Թուրքիան ահաբեկչական պատերազմ է հայտարարել աշխարհին` աշխարհի թողտվությամբ
Միջազգային ահաբեկչությունը` Սիրիայում, Լիբիայում և այլուր, իսկ այժմ էլ՝ Արցախում, գործում է Թուրքիայի հովանավորությամբ, իսկ Թուրքիան գործում է աշխարհի հովանավորությամբ ու թողտվությամբ: Միջազգային հանրությունը կանաչ լույս է վառել Թուրքիայի բոլոր քայլերի, ոտնձգությունների ու սանձարձակ երթևեկի առաջ: Վարձկան գրոհայիններ հավաքագրող և ահաբեկչական խմբավորումներ ստեղծող Թուրքիայի նախագահն այդ իսլամիստ ծայրահեղականների, կրոնական մոլեռանդների շրջանում ինքնահռչակ սուլթան ու մեծ խան է ընդունվում: Միջնադարի բարբարոսության այդ նորովի ընկալումը պարզ երևում է նրանց հիացական, իսկ վերջին շրջանում՝ հիասթափված խոստովանությունների տեսագրություններից: Էրդողանը գնում է աշխարհին հայտնի «կարմիր սուլթանի» հետքերով` մտապատրանքներում ունենալով Կոստանդնուպոլիսը սրի քաշած ու Այա Սոֆիայի տաճարը պղծած Մեհմեդ Երկրորդի դաժան կերպարը:
Սակայն ծիծաղելի թվացող սեփական ցնորքները Թուրքիայի առաջնորդը հաջողացնում է վերածել շոշափելի իրողության, դարձնել իրական հող և քայլը քայլի հետևից գնալ դեպի իր նպատակակետը, որ մշուշի միջից օր օրի պատկերվում է նյութեղեն ուրվագծերով: Այդ հրաշագործ փայտիկն Էրդողանի ձեռքը տվել է աշխարհը, միջազգային առաջադեմ հանրություն կոչվածը և որպես հանդիսատես՝ հիանում է պատրանքն իրականության վերածելու նրա շնորհքով: Աշխարհը սարսափած պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ, սակայն վարանում է պատժել, ավելին` հանդուրժում է ու փայփայում է մարդասպանության ստեղծարար, կրոնական թշնամանք հրահրող Թուրքիային և դրա կնքահայր Էրդողանին:
Ֆրանսիայի Նիս քաղաքի Աստվածամոր տաճարում իսլամիստ ծայրահեղականը գլխատում է երկու մարդու աղոթելու պահին, երրորդը` նույն մոլեռանդ վայրենու ձեռքով դանակի հարվածներ ստացած, մի կերպ իրեն գցում է մոտակա սրճարան և այնտեղ մեռնում: Ոճիրին նախորդել էր Էրդողանի վրդովմունքը, թե Ֆրանսիայում վտանգված է իսլամը: Թուրքիայի «Գորշ գայլեր» ազգայնամոլական կազմակերպության անդամները Ֆրանսիայի փողոցներում երթ են անում` ատելության կոչեր հնչեցնելով այդ երկրի քաղաքացի հայերի նկատմամբ, և տներից դուրս կանչում հաշվեհարդար տեսնելու նպատակով: Իսկ օրեր առաջ վայրենին փողոցում գլխատել էր պատմության ուսուցչին` Մուհամեդ մարգարեի մասին աշակերտներին մուլտֆիլմ ցուցադրելու համար: Եվ սա կատարվում է հիմա աշխարհի քաղաքակրթության կենտրոն, մշակութային մայրաքաղաք ընկալվող Ֆրանսիայում, որտեղ ահաբեկիչները մարդկանց են գլխատում նախամարդու վայրենությամբ: Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը դիմում է աշխարհին` խայտառակություն որակելով Էրդողանի կրոնական թշնամանք հրահրող հայտարարությունները: Իսկ աշխարհը խաղաղ է, անդորր ու անվրդով, կարծես՝ ոչ Էրդողանին է լսել, ոչ էլ Ֆրանսիայում կատարվածն է տեսել:
Տեղեկատվության այս արագահաս ու գերճշգրիտ դարում աշխարհը տեսնում է Ադրբեջանի սանձազերծած էթնիկ զտում հետապնդող պատերազմն ինքնիշխան Արցախի Հանրապետության նկատմամբ: Տեսնում է հայերի ցեղասպանությունն ամբողջացնելու ցինիզմով տոգորված Թուրքիայի ներգրավվածությունն այդ պատերազմում` բարձրաստիճան հրամանատարական կազմով, մեծաքանակ գերարդիական զինտեխնիկայով, հատուկ ջոկատայիններով` որպես երրորդ երկրի անթույլատրելի մասնակցություն: Որ իրականում ոչ թե Ադրբեջանն ու Ալիևն են պատերազմը վարում, այլ միջազգային ահաբեկչությունը հովանավորող Թուրքիան և Էրդողանը: Տեսնում է Թուրքիայի ձեռամբ Սիրիայում հավաքագրված ու Ադրբեջան տեղափոխված հազարավոր վարձկան ահաբեկիչների մասնակցությունը ռազմական բուն գործողություններին, տեղյակ է խաղաղ բնակիչների խոշտանգմանն ու սպանդին, դիվային արարք, որ միջազգայնորեն արգելված է ու դատապարտելի:
Տեսնում է արգելված զինատեսակների կիրառումը ոչ միայն ռազմական գործողություններում ու մարտադաշտում, այլև ու հատկապես խաղաղ բնակավայրերի ու քաղաքացիների նկատմամբ, որ պատերազմական հանցագործություն է: Տեսնում է ամեն օր կասետային ռումբերից, քիմիական զենքի տարրեր` սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակից, անօդաչու թռչող սարքերից և այլ ահավոր զենքերից ավերվող քաղաքներ ու գյուղեր, օդից ու ցամաքից թիրախավորվող տներ, դպրոցներ ու մանկապարտեզներ, դաշտերում բերքահավաք անող մարդկանց ռմբահարում ոչ միայն Արցախում, նաև Հայաստանում: Սպանվում են պատերազմի հետ կապ չունեցող երեխաներ, կանայք, իրենց տան մեջ գնդակահարվում ծերեր ու հաշմանդամներ, տանջամահ են արվում ու գլխատվում հայ ռազմագերիներ: Այս անմարդկային հրեշապատումը, որ պատերազմ չէ, այլ նախճիր, էթնիկ զտում ու ցեղասպանություն, տեսնում է աշխարհն ու անտարբեր իր բան ու գործին է: Փոխարենը՝ անհանգստացած կատուների, թափառող շների կեցությամբ` նրանց անվտանգությունն ապահովող օրենքներ է ընդունում և պատժում դրանք խախտողներին:
Թուրքիան մատ է թափ տալիս ուզած երկրի վրա և դիտողության չի արժանանում: Ֆրանսիայի նախագահին խորհուրդ է տալիս դիմել հոգեբույժի, խոստանում է Ուկրաինային աջակցել` Ղրիմը Ռուսաստանից պոկելու և վերադարձնելու հակամարտությունում, և ի պատասխան՝ լսում ենք, որ Էրդողանը փափուկ մարդ է՝ հակառակ իր հռետորաբանության: Ահաբեկչության դեմ պայքարող աշխարհը հստակ տեսնում է, որ միջազգային ահաբեկչությունը հովանավորում է Էրդողանը` հետևողականորեն վարձկան ահաբեկիչներ հավաքագրելով ու համապատասխան խմբավորումներ ստեղծելով, և մի թթու խոսք չի ասում: Տեսնում է Օսմանյան կայսրությունը վերակենդանացնելու պատրանքով տոգորված, նոր սուլթանի ու մեծ խանի հովերով հարբած Էրդողանին. կայսրություն, որ Եվրոպայի երեք քառորդն էր նվաճել, և միավորվելով` մի կերպ կարողացան ազատագրվել թրքական լծից: Տեսնում է Սիրիայում, Լիբիայում, Իրաքում, Եգիպտոսում զավթողական ու ամբողջատիրական ռազմական սանձարձակություններն ու մատը մատին չի խփում: Տեսնում է, թե ինչ է անում Միջերկրականի ջրերում ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր Հունաստանի նկատմամբ, դարձյալ ոչինչ չի անում, և դեմ է քվեարկում Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու Հունաստանի առաջարկին: Աշխարհն անտարբեր է և, անտարբերության համաձայն, համենայնդեպս, դեմ չի գնում Թուրքիային: Տպավորություն է, որ աշխարհն ասում է` մեր Թուրքիան է, թող անի: Ուրեմն թող անի: