Թուրքիան չպետք է բանակցող կողմ լինի
«Հայկական Ժամանակ» օրաթերթի հոկտեմբերի 1-ի «Բանակցային ֆորմատը փոխելու ժամանակը» վերնագրի ներքո զետեղված խմբագրականում հարկ չկա տողատակ փնտրելու կամ տարընթերցելու, ուղղակի ասում է, որ Թուրքիան Արցախի խնդրի կարգավորման բանակող կողմ լինի, և Հայաստանն ուղղակի այդ երկրի հետ բանակցի: Առաջարկը պատճառաբանվում է և հստակ տեսլական է ուրվագծվում:
«Բայց հասկանալի է նաև, որ ցանկացած պատերազմ վաղ թե ուշ ավարտվում է և սկսվում է բանակցությունների փուլը: Իսկ այստեղ բազմաթիվ հարցեր են առաջանում, որոնցից մեկն էլ հետևյալն է, իսկ ինչո՞ւ պիտի Հայաստանը պատերազմի Թուրքիայի դեմ, բայց բանակցությունների նստի Ադրբեջանի հետ: Եթե Ադրբեջանը դարձել է Թուրքիայի հերթական վիլայեթը (իսկ այս պատերազմը ցույց տվեց, որ հենց այդպես էլ կա` Ադրբեջանն այլևս անկախ ռազմաքաղաքական միավոր չէ), ժամանակը չէ՞ արդյոք, որ այդ վիլայեթն ընդհանրապես դուրս մղվի բանակցային գործընթացից, իսկ մենք ուղիղ բանակցություններ վարենք նրա «տիրոջ» հետ»:
Այդ «տեր» հորջորջվածի ոչ միայն երազանքն է, այլև անթաքույց ցանկությունն ու հնարավոր փորձերն այդ ուղղությամբ` դառնալ Մինսկի խմբի անդամ երկիր կամ որևէ կերպ ուղղակի առնչություն ունենալ արցախյան հակամարտության խնդիրը լուծելու գործընթացում: Իսկ ուղղակի բանակցություններ վարող կողմ դառնալու մանդատ տալ, սա պարզապես Նոր տարվա նվեր կլինի Թուրքիայի համար: Ինչպես լեզուն դուրս գցած աղվեսն է պտտվում շիլայով կաթսայի շուրջը` արանք փնտրելով դունչը մեջ խոթելու, այնպես էլ Թուրքիան է շարունակ պտտվում Արցախի խնդիրը վճռելու շուրջ: Հիմա ի՞նչ, շիլան սկուտեղի վրա մատուցում ենք աղվեսի՞ն: Եթե հոդվածը տպագրվում է հայալեզու մամուլում, բնականաբար, ներքին լսարանի համար է առաջին հերթին` հասարակությանը տրամադրելու, կարծիք ձևավորելու, նաև տեսակետ շրջանառության մեջ դնելու նպատակով, հարց է ծագում: Բայց ինչո՞ւ, հանուն ինչի՞, և ո՞րն է այստեղ տասնամյակների մեր պայքարի շահեկան հանգուցալուծումը:
Հոդվածագիրը փորձում է տրամաբանորեն զարգացնել միտքը` նշելով հավանական օրինակ, թե ժամանակին ադրբեջանցիներին հաջողվեց իրականացնել այդ հնարքը, այն է, որ հարձակվելով Արցախի վրա` հետագայում կարողացան Արցախին դուրս թողնել և բանակցել պաշտոնապես պատերազմի մեջ չգտնվող Հայաստանի հետ: Նաև այդպես աշխարհին ներկայացնելով, որ հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև է: Եվ այդ տրամաբանությամբ էլ պետք է Հայաստանը դուրս թողնի Ադրբեջանին բանակցություններից, քանի որ. «Հիմա այլևս որևէ կասկած չկա, որ սա պատերազմ է Հայաստանի և Թուրքիայի միջև, հետևաբար` բանակցություններն էլ պիտի այդ պետությունների միջև ընթանան: Իսկ Ադրբեջանը, եթե շատ է ցանկանում, կարող է ուղիղ բանակցությունների մեջ մտնել ԼՂՀ հետ: Կամ էլ բանակցությունները կարող են լինել քառակողմ»:
Պատերազմի հերթական փուլը դեռ չի ավարտվել, թեժ ու արյունալի հանգույցում է, և չգիտենք, թե ինչ թեժացումներ են սպասվում և մարտավարության ինչպիսի փոփոխություններ: Հոդվածագիրն ինքն էլ է նշում, որ հայկական բանակն ու մեկ միասնական բռունցք դարձած մեր ժողովուրդը դեռ շատ անելիքներ ունեն, որ հնարավոր է` ամեն ինչ նոր միայն սկսվում է, և հիմնական փորձությունները դեռ առջևում են: Հաղթանակի վստահությունը մեր ցանկությունն է, մեր ամուր ոգու կամքն է և հավատը, բայց չշտապենք` օր առաջ ընկնելով, դեռ ուրախ օրն ինքը կգա: Դրանից հետո է, որ հստակ կիմանանք մեր անելիքը, բանակցո՞ւմ ենք, թե՞ Արցախի անկախությունն ենք ճանաչում: Բայց, ինչպես մինչ այդ էինք անում` նախորդ 20-25 տարիների ընթացքում, պետք է ամեն կերպ բացառենք Թուրքիայի մոտենալն Արցախի հարցին, անգամ նրա հեռավոր հույս փայփայելը կտրուկ բացասենք: Ի՞նչ ենք բանակցելու Թուրքիայի հետ և ի՞նչ սպասելիք կարող ենք ունենալ ծավալապաշտական երկրից, որն ասում է, թե Նախիջևանը շրջափակված է, բնականաբար, նկատի ունի մեզ ու մեր կողմից, և անհագ ախորժակն է՝ Ադրբեջանը միացնել Թուրքիային Հայաստանի սրտի միջով: Իսկ քարտեզն է՝ այդպես գնալ ու գնալ դեպի մյուս երկրներ:
Նշեցինք, որ հարկ չկա տողատակ փնտրելու սույն խմբագրականում կամ այն տարընթերցելու` այս ու այն կերպ հասկանալու համար: Սակայն կա մի նրբություն, որը մտածելու կամ մտահոգվելու տեղիք է տալիս: Հոդվածի նախավերջին պարբերությունում, որը կարելի է համարել եզրահանգում, նշված է.
«Ընդ որում առարկայական բանակցությունները, որտեղ ընդգրկված կլինեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը տարածաշրջանում, Հայոց ցեղասպանությունն ու դրա հետևանքների պատասխանատվությունը, Ադրբեջանի որպես արհեստականորեն ձևավորված պետական կազմավորման գոյության իրավունքը, և այլն»: Նախ՝ խելքին մո՞տ ենք համարում, որ Թուրքիան բանակցի` տարածաշրջանում իր վարած ագրեսիվ քաղաքականությունը գոնե մասամբ ընդունելով, կամ համաձայնի ի լուր աշխարհի, որ Ադրբեջանն արհեստականորեն ձևավորված պետական կազմավորում է և գոյության իրավունք չպետք է ունենա: Դա միայն մի դեպքում, որ Ադրբեջանը Հայաստանի միջոցով միանա Թուրքիային, ինչն էլ մենք այսօր թույլ չենք տալիս և ուղղակի հօդս ենք ցնդեցնում` շնորհիվ մեր Պաշտպանության բանակի:
Ի վերջո, այդ հարցերի գլուխը քարը` ագրեսոր Թուրքիա, չեղարկվող Ադրբեջան… մենք դառնանք մեր բուն ցավին` Արցախի չարչրկված հիմնախնդրի լուծմանը: Եթե պատրաստ ենք փոխզիջման տարբերակին, այդ դեպքում ի՞նչ ենք զիջելու Թուրքիային՝ Արցախի անկախությունը ճանաչելու դիմաց: Եթե Ադրբեջանի հետ ընդհանուր հայտարարի ենք գալու` մի քանի շրջան զիջելով, ապա Թուրքիային դրանով չենք գայթակղի, քանի որ Ադրբեջանին տրամադրելու այդ տարածքները Թուրքիային բնավ չեն հուզում:
Մնում է Հայոց ցեղասպանության հարցը, որը որպես ոսկոր՝ մնացել է Թուրքիայի կոկորդում: Այլևս մոռանա՞նք Ցեղասպանության և Պատմական Հայաստանի մասին` չեղարկելով «Հիշում ենք և պահանջում»-ը:
Նկատի ունենալով, թե ում է պատկանում խմբագրականը հրապարակած օրաթերթը, դժվար չէ կռահել` ով կարող է լինել հեղինակը, կամ ում կողմից է ուղղորդված ու համաձայնեցված հրապարակված նյութը, հատկապես, որ սովորական թեմա չէ շոշափում: Բայց միամիտ լինենք այս հարցում, պատերազմ է: Ընդունենք, որ հոդվածագիրը մեկն է, ով իր ցանկությունն ու տեսակետն է արտահայտել ուղղակի ու ինքնակամ, առանց հետին մտքերի և ուղղորդման, երկար-բարակ մտածելու, պահ էր, եկավ ու անցավ: Պարզապես հորդորենք անհայտ հոդվածագրին, որ էլ չանես, չշարունակես, չի կարելի: Մոռացանք: