Պետականության ճգնաժամ

Իշխող քաղաքական մեծամասնությունը պնդում էր, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ է. ասաց և արեց:  Հավատացնում էր, հիմա հավատում ենք: Այո, այսօր Սահմանադրական դատարանում ճգնաժամ է: Կասկածո՞ւմ էինք, չէի՞նք վստահում իշխանությանը. տեսանք, որ իրավացի է: Սպառնալիքը հնչեցրեց և իրագործեց: Չկար, հիմա կա: Միակ բանը, որ ասացին և ասեցին` Սահմանադրական դատարանի ճգնաժամն է: Ասացին՝ սիրո և հանդուրժողականության հեղափոխություն՝ չտեսանք, ասացին՝ տնտեսական հեղափոխություն՝ չտեսանք, ասացին՝ թալանածը ետ ենք բերելու՝ չտեսանք: Բայց ասացին` Սահմանադրական դատարանում ճգնաժամ է, հիմա տեսնում ենք:

Այդ ճգնաժամը տեսնում է ամբողջ աշխարհը: Իրականում ճգնաժամ էր ոչ թե Սահմանադրական դատարանում, այլ Սահմանադրության ճգնաժամ է երկրում: Ճգնաժամ է կրթական համակարգում, ճգնաժամ է օրենսդիր մարմնում, առողջապահության ոլորտում, տնտեսության մեջ, ճգնաժամ է կառավարման բոլոր օղակներում, ներքին քաղաքական կյանքում, արտաքին քաղաքական ազդակներում:

Փակվեց Գյուղատնտեսության նախարարությունը, և անմիջապես ունեցանք զգալի անկում այդ ոլորտում: Հայաստանի պես ագրարային երկրում Գյուղնախարարությունը չեն փակում, հակառակը`մեծ ներդրումներով զարգացնում են, քանի որ գյուղատնտեսությունն ամենառիսկային գոտին է: Մտածում են՝ այսպես թե այնպես, գյուղացին հողը մշակում է: Այո, մշակում է, բայց ինչպե՞ս: Հարյուր տարի առաջ էլ էր կարկուտն ու ցուրտն ավերում գյուղացու արտն ու այգին, այսօր էլ:

Նախկինում գյուղացուն տրվում էր որոշակի աջակցություն` մատչելի պայմաններով պարարտանյութ, վառելանյութ, սերմացու: Գյուղացին դժգոհ էր, որ մենակ է և պետության կողմից նվազ ուշադրության արժանացած: Հիմա այդ էլ չկա, և գյուղացին դժգոհելու առիթ չունի սակավ աջակցությունից: Եթե նախկինում այդ վերաբերմունքը համարվում էր թոզ փչել, հիմա այդ թոզն էլ չկա, մաքուր հորիզոն է: Եվ այդ հորիզոնում առկախված մնացել է գյուղատնտեսությունը խթանելու նպատակով խոստացված վարկերը, որին ձեռքը ոնց մեկնում է գյուղացին` չի հասնում:

Հայաստանի տնտեսության համար հաջորդ կարևորագույն ոլորտը հանքարդյունաբերությունն է, որի հնարավորությունները նվազեցված են: Ամուլսարի խնդիրը մնում է չլուծված, բառախաղի կանոնով ասած` ամլացված վիճակում է: Մաքուր օդը լավ բան է, բայց եթե այդ մաքուր օդում խեղդվում ես կամ ճնշման սուր տատանում ունենում, որքանո՞վ է առողջարար այդ մաքուր օդը: Շուրջ երկու տարի առաջ էր, որ տնտեսական հեղափոխության մեկնարկը տրվեց իշխանական քայլերթով` Երևանի մի ծայրից մյուսը հասնելով: Եվ ընթացքը տնտեսության այդ երկու կարևորագույն ոլորտների որոշակի անկումն է` աննպատակ, գուցե նպատակայի՞ն վերաբերմունքով պայմանավորված:

Նույն իշխող քաղաքական մեծամասնությունը պատճառաբանում է, որ ներդրումներ չեն արվում Հայաստանում, քանի որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ է: Մինչդեռ Սահմանադրական դատարանը միակ կառույցն էր, որ իշխանության ձեռնասունը, կամակատարը չէր և դրանով իսկ վստահություն էր ներշնչում և՛ երկրի ներսում, և՛ դրսից երկրով հետաքրքրվողների շրջանակում:

Եթե մի երկրում տևական ժամանակ դատ ու դատաստան է իշխանափոխությունից անմիջապես հետո, կամ շարունակվող հեղափոխություն է, նման երկրում ինչպե՞ս կարող են օտարերկրյա ներդրումներ լինել: Ինչպե՞ս կարող է նման երկիրը վստահություն ներշնչել հեռավորին ու մոտավորին, օտարին ու յուրայինին: Բիզնեսի, փող ներդնելու համար կայուն միջավայր է անհրաժեշտ, ոչ թե հեղափոխական իրավիճակ:

Եթե նյութականից անցում ենք կատարում հոգևորին, ապա Հայաստանը չունի Մշակույթի նախարարություն, այն դեպքում, երբ մենք աշխարհին մեր մշակույթով ենք ներկայացել: Մի դեպքում կարող է արդարացվել այս մոտեցումը, եթե փակելը մեզ հնարավորություն կտա ավելի բարձր արժեքով ներկայանալ աշխարհին: Բայց մենք այդ ավելի բարձր արժեքն այսօր չունենք: Հայաստանի ներքին և արտաքին առանձնահատկությունները հաշվի առնելով` դժվար է պատկերացնել՝ առանց Մշակույթի, Գյուղատնտեսության և Սփյուռքի նախարարությունների:

Դպրոցական ծրագրից հանվում է Հայ եկեղեցու պատմությունը՝ որպես առանձին դասավանդվող առարկա: Երկու տարի է՝ մերթընդմերթ թիրախավորվում, նսեմացվում է Հայ եկեղեցու դերն ու նշանակությունը: Ամեն վայրկյան պատերազմի սպառնալիքի տակ գտնվող երկրում չի դասավանդվելու ռազմագիտություն առարկան դպրոցներում: Հայոց լեզվի, Հայոց պատմության դասաժամերը կա՛մ կրճատվում են, կա՛մ դրանց դասավանդումը մատնվում է բուհերի հայեցողությանը` համարվելով ոչ պարտադիր: Մտահոգող է Արցախյան հիմահարցը, հայ-ռուսական հարաբերությունները, և էլի հարաբերություններ ներսում ու դրսում:

Այս ամենը երկրի նյութական և հոգևոր սյուներն են, որոնք հետևողականորեն, ամենօրյա ցնցումների շնորհիվ՝ խարխլվում են: Սա պետականության ճգնաժամ է, անվտանգության սպառնալիք: Չար լեզուներն ասում են, որ իշխանությունը դրսից պարտադրված ծրագիր է իրականացնում: Գուցե չար լեզուներն այսպես գուժելով՝ բարությո՞ւն են անում:

Այս գործոնները բավարար չե՞ն, որպեսզի խթան հանդիսանան ընդդիմադիր խաղացողներին ու խաղից դուրս մնացածներին, այլ կերպ` ողջերին ու մեռածներին, իշխել խաղադաշտում: Մեռածներին հիշատակելը վարչապետ Փաշինյանի զբաղմունքն է, նա է, որ ամեն առիթով հիշում է նրանց` կենդանի պահելով հիշատակը: Նրանց անվանում է «մեռել» ու երկու տարի միայն նրանցից է խոսում, նրանց դեմ է պայքարում: Երկիրը երկու տարի ցնցումների մեջ է, իրական գործ անելու փոխարեն՝ երկու տարի է՝ քափ-քրտինք կտրած՝ իր ասած մեռելներին հարություն է տալիս: Հարցնող լինի` էդ մեռելներին ինչո՞ւ ես բերում վրաներս, մարդ կա՝ տղա է բերում, դու էլ` մեռե՞լ: Կարելի՞ է  այդ աստիճան անկայուն լինել, որ մեռելները գերեզմանից դուրս գան և ասեն` մենք Նիկոլից կենդանի ենք: Նրանց մենք մոռացել և մոռանում ենք, դու ես, որ հիշելով՝ հիշեցնում ես: Ո՞վ է հնարավորություն ու ասպարեզ ընձեռում, ամենակարևորը` խոսքի իրավունք տալիս այդ մեռելներին:

Տեսանյութեր

Լրահոս