Սուպեր Նազար
Մարդիկ բաժանվում են երկու խմբի, նրանք` ովքեր մտածում են ու նոր են խոսում, և նրանք` ովքեր խոսելուց հետո են մտածում: Իսկ Նիկոլ Փաշինյանը ո՛չ առաջին խմբի մեջ է տեղավորվում, ո՛չ էլ երկրորդ: Մարդկանց երրորդ խումբ է ինքնին ձևավորել. ո՛չ խոսելուց առաջ է մտածում, ո՛չ էլ խոսելուց հետո: Քաջ Նազարն անմահ է, քանի որ նրա նորովի կերպավորումներն ի հայտ են գալիս տարբեր ժամանակներում` այս կամ այն գործչի տեսքով՝ ապահովելով շարունակականություն, մշտնջենականություն: Եվ մեր նոր գործիչը տառապում է Նազարի բարդույթով` գյադեք, դես, գյադեք, դեն: Եվ, որ՝ հրամայո՛ւմ եմ, այսուհետ արևը Արևելքից ծագի ու մայր մտնի Արևմուտքում: Բայց Նազարի այդ արձակած հրամանի մեջ որևէ արտասովոր ու վտանգավոր բան չկար, քանի որ բնությունը հենց այդպես էլ շրջանառում էր իր մութն ու լույսը: Իսկ Նիկոլը ոչ միայն սուպեր վարչապետ է, այլև` սուպեր Նազար. հրամայո՛ւմ եմ, այսուհետ ո՛չ արև, ո՛չ լուսին, ո՛չ աստղեր: Է, ինչ կուզի` այն էլ կասի, ինքը թագավորն է, մենք էլ՝ հպատակներ, խոսքն էլ է իրենը, ասելու իրավունքն էլ: Մերն էլ խելոք լսելու իրավունքն է և հանուն թագավորի արձագանքելու` ինչպիսի՜ իմաստնություն:
Այս վարքականոնը կամ խոսքարվեստը մի հին անեկդոտ է հիշեցնում: Երբ Խորհրդային Միությունը հարաբերություններ էր ձևավորում ու բարելավում Վիետնամի հետ, Բրեժնևը մերձեցումը շոշափելի դարձնելու նպատակով այցելում է բարեկամացող երկիր: Թանկարժեք հյուրին դելիկատես են հյուրասիրում՝ կապիկի ուղեղ: Ժամանակ հետո փոխադարձ այցով Վիետնամի առաջնորդն է հյուրընկալվում խորհրդային երկրում: Ճոխ հյուրասիրության ժամանակ Բրեժնևը սիրագորով հարցնում է պատվավոր պաշտոնակցին, թե հատկապես ի՞նչ ուտեստ կցանկանար: Սա էլ, թե՝ կոմունիստի ուղեղ եմ ուզում: Բրևժնևն էլ անմիջապես հրամայում է՝ կոմունիստի ուղեղ մատուցել թանկարժեք հյուրին: Դելիկատեսն ուշանում է, Բրեժնևն անհանգստացած զանգահարում է շեֆ խոհարարին, թե ի՞նչ եղավ: Խոհարարը մեղավոր պատասխանում է, որ արդեն հարյուրերորդին ենք գլխատում, ուղեղ չկա, միայն լեզու է, կլինի՞ լեզու բերենք:
Առակս զի՞նչ ցուցանե. խոսում է, միայն լեզու է: Մեկ ասում է՝ հայ ժողովուրդ, դու անդամալույծ չես, վեր կաց և քայլիր: Մեղա քեզ, Աստված: Այդ ե՞րբ է հայ ժողովուրդը ծույլ ու անբան եղել. հայտնի է՝ որպես աշխատող, ստեղծարար, քարից հաց քամող ժողովուրդ: Մեկ ասում է՝ աղքատությունը ձեր գլխում է: Էլ ինչո՞ւ էիր նախկին իշխանություններին մեղադրում, թե մեր հարստությունը տանում են, մենք էլ աղքատ ենք մնում: Էդ աղքատ գլխով ժողովուրդն այսօր էլ, երբ ոտքը Հայաստանից դուրս է կպցնում, ծաղկում է ու շենացնում: Հիմա էլ, թե՝ մի ծխեք, մի խմեք, որ պետբյուջեն լցվի: Որ հանկարծ էդ պետբյուջեից դուրս գրվող պարգևավճարները չպակասեն: Դուք զրկվեք, զարկվեք, որ մենք ապրենք ու վայելենք: Գույքահարկն ես բարձրացնում, այդպես որ շարունակվեց՝ շնչելու ու միզելու հարկ էլ կդնես: Պետրոս Մեծը մորուքի և այլ ինքնաբավ հաճույքների համար հարկեր էր սահմանել: Հանկարծ ականջը չգցեք, հիմա էլ Պետրոս Մեծի սինդրոմով կտառապի: Այդ դեպքում կամ պետք է սափրվես, կամ մորուքի հարկ վճարես ոչ միայն դու, նաև քո շրջապատը:
Հո կրակը չե՞նք ընկել, մերթ՝ հեղափոխականներ ու հակահեղափոխականներ, մերթ՝ սևեր ու սպիտակներ: Ամեն տեղ և ամեն ինչում մեղավորներ փնտրող, ձախողումները սրա ու նրա վրա բարդող, հներին խանգարող տեսնող, նախկին թիմակից նորերին էլ երկրի առաջընթացի խոչընդոտ մատնանշող: Էդ հների ու նորերի բարդույթից ե՞րբ ես դուրս գալու, որ մենք էլ մի հանգիստ շունչ քաշենք, ախր կոկորդներիս ես նստել:
Հիմա էլ պարզվում է, որ տնտեսական հեղափոխությունը մուտացիայի ենթակվելով՝ հակածխախոտային ու հակաալկոհոլային կերպավորում է առել՝ գովազդային ակցիայի վերածվելով: Մի քիչ շատ մուտացիայի չենթարկվեցի՞ն այդ հեղափոխությունները՝ թավշյա ու տնտեսական: Ասում ես, ասում ես… ախր, մեջն ի՞նչ կա, որևէ գործողություն, շոշափելի իրողություն արձանագրե՞լ է մեր առօրյա կյանքը: Հարկ է մտածել ու նոր ասել, կամ ասելուց հետո մտածել, որ գոնե հաջորդ ասելիքը մտածված լինի: Մերթ Աշոտ Երկաթի բերդն ես ցուցադրում, մերթ ձի ես քշում… ո՞ր մեկն ասեմ: Ա՛յ մարդ, հո դու քաջ Նազարը չե՞ս:
Լավ, էս մեր ներսում է, մտածում ենք՝ մեր Նիկոլն է, կխաղացնենք՝ կճամփենք, շատը գնաց, քիչը մնաց: Բայց նույն վարքագիծը՝ ճպուռի պես շուռ ու մուռ, արտաքին քաղաքականության մեջ է: Դրսի աշխարհում չկա հայկական գորովանքը՝ մեր-ը, խաղացնելով ճամփել-ը, դրանք արդեն՝ փաս:
Եվ այսօր Հայաստանում վերուվար է անում մի իշխանություն, որը ո՛չ երես ունի, ո՛չ էլ աստառ, ո՛չ թափանցող ցրտին է դիմանում, ո՛չ էլ ներսից բարձրացող տոթին: Երես չունի Վրաստանում, որ մեր ճանապարհն է՝ ելքն ու տնտեսական կապն արտաքին աշխարհի հետ: Երես չունի Իրանում, որը մեր ուղղակի ու անմիջական արտաքին աշխարհն է: Երես ու երեսատեղ չունի Ռուսաստանում, որը մեր տնտեսական ու ռազմավարական գործընկերն է Թուրքիայի և առհասարակ թրքական պատերազմի առկայության ու ամեն վայրկյան սպառնալիքի պայմաններում: Իսկ Ամերիկայում բարձր մակարդակով մեր երեսին նայող, մեր երեսը երես տեսնող կա՞: Էլ չասած, թե Չինաստանի հետ ճանապարհային քարտեզի որ կեռմանում ենք գտնվում, կամ թեպետ նույն տնտեսական գոտում համագործակցող, սական մեր թշնամու բարեկամ Ղազախստանի ու Բելառուսի հետ: Իսկ Ուկրաինայի՞ համար խոցելիության ինչ աստիճան ունենք, հավանաբար միայն խորացող: Իսրայե՞լ ենք ուզում, բայց այդ երկիրը միշտ է թքած է ունեցել մեզ վրա, հիշենք, և՛ հարյուր տարի առաջ, և՛ այսօր, ո՞ւմ կողմն է բռնել:
Այդպես աներես արտաքին քաղաքականություն վարելն աններելի է, այդպես անաստառ ներսում գործելն անթույլատրելի է: Սա ընդդիմադիր լրագրող Նիկոլ Փաշինյանը չէ, «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը չէ, ոչ էլ ԱԺ ընդդիմախոս «Ելք» խմբակցության առաջնորդը, որ ասենք՝ ոչինչ, թող գրի ու ասի, էս իշխանություններին տեղն է: Սա վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, որը երկիր է ներկայացնում թշնամի ու բարեկամ արտաքին աշխարհին, և նրա որոշումներով են կողմնորոշվում:
Սա վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, որին ներսում մի ամբողջ ժողովուրդ է նայում՝ սփյուռքահայության հավելումով: Իհարկե, կա սոցիալական մի շերտ, որին դուր է գալիս վարչապետի չմտածելը խոսելուց առաջ և խոսելուց հետո, քանի որ ինքն էլ է այդպիսին՝ նման զնմանն գտանե: Բայց միայն այդ շերտին բավարարելով՝ երկիրն ուղղակի աղբանոցում կհայտնվի: