Բանակը սիրենք ամբողջովին, ոչ թե մաս-մաս
Տավուշի զինծառայողները հրաժարվում են զորացրվել, որովհետև պատերազմը սահմանի հենց այդ հատվածում է` ամեն րոպե թեժանալու սպառնալիքով: Որովհետև այդ դիրքերում իրենց չորս մարտական ընկերներին են կորցրել: Հաղթել են, կարևոր նշանակության, խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովող դիրքեր են գրավել, բայց զինակիցների կորստի հետ չեն հաշտվում և ուզում են նորից հաղթել` փակելով թշնամու սողանցքերը: Սա է մեր բանակը, որ մեր էությունն է:
Մենք այսօր հպարտ ենք մեր բանակով, զինվորով ու սպայով, նրանք մեզ համար մեր սիրտը սնուցող արյան պես են: Մենք երեկ էլ նույն հպարտությունն էինք զգում մեր սրտով ու արյամբ: Նախորդ օրերին` նույնպես, առանց մեկ վայրկյան այդ նվիրումը թուլացնելու կամ նվազեցնելու: Սակայն սառն ու անտարբեր ենք մնում, երբ երեկվա պատերազմի հերոսին տեսնում ենք դատարանում` մեղադրյալի աթոռին նստած: Սառն ու անտարբեր ասածը մեղմ բնորոշում է: Ոգևորվում ենք, փառավորվում, սրտներիցս քար է ընկնում, և տպավորությունն այնպիսին է, որ թշնամու բանակի հերոսներին ենք տեսնում դատարանում:
Այդ մարդիկ երեկ մեր աչքի լույսն էին, այսօր ընկալվում են՝ որպես մեր աչքը հանածներ: Հերոսը ժամկետանց չի լինում, ժանգով չի պատվում և փառակալում` դառնալով թունավոր ու վտանգավոր` շուրթերի ու բերանի համար: Մենք ականատեսն ենք եղել ու վկան նրանց ստեղծած, պահպանած, հաղթանակներ ապահոված Հայկական բանակի: Մենք հպարտանում էինք և ենք, որ մեր բանակը տարածաշրջանի ամենապատրաստված ու մարտունակ, հերոսական ու հաղթական ոգի ունեցող բանակն է: Այդ ամենը ո՞ւմ շնորհիվ. այդ մարդկանց: Բանակաշինության մեջ ավելորդ ու անիմաստ դերակատարներ չեն լինում, իսկ այդ անհատներից ամեն մեկն իր դերակատարումն է ունեցել: Մեր բանակը երկնքից ընկած պարգև չէ, մեր հողի ծնունդն է, մեր ոգու դրսևորումը, հետևողական ու ամեն վայրկյան զգոն աշխատանքի արդյունք:
Դուրս գանք փողոց և դիմենք մարդկանց, չհարցնենք, թե՝ ինչո՞ւ ես քեզ լավ զգում, որ Սեյրան Օհանյանը դատարանում է, հարցնենք` վատ չե՞ս զգում դրա համար: Սեյրան Օհանյանը մեր բանակը կայացնողներից մեկն է եղել և մեկը մեր հաղթանակներն ապահովողներից: Սեյրան Օհանյանը պատերազմում ոտքն է կորցրել: Կադրային սպա, որ անցել է Արցախյան ազատամարտը և Արցախի հերոս է: Արդյո՞ք ի վիճակի ենք պատկերացնել Սեյրան Օհանյանի ապրումները, ներաշխարհը, երբ թշնամուց պահպանած իր երկրում իրեն դատում են՝ որպես թշնամի: Հասարակությունը չգիտի էլ, թե ինչի համար է սա: Չի հիշում այդ սպայի անցած զինվորական ճանապարհը, չի հիշում, որ հպարտանում էր նրանով ու նրա զինակից ընկերներով: Չի գիտակցում, որ հիշողություն չունի:
Հասարակությունը չի հասկանում, թե ինչո՞ւ գեներալ Խաչատուրովին ետ կանչեցին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից և հիմա ամիսը մեկ անգամ բերում են դատարան, մի երկու ժամով նստեցնում մեղադրյալի աթոռին ու ճամփում տուն: Չի էլ ուզում հիշել, որ իրեն ավելի ապահով էր զգում, երբ այդ հույժ կարևոր կառույցի ղեկավարը հայ էր: Վստահ էինք՝ եթե սահմանին մի բան պատահի, մեր հայն է, մեզ հո մենակ չի՞ թողնի: Հիմա հայ չի և թողեց: Խռովել ենք, թե ինչո՞ւ թողեց: Իսկ ինչո՞ւ պետք է չթողներ: Մենք էինք, չէ՞, որ ՀԱՊԿ-ին նվաստացրեցինք` ասելով, որ՝ ձեր գլխավոր քարտուղարը հանցագործ է, մե՛ր հանցագործն է. տվե՛ք` դատում ենք: Նախկինները երևի շատ էին կարճատես, որ ամեն ճիգ ու ջանք թափեցին, որպեսզի և ՀԱՊԿ-ի, և ԵԱՏՄ-ի ղեկավարները հայեր լինեն:
Խաչատուրովը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն էր քառօրյա պատերազմի ժամանակ, և արդեն չորս տարի է՝ հպարտանում ենք այդ հերոսամարտով` միանգամայն պատճառաբանված: Մենք կորցրեցինք 400 հեկտար տարածք, բայց չպարտվեցինք: Մեր տղաները կռվեցին սպարտացիների պես. զոհվեցին, բայց չհանձնվեցին: Հինգերորդ օրը Պաշտպանության բանակն անցնելու էր հարձակման, եթե հարձակում չհամարենք կորցրած դիրքերի ազատագրումը: Սակայն պատերազմը կասեցվեց Կրեմլի միջամտությամբ` Ադրբեջանի խնդրանքով: Մենք այսօր այդ չորս օրերի հերոսամարտը, սպարտացիների սխրանքը կրկնած մեր տղաների կռիվն ենք դատում: Այդ պատերազմի նախարարը և գենշտաբի պետը դատարանում են: Չեմ ուզում ավելի առաջ գնալ` հիշեցնելով Միքայել Հարությունյանի կարգավիճակը:
Յուրի Խաչատուրովի որդի Գրիգորի Խաչատուրովի հրամատարությամբ էր մղվում Տավուշի սահմանային հատվածի պատերազմը, կամ, ասենք` ադրբեջանական հարձակումը հրետանակոծությամբ, կամ հատուկ պատրաստվածության ջոկատի դիվերսիոն ներթափանցման փորձը: Դեռ չենք էլ հասցրել հատուկ անունով կնքել այդ մարտական գործողությունները, ինչպես` Քառօրյա պատերազմ: Սպասում ենք, որովհետև չգիտենք`ավարտվե՞ց, թե՞ նոր է ավարտվելու: Սակայն մեր հպարտությունը հասնում է գերադրական աստիճանի, հատկապես, որ աշխարհը զարմացավ` տեսնելով անխոցելի համարվող իսրայելական ԱԹՍ-ի խոցումը: Մեր զինվորն է, մեր հրամանատարն է, մենք ենք:
Հետաքրքիր է, եթե վաղը երկրում իշխանություն փոխվի կամ չփոխվի և, ո՞վ իմանա, հանկարծ Գրիգորի Խաչատուրովին կանչեն դատարան, հասարակությունն ինչպես կարձագանքի: Այդժամ արդեն մեր զինվորը չէ՞, մեր հրամանատարը չէ՞, մենք չե՞նք: Ասելու ենք՝ եթե դատում են, ուրեմն մեղավոր է, այսքա՞նը: Լավագույն դեպքում հարցնելու ենք` մեղավո՞ր է, որ դատում են: Հայաստանում մեղք գտնելը միզելու պես հեշտ բան է, ամեն մեկս դրանից մի քառասուն հատ ունի գրպանում դիմացինի նկատմամբ, հարկ եղած դեպքում չարազի պես կլցնի սեղանին:
Ավելի հետաքրքիր է՝ արդյո՞ք մենք սիրում էինք այդ մարդկանց, երբ գործում էին: Իսկ հարյուր տարի առաջ սիրում էինք. հիշենք Անդրանիկի մուտքը Երևան, ինչպես դիմավորեցինք: Թե՞ զինվորը մեր տղան է, և այդքանն է մեր սիրո շրջանակը: Սիրել պետք չէ, սիրո մեջ միշտ էլ թաքնված ատելություն կա, հարգել է պետք, գիտակցված գնահատել՝ առանց զեղումների: Հաղթական ուղի անցած Հայկական բանակն արժանապատիվ վերաբերմունքի կարիք ունի, ոչ թե օր օրի արժեզրկման` հրամանատարների ու հերոսների թիրախավորմամբ: