտավ ու նախկիններին մեղադրեց Ղարաբաղը հանձնելու համար: Խոստովանենք, որ այդ անելու համար հատուկ տաղանդ է հարկավոր: Հորդորել սահմանին կանգնած զինվորականներին գալ և այստեղ պատերի տակ վնգստացողների հարցերը լուծել, ովքեր այդ պարոնին համարձակվում են մեղադրել Արցախը հանձնելու մեջ:
Եվ Երևանում տեսանք միտինգ անող երկու հասարակություն` Նիկոլին քննադատող և Նիկոլին պաշտպանող, հիմնականում՝ ֆեյք, այստեղից-այնտեղից հավաքած, զինվորականի հագուստ հագած մարդիկ: Այդ երկու իրարամերժ հասարակությունները ամեն վայրկյան պատրաստ են բախվել, այսինքն` անխուսափելի է քաղաքացիական կռիվը:
Պատերազմը մարտադաշտից տեղափոխել մայրաքաղաք` իշխանությունը պահելու համար. սա է այս մարդու՝ Նիկոլի պատկերացրած հաղթանակը: Մշտապես ատելությունը թեժացնել երկրի ներսում, թե նախկիններն ուզում են ժողովրդից իր իշխանությունը խլել, թե դուրս եկեք փողոց և հաշվեհարդար տեսեք ձեր քույրերի, եղբայրների, հայրերի ու մայրերի հետ, հեղափոխականներ:
Ամեն քայլի կդիմի, միայն թե իշխանությունը պահի` սպառնալիքով ու հաշվեհարդարով: Բայց առայժմ բավարարվում է ուժային կառույցների վահանի տակ պատսպարվելով, զինադադարից հետո ռազմական դրությունը երկրում անհասկանալի կերպով պահպանելու միջոցով: Իսկ ովքեր վտանգ են ներկայացնում իրենց ակտիվությամբ, նրանց վրա մահափորձի մեղադրանք է կարում, թե ուզում են վարչապետին սպանել: Էականը պատերազմում պարտվելը և հայրենիք կորցնելը չէ, էականն ամեն գնով իշխանություն պահելն է` դարձյալ նախկիններին մեղադրելով, նրանց վերադարձի սպառնալիքով և աջ ու ձախ քրեական գործեր հարուցելով: Գործ սարքել, սադրել` ինչպես իրեն սատարող միտինգն էր, և խիստ կասկածելի ինքնաբուխ հավաքը, երբ հարձակվեցին ու ավերեցին Կառավարության և Ազգային ժողովի շենքերը, որին անմիջապես հաջորդեց 2 ժամ առաջ կապիտուլյացիա ստորագրած գերագույն հրամանատարի վրեժ լուծելու կոչը, այս անգամ՝ ոչ թե թշնամուց, այլ՝ յուրայինից: Փորձենք հասկանալ, թե ինչպե՞ս և ինչո՞ւ այդ նողկալի միջադեպը տեղի ունեցավ, ո՞ւմ ձեռագիրն էր:
Արդյո՞ք պատասխանատվության կանչել են Ազգային ժողովի և Կառավարության շենքերը պաշտպանող ոստիկաններին` հանձին նրանց վերադասի, որ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունը, որ թերացել են իրականացնել վստահված կառույցի պաշտպանությունը: Ինչպե՞ս պատահեց, որ գիշերվա այդ ժամին ինքնաբուխ հավաքվեց ամբոխը և հեշտ ու հանգիստ ներխուժեց երկրի կարևորագույն կառույցները, ջարդուփշուր արեց և գնաց: Ընդամենը մի երկու ոստիկան են երևում ցուցադրվող տեսարաններում, որոնք բնավ էլ դեմ չէին կատարվողին: Արդարանում են, թե բոլոր ոստիկաններն առաջնագծում մարտնչում էին, դրա համար էլ հսկողություն չկար: Իսկապե՞ս: Աշոտիկն էլ ջարդարարներից մեկի հետ սրճարանում նստած էր, և ախպեր տղերքը անմեղ ծխում էին: Այդ նախագիծն իրականացնողը վստահ էր, որ մեր ժողովուրդը հենց այդպես էլ ընդունելու է, քանի որ զուրկ է վերլուծելու կարողությունից: Եվ չենք վիրավորվում, որ մեզ բանական էակի տեղ չեն դնում, որովհետև, ըստ փաստարկված իրողության, իրականում չկանք այդպիսին:
Սույն պարոնը, որին մի հատուկ պատկառանքով վարչապետ ենք հորջորջում, ատում է բոլորին և ամեն ինչ, ատում է Հայաստանը, հայ ժողովրդին, մեր պատմությունը, եկեղեցին, մշակույթը, արժեքները, մարդկայինն ու բարձրը, վեհը… և այդ ցինիկ կուրության մեջ ատում է նաև ինքն իրեն: Իրեն մի կաթիլ սիրող մեկը հեռացած կլիներ` թեկուզ ցմահ բանտարկվելու վտանգն ու հեռանկարն ունենալով: Սա մոլեռանդությամբ ձգտեց և հասավ վարչապետի աթոռին, թեկուզ աշխարհն ավերվի, միայն թե ինքը դառնա վարչապետ, և դարձավ: Հիմա էլ նույն ընչաքաղցությամբ պահպանում է այն, թեկուզ ջրհեղեղ, միայն թե ինքը մեկ օր, մեկ ժամ ավել մնա այդ աթոռին, և մնում է: Հերն էլ անիծած, թե ինչպես է հիշվելու, որ նորմալ մարդը երանի կտար` չհիշվեր: Սա հիվանդագին մոլություն է: Գիտե՞ք էլի մեկին, որն ինքն իրեն այդ աստիճան ատի: Մի փնտրեք, այս աներևակայելիի սահմանումը Նիկոլ է: